Օրերս «Ազգի» խմբագրությունը Գերմանիայից էլ. փոստով ստացավ Արթին Աքյուզի նամակը։ Նամակագրի Արթին անունը, որը Հարությունի աղավաղված տարբերակն է, կասկած չի հարուցում, որ նա թուրքահայ է, մի քանի տասնյակ հազար հայերի հետ Թուրքիայից փոխադրվելով Գերմանիա, համալրել է վերջին տասնամյակներին ձեւավորված գերմանահայ համայնքի շարքերը։ Նամակից տեղեկանում ենք նաեւ, որ պրն Աքյուզը Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի անդամ է։
Նամակագիրը մեզ տեղեկացնում է. «Այլեւս հայկական հարց գոյություն չունի՞» թեմայով Ֆրանկֆուրտի ժողովուրդների տան դահլիճում կազմակերպվող միջոցառման մասին։ Դրա կազմակերպիչը Քննարկման ձախ պլատֆորմն է։ Ըստ երեւույթին այդ պլատֆորմը միավորել է Գերմանիայում գործող ինչպես հայկական, այնպես էլ թուրքական, քրդական, ասորական եւ այլ առաջադեմ կազմակերպություններին։
Թերեւս դրա վկայությունը միջոցառման համար ընտրված վերոհիշյալ թեման է։ Էլեկտրոնային նամակում այս կազմակերպությունների անունները չեն նշվում, հետեւաբար չգիտենքՙ բացի Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդից, ո՞ր կազմակերպություններն են մասնակցելու միջոցառմանը։ Պարզապես հայտնի է, որ միջոցառումը ներառում է «Այլեւս հայկական հարց գոյություն չունի՞» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրումը, Հայոց ցեղասպանության թեմայով Արթին Աքյուզի ելույթը եւ, ինչպես ենթադրելի է, ֆիլմի ու ելույթի քննարկումը։
Փաստավավերագրական ֆիլմը պատրաստել է գերմանացի հայտնի լրագրող Ռալֆ Ջորդանոն։ Նա ծնվել է Համբուրգում 1923 թ.։ Նրա հայրն իտալական ծագում ուներ, մայրըՙ հրեական, թերեւս այդ պատճառով էլ Գերմանիայում նացիստական կարգերի հաստատման հետ Ջորդանոն հեռացվել է դպրոցից։ Հետեւել են հետապնդումները, ձերբակալությունն ու խոշտանգումները։
Շնորհիվ համբուրգցի բարեսիրտ մի կնոջ, Ջորդանոների ընտանիքը փրկվել է համակենտրոնացման ճամբարում հայտնվելուց եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի ողջ ընթացքում թաքնված է եղել նկուղում։ Պատերազմի ավարտին Ռալֆ Ջորդանոն սկսել է զբաղվել ժուռնալիստիկայով, միաժամանակ փաստավավերագրական ֆիլմեր է պատրաստել եւ գրել է նացիստական Գերմանիայի պատմությանն ու ազգային փոքրամասնություններին առնչվող բազմաթիվ աշխատություններ։ Ջորդանոն բնակվում է Քյոլնում եւ իր աշխատությունների համար արժանացել է բազմաթիվ մրցանակների։
Ռալֆ Ջորդանոյի աշխատությունների մեջ մեզ, ինչ խոսք, հետաքրքրում է «Այլեւս հայկական հարց գոյություն չունի՞» փաստավավերագրական ֆիլմը։ 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող այս ֆիլմը 2 տարվա աշխատանքի արդյունքն է։ Այն 1980-ական թթ. լայն արձագանք է գտել Գերմանիայում, իսկ 1986-ին ցուցադրվել է գերմանական WDR հեռուստատեսությամբ։
Հայոց ցեղասպանության եւ հայ ժողովրդի նկատմամբ երիտթուրքերի չարագործությունների թեմայով նկարահանված այս ֆիլմի ցուցադրումը գերմանական հեռուստատեսությամբ բախվել է ինչպես Թուրքիայի Հանրապետության, այնպես էլ նրան ենթակա թուրքական կառույցների բուռն հակազդեցությանը։ Դրա հետեւանքով Ռալֆ Ջորդանոն բազմիցս ահաբեկվել է մահվան սպառնալիքով։
Ֆիլմի ցուցադրությանը հետեւելու է Արթին Աքյուզի ելույթը, որի ընթացքում նա ներկաներին լրացուցիչ տեղեկություններ է հաղորդելու Հայոց ցեղասպանության մասինՙ գլխավորապես անդրադառնալով այն պատասխանատվությանը, որը մի ամբողջ ժողովրդի ոչնչացման համար կրում են Թուրքիայի Հանրապետությունն ու թուրքերը։
Հ. Չ.