«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#192, 2003-10-22 | #193, 2003-10-23 | #194, 2003-10-24


ՑՈՒՅՑ, ՈՐ ՔՉԵՐԻՆ ԷՐ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ

Երեկ Ինքնորոշում միավորումը ցույց էր հրավիրել Հանրապետության հրապարակում, ավելի ճիշտՙ ցույցն այնտեղ կազմակերպելու դիմում էր ներկայացրել Երեւանի քաղաքապետարանին։ Մի քանի օր առաջ քաղաքապետարանը թույլատրել էր, սակայնՙ Մատենադարանի շենքի մոտ։ Ինչեւէ, թե՛ Հանրապետության հրապարակում, թե՛ Մատենադարանի մոտ հավաքվածների թվից կարելի էր ենթադրել, որ հրապարակ հանված թեմանՙ ազատվել երբեւէ օտար պետության գաղտնի ծառայությունների համակարգ ընդգրկված մարդկանցից (խոսքը վերաբերում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանին) եւ հայաստանյան վարչախմբից, այս դեպքում քչերին էր հետաքրքրում։ Ժողովրդի սակավության վերաբերյալ կար նաեւ երկրորդ վարկածըՙ աշխատանքային օր է, մարդիկ զբաղված են։

15 րոպե տեւած միջոցառման ընթացքում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանն ասաց. «Համոզված եմՙ ձեզանից յուրաքանչյուրը ցանկանում է, որ Հայաստանում ոչ մի լրտես պետական պաշտոնի չլինի։ Դա բոլորիս կամքն է, համամարդկային իրավունք։ Այսօր դրվեց այս խարանը, դրանով համարում ենք մեր ակցիան կատարված։ Մենք այս աշխատանքային օրը, աշխատանքային ժամին որեւէ մեծ միջոցառում չէինք ծրագրում»։

Անցորդներից մեկն էլ, որ վերցրել էր Պ. Հայրիկյանի հայտարարության տեքստը, ափսոսանքով ասաց. «Գոնե մի կողմը մաքուր լիներ, բան գրեի»։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4