Թուրքական «Զաման» թերթի հոկտեմբերի 20-ի համարում լրագրող Ահմեդ Դինկը գրում է, որ թուրքական երեք պետական գերատեսչություններՙ գլխավոր շտաբը, ազգային հետախուզական կազմակերպությունը եւ անվտանգության մարմինը համատեղ զեկուցագիր են պատրաստել Թուրքիայի հարավարեւելյան մասում գործող արտասահմանցի գործակալների մասինՙ նշելով նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը եւ այն երկիրը, որին ծառայում են։ Այդ զեկուցագրի համաձայն, որն այս ամսվա վերջում քննության է դրվելու անվտանգության խորհրդում, 13 օտար գործակալներ արտաքսվել են երկրից անցնող 3 ամիսների ընթացքում։ Դարձյալ, ըստ զեկուցագրի, մոտ 3000 ամերիկացի, ռուս, բրիտանացի, գերմանացի, հույն, հրեա, եգիպտացի, բելգիացի, շվեդ, իրանցի եւ հայ գործակալներ աշխատում են Անատոլիայի արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում հիմնականում որպես հնէաբաններ, սոցիոլոգներ, քաղաքացիական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ, լրագրողներ եւ գրողներ։ Նրանք մեծ մասամբ տեղավորված են Դիարբեքիրում ու Մարդինում եւ, զեկուցագրի տվյալներով, պաշտպանում են քրդական խմբավորումներին։ Նրանց թիվն այս տարվա առաջին 6 ամսում մոտավորապես կրկնապատկվել է։ Անցյալ տարի դիվանագետի անվան տակ 55 գործակալ էր աշխատում Դիարբեքիրում, այս տարի նրանց թիվը հասել է 105-ի։ Երկրորդ եւ երրորդ գրավիչ կենտրոնները Մարդինն ու Բատմանն են, որոնցից Մարդինում անցյալ տարվա 36 դիվանագետների փոխարեն այս տարի աշխատում են 41-ը։