Ռուդոլֆ Փերինա. «Մենք փորձում ենք անջատողական առաջնորդներին համոզել, որ միջազգային հանրությունը նրանց երբեք չի ճանաչի անկախ պետություններ»
Անկախ ազգությունից, մաշկի գույնից, սեռիցՙ ոչ ոք կասկածի տակ չի դնում փախստականի տառապանքը։ Ամեն մի փախստականի կամ տեղահանվածի կյանքը ողբերգություն է։
Փախստականներ ունեցող պետությունները երբեմն մարդկանց ողբերգությունը ծառայեցնում են իրենց քաղաքական նպատակներին։ Ադրբեջանը, որը տարբեր մակարդակներով շարունակում է հակահայ քարոզարշավըՙ սկսած նախագահ Իլհամ Ալիեւից մինչեւ շարքային լրագրողը, տասը տարի շարունակ փորձում է միջազգային հանրությանը համոզել, թե երկիրն ունի ավելի քան 1 մլն փախստական եւ տեղահանված։
ՄԱԿ-ի տվյալներով, Ադրբեջանն ունի մոտ 750 հազար փախստական եւ տեղահանված, Հայաստանըՙ 310 հազար։
Վաշինգտոնում գտնվող Ամերիկայի հայկական համագումար (ԱՀՀ) կազմակերպությունն «Ազգին» տրամադրել է 30 համակարգչային էջանոց մի հաղորդագրություն, որն Ադրբեջանի փախստականների եւ տեղահանվածների մասին ուշադրության արժանի տեղեկություններ է պարունակում։
2002 թ. մայիսի 6-7-ն ԱՄՆ պետքարտուղարությունն Ազգային հետախուզության խորհրդի հետ կազմակերպել էր կոնֆերանս, որի ընթացքում ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ռուդոլֆ Փերինան, Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հանձնակատար Մարկ Սփրլինգը, այլ պաշտոնատարներ եւ փորձագետներ։
«Ադրբեջանում փախստականների միայն 10 տոկոսն է ապրում վրաններում, մյուսներն ապրում են քաղաքային եւ մերձքաղաքային վայրերում», իր ելույթում նշել է Սփրլինգը։
Թե ում բնակարաններում են ապրում փախստականները, Սփրլինգը չի նշում։ Մեր կողմից հավելենք, որ Ադրբեջանից քշված հայ փախստականներն այնտեղ թողել են ավելի քան 67 հազար բնակարան, որը բավարար է առնվազն 400 հազար ադրբեջանցի փախստականներին բնակարաններով ապահովելու համար։
«Շատ դիտորդներ եզրակացրել են, որ Ադրբեջանի կառավարությունը հավանություն չի տալիս փախստականների ինտեգրացմանն ադրբեջանական հասարակությանը, որովհետեւ իշխանությունն օգտագործում է ճամբարներըՙ հիշեցնելու, որ հակամարտությունը կարգավորված չէ եւ ադրբեջանական տարածքներն օկուպացված են», ասել է Սփրլինգը։
«Հայերը, հիմք ընդունելով իրենց անհանգիստ պատմությունը, եկել են եզրակացության, որ չեն կարող ադրբեջանցիների հետ ապրել մի տարածքում, որը կվերահսկի Ադրբեջանը, եւ, հետեւաբար, նրանց դիրքորոշումը կարծր է։ Հակամարտության դժվարություններից մեկն այն է, որ կողմերը կարծում են, թե ժամանակն աշխատում է հենց իրենց օգտին, ինչը երկու դեպքում էլ մոլորություն է», ասել է Սփրլինգը։
Ռուդոլֆ Փերինան իր ելույթում նշել է, որ տարբեր փուլերում կողմերը շատ մոտ են եղել ԼՂ հակամարտության կարգավորմանը։
«Շատ առաջարկներ մերժել է հակամարտող կողմերից մեկը կամ մյուսը։ Քի Վեսթից հետո կար հիասթափություն, որոշ մարդիկ եզրակացրին, թե բանակցային գործընթացը մահացած է։ Դեռեւս երկու կողմերն անհավատալիորեն մոտ են կարգավորմանը։ Սկզբունքային հարցերը որոշվել են, եւ այն, ինչ մնացել է, տեխնիկական տարաձայնություններ են», ասել է Փերինան։
«Երբ մենք փորձում ենք անջատողական առաջնորդներին համոզել, որ միջազգային հանրությունը երբեք չի ճանաչելու նրանց անկախ պետությունները, նրանք մնում են թերահավատ, որ «պատմական պատուհանը» փակվել է», ասել է Փերինան։
Ղարաբաղյան եւ եվրասիական հակամարտությունների հատուկ բանագնաց Փերինան նշել է, որ ԼՂ կարգավորման որեւէ նոր առաջարկ լինելու է հին առաջարկությունների սրբագրված տարբերակը։
«Երկու պետությունները (Հայաստանը եւ Ադրբեջանը) 2003 թ. անցկացնելու են ընտրություններ, եւ սա բացում է հնարավորությունների պատուհանը», ասել եր Փերինան։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի
Հ. Գ. Հայաստանում եւ Ադրբեջանում նախագահական ընտրություններն ավարտված են, եւ երկու դեպքում էլ ԱՄՆ-ը դրանք որակել է ոչ ժողովրդավարական։ Սա կարող է նշանակել, որ Վաշինգտոնը ԼՂ կարգավորման բանակցություններում հնարավորություն է ստանում առավել լուրջ ճնշումներ բանեցնելու ե՛ւ Ռոբերտ Քոչարյանի, ե՛ւ Իլհամ Ալիեւի վրա։
Եվ եթե իրական է Ռ. Փերինայի կանխատեսումը, որ աշխարհը երբեք չի ճանաչի ԼՂ անկախությունը, ապա ի՞նչ ձեւով պետք է տեղի ունենա դե ֆակտո անկախ հանրապետության «ինտեգրումն» Ալիեւների դինաստիայի երկրին։