«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#190, 2003-10-18 | #191, 2003-10-21 | #192, 2003-10-22


ՀԱՅԵԼԻՆԵՐ, ՈՐ ՕԳՆՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՉԵԼ

Այսօր Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի կունենա «21-րդի հեռանկարներ» երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում կազմակերպված հերթական համերգը։ Այս անգամ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՖՆ) հետ ելույթ կունենա դաշնակահար Ֆրանսուա-Ժոել Տիոլիեն Ֆրանսիայից։ Նա ՀՖՆ-ի հետ առաջին անգամ է նվագում եւ ներկայացնելու է Կ. Դեբյուսի եւ Մ. Ռավել։ «Հետաքրքրությունը եւ դժվարությունն այն է, որ նվագախմբին դեռ ծանոթ չեմ, գործերն էլ բարդ են, դժվար է կատարելը», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մենակատարը։

Հայ երաժշտական տեղեկատվական կենտրոնը «21-րդի հեռանկարներ» միջազգային փառատոնը կազմակերպում էՙ 2000 թվականից։ «Միջազգային փառատոնն այն ձեւն է, որը մոտեցնում է ժողովուրդներին եւ արվեստներին, - ասաց փառատոնի կազմակերպիչ Ստեփան Ռոստոմյանը։ - Համաշխարհային մեծության աստղերին Հայաստան բերելովՙ ունենում ենք արդի իրականության հայելին, որի միջոցով կարողանում ենք ճանաչել մյուսներին եւ մեզ»։

Դաշնակահարը եւս հայ երաժշտությունը սիրել է ու սկսել է հետաքրքրվել դրանով։ «Բավականին ուշ հնարավորություն ունեցա ծանոթանալու հայկական երաժշտությանը, ասաց նա։ Կատարել եմ Բաբաջանյանի եւ խորհրդային ժամանակաշրջանի հայ այլ կոմպոզիտորների գործեր։ Ցավոք, դեռ Ա. Խաչատրյանի գործերից ոչ մեկը չեմ կատարել, բայց, ծանոթ լինելով նրա ստեղծագործությանը, կարող եմ ասել, որ երաժշտական իր լուծումներով աշխարհում գրեթե նմանը չունի։ Առանց դույզն-ինչ չարության ասում եմ, որ ժամանակակից կատարողական արվեստում շատերը գործում են ստերեոտիպների շրջանակներում։ ԱՄՆ-ում, առիթ ունենալով շփվել երաժշտական աշխարհի հայ ներկայացուցիչների հետ, կարող եմ ասել, որ նրանց գործը բավականաչափ տարբերվում է արդեն իսկ ընդունված ու քարացած մոտեցումներից»։

Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին։ Ըստ նրաՙ հայկական երաժշտության մեջ կա հստակ արտահայտված մի քանի գիծՙ ազգային, կրոնական թեմաներ, հովվերգական պատկերներ եւ ողբերգականություն, որը հիանալի արտահայտվում է հրաշալի գործիքիՙ դուդուկի միջոցով։ «Դուդուկը կարծես մարմնավորում է հայոց պատմության շնչառությունը», ասաց նա։

Ֆրանսուա-Ժոել Տիոլիեին չափազանց դուր է եկել Նորավանքի համալիրը։ «Երբ ոտքով բարձրանում էի եկեղեցի, այդ ողջ 8 կիլոմետրի ընթացքում ինձ թվում էր դրախտում եմ», տպավորված պատմում էր ֆրանսիացի դաշնակահարը։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4