«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2003-10-22 | #193, 2003-10-23 | #194, 2003-10-24


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՎՐԱՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրախորհուրդ մտնելու պայմաններից հաջորդը սոցիալական ոլորտում եվրոպական օրենքների ընդունումն է։ Վերանայված եվրոպական խարտիան Եվրոպայի խորհրդի սոցիալական հիմնարար փաստաթղթերից է, որ մարդու սոցիալական, տնտեսական, քաղաքական ու իրավական իրավունքների փոխկապակցված միաձուլում է։ 2 տարի առաջՙ 2001 թ. հոկտեմբերի 18-ին Հայաստանը ստորագրեց վերանայված եվրոպական սոցիալական խարտիանՙ իր երկրի քաղաքացիների տնտեսական ու սոցիալական վիճակը բարելավելու նաեւ եվրոպական հարկադրանքին հնազանդվելով։ Նախատեսվում է, որ սոցիալական այս կարեւոր փաստաթուղթը մեր Ազգային ժողովը կվավերացնի հունվարին։

«Կոնգրես» հյուրանոցում սոցիալական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաները երեկ, Եվրոպայի խորհրդի եւ եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ Ժան Վանդելուկի եւ տիկին Քոլոնայ-Լեհոզկինի հետ մանրակրկիտ քննարկեցին «Վերանայված սոցիալական խարտիայի» դրույթները։ Սոցապնախարարը տեղեկացրեց, որ նախարարությունում հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել, որն ուսումնասիրել է խարտիայի հոդվածները, ՀՀ օրենսդրության մեջ դրանց ներկայության աստիճանը։ Վավերացման համար ընտրվել են այն հոդվածները, որոնք արդեն կան մեր օրենքներում կամ դրանց համապատասխանեցումը պահանջում է որոշակի փոփոխություններ ՀՀ օրենսդրությունում։

Փորձագետների համոզմամբ, Հայաստանը կարող է եւ պետք է վավերացնի խարտիայի 14 հոդվածներ եւ բազմաթիվ կետեր, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 67 դրույթ։ Ի դեպ, տկն Քոլոնայ-Լեհոզկին նկատեց, որ վավերացման համար 63 կետն էլ բավական էր (նվազագույն սանդղակը դա է)։

Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության պատրաստակամություն հայտնելով, խարտիայի վերանայված տարբերակը եւս վավերացնելով, Հայաստանը հայտնվում է այն 45 երկրների շարքում, որոնք արդեն ստորագրել են այն։ Խարտիան բարձրագույն արժեքներ է նշում սոցիալական քաղաքականության ասպարեզում եւ Ժան Վանդելուկի որակմամբՙ մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նմանակն է սոցիալական իրավունքների ոլորտում։

Մարդու սոցիալական իրավունքը նախ եւ առաջ նրա ազատության եւ բարեկեցիկ ապրելու իրավունքն է։ Այդ իրավունքի պաշտպանությունը, ցավոք, որեւէ խարտիայի կամ կոնվենցիայի բարի ցանկություններից չի կախված, այլ ընդամենը պետությանՙ դրանք իրականացնելու կարողությունից ու հնարավորությունից։

Եվ մեր երկիրը, ինչքան էլ կամենանք մենք եւ օտարները, դեռ ի վիճակի չէ իրականացնելու նաեւ այս խարտիայի վերանայված տարբերակով իրեն վերապահված սոցիալական բարձր պարտավորությունները։

Եվրոպական խարտիան մարդու իրավունքների պաշտպանություն է երաշխավորում ամենատարբեր ոլորտներում եւ ամենաբարձր մակարդակով, որոնցից գլխավորները հիշատակեցին իրենքՙ Եվրախորհրդի եւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները։ Խարտիայի բարի հեքիաթի տողերը կառուցում են կատարյալ երկրի մի պատկեր, ուր մարդը պիտի ապահովված լինի իր ընտանիքի կարիքներին համարժեք բնակարանով, ում մատչելի պիտի լինեն բուժծառայությունները, հեշտությամբ պիտի օգտվի սոցիալական ծառայություններից, հարկադիր աշխատանքը պիտի բացառվի, եւ մարդն իր աշխատավայրում շահագործման չպիտի ենթարկվի։ Մի խոսքով, եվրոպական խարտիան երաշխավորում է մեր բնակարանով ապահովվածության, առողջության, զբաղվածության եւ նույն կարգի նման բազում իրավունքներ։ Ժան Վանդելուկը մասնակիցներին կոչ արեց հնարավորինս մարսել ու կորզել այն ամենը, ինչ ընձեռում է խարտիան սեփական շահերը պաշտպանելու համար։

Մի փոքր անհասկանալի էր, այնուամենայնիվ, քննարկմանը մասնակից նախարարությունների ու այլ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների, արդյունաբերողների եւ գործարարների միության, դատական համակարգի ներկայացուցիչների խանդավառությունը։ Զանազան խարտիաներ ու կոնվենցիաներ վավերացնելով ու դրանց անդամը դառնալով, մենք ավելի եվրոպացի չենք դառնում, ու մեր կյանքում առայժմ որեւէ լուրջ փոփոխություն չի գրանցվում։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4