Ոչ սովորական զրույց ոչ սովորական մարդու հետ
Մեր այս զրույցը, կարծում ենք, կունենա տարբեր ընկալումներ եւ արձագանքներ։ Սակայն սովորականից ավելի տարբեր կլինի, որովհետեւ զրուցակիցս էլ սովորականից ավելի տարբեր է։ Նախ եւ առաջՙ իր ընտրած կենսակերպով, հասարակությունից բացահայտորեն առանձնացած վիճակով, անփույթ, թափթփված արտաքինով։ Մտավորական (գրողական) միջավայրում բոլորին ծանոթ անուն է Վարուժան Նալբանդյանըՙ գրող, թարգմանիչ, հրապարակագիր։ Ապրում է մենակ, հասարակական վայրերում երեւում է մենակ, որեւէ գրական կամ ոչ գրական խմբի չի հարում, ընկերներ, բարեկամներ, մտերիմներ կարծես թե չունի, ասես անտիկ դարաշրջանի փիլիսոփաների հեռավոր շառավիղը լինի։ Չհամակերպվող ժամանակին, սկզբունքորեն ընդվզող, իր ներքին ճշմարտությանը եւ իր ընտրած աշխարհիկ կեցությանը հավատարիմ, սոսկալիորեն անփույթ արտաքին իրերի ու երեւույթների հանդեպ։ Գուցե իր այս կեցվածքը մարտահրավե՞ր է ժամանակի հասարակությանը, գուցե արհամարհանք քաղաքակրթությա՞նը, կամ գուցե ատելությո՞ւն։
¬ Դրանցից գուցե ոչ մեկն է։ Խնդիրն այն է, որ ես հարկադրական վիճակի մեջ եմ անձնական կյանքի կազմակերպման տեսակետից։ Հանգամանքների բերումով մնացել եմ մենակ եւ ինձ համար այնքան էլ հեշտ չէ զբաղվել այդ գործերով։ Բայց ձեր ասածի մեջ կա մի ճշմարտություն. ես եւ հասարակությունը փոխադարձ ճիշտ վերաբերմունքի մեջ ենք։ Մենք փոխադարձում ենք իրար այն, ինչ տալիս ենք միմյանց։ Այսինքնՙ հասարակությունն իմ նկատմամբ չի ցուցաբերել այն վերաբերմունքը, որ, այնուամենայնիվ, իմ ինտելեկտը պիտի արժանանար. ես իմ հերթին հասարակությանը տալիս եմ այն, ինչ գրողական առումով կարող է դուր չգալ իրեն։ Ես չեմ կարող շողոքորթել հասարակությանը. պարզապես ցույց եմ տալիս, որ հանդուրժում եմ նրան, նույնն ակնկալելով նրանից։
- Որո՞նք են այդ փոխադարձ «մերժումների» պատճառները, երբեւէ փորձե՞լ եք ճշտել։
¬ Այն, որ ես հասարակության կողմից մարսվելու էլեմենտ չեմ, գալիս է նրանից, որ ես հայտնաբերեցի, թե ում վերամարմնավորումն եմ։
Վարուժան Նալբանդյանն այն քչերից է, որոնք լրջորեն են վերաբերում վերամարմնավորման տեսությանը։
¬ Ես հայտնաբերեցի դա 2 տարի առաջ։ XIX դ. ֆրանսիացի բանաստեղծ էՙ Ժերար դը Ներվալի, որ 47 տարեկանում ինքնասպան եղավ, կախվեց։ Երբ սկսեցի ուսումնասիրել, նկատեցի, որ բացարձակ նմանություններ կան եւ գրական նախասիրությունների, եւ ոճերի, կենսագրական մանրամասների, ճակատագրական դիպվածների միջեւ ։ Ըստ Ագնի Յոգայի, ով ինքնասպան է լինում, վերամարմնավորվում է ավելի ցածր մակարդակներում եւ նույն ճակատագիրը նորից վերապրում է։ Ես հիմա չգիտեմՙ նախկին մեղքերն եմ քավում, թե ունեմ մեկ այլ առաքելություն։
- Այնուամենայնիվ, XVIII դարի ֆրանսիացի բանաստեղծի վերամարմնավորումը կապ չունի ձեր ընտրած կենսակերպի հետ։
¬ Ես առանձնանում եմ ոչ այնքան կամովին, ինձ համար հաճելի չէ գտնվել անընդհատ հակամարտության մեջ։ Գրողների միությունում միշտ տարբեր խմբակցություններ եղել են, ինտելեկտուալների խումբ, որ Ալ. Թոփչյանի շուրջն էին, կար խումբՙ լյումպեն գարշագրության արտահայտությամբ, դասական-ավանդական գրականության հարողներ։ Մեկը մյուսին չէր սիրում։
- Դուք որի՞ն եք հարում։
¬ Ոչ մեկին։ Ամեն խումբ իր մեջ ունի այնպիսի գծեր, որ անհարիր են ինձ։ Ու բոլորն ինձ հետ լավ չեն։
Իմ խորին համոզմամբ, հասարակությունը շարժվելու եւ լինելու է այնպիսին, ինչպիսին կա։ Շատ քչերն են պոկվելու նրա մտայնությունից, նրա չափանիշից, նրա ստեղծած ընդհանուր մթնոլորտից։ Անհատներն առանձնանում են միշտ էլ։ Ես գտնում եմ, որ եթե մեծամասնությունն իրավացի լիներ, ապա մենք քարայրներում պիտի լինեինք դեռ։
Գրողի վիճակն ամենափայլուն ձեւով տվել է հնդիկ բանաստեղծը. «Ինչ էլ որ գրեմ, իզուր է, բայց չգրելը հանցանք պիտի լինի»։
Եղել են ժամանակներ, երբ փորձել եմ ապրել ինչպես մյուսները, նկատի ունեմ սոցռեալիզմի ամենածանր տարիները։ Նույնիսկ այն մարդիկ, որ ահավոր կոմֆորմիստներ էին, երբ գրում էի կոմֆորմիզմին լրիվ անձնատուր եղած գործեր, ասում էին. «Չէ, Վարուժան, դու պետք է գրես այնպես, ինչպես դու ես գրում»։ Եթե ես որեւէ սխալ բան եմ գրում, 15 օր գրիչ չեմ կարողանում վերցնել։ Սա չեմ անում հանուն գաղափարի, հանուն պայքարի, այլ պարզապես չի լինում։
- Ամեն ինչ «արվում է» ձեզ հասարակության հետ անհաշտ պահելու համար։
¬ Հասարակության մեջ շատ բան կեղծ է, պսեվդոընդդիմություն են խաղում ամենքը։ Ես դուրս եմ խաղից, անկախությունից առաջ եւ դրանից հետո էլ նույնն եմ։ Երբ տեսնում են, որ այս մարդն այս հասակում 22 տարեկանի հանդգնությամբ է մտնում խաղի մեջ, չեն կարողանում հանդուրժել։ Նմանների նկատմամբ ներողամիտ չեն կարողանում լինել. «Եթե այդպես կարելի է, բա ինչի ենք մենք այսքան ծռում ողնաշարներս, հը՞», մտածում են։
- Հասարակության մեջ ընդունված նորմերին «անհնազանդ եք», իսկ ո՞րն է հայ գրականության մեջ ձեր դերակատարումը եւ առհասարակ ինչպե՞ս եք ստեղծագործում։
¬ Ես հայ գրականության մեջ ֆրանսիական գրականության ավանդույթներն եմ ներմուծում։ Իմ աֆորիզմների մեջ ֆրանսիական մտածելակերպի պարադոքսն եմ մտցնում, որը կրկնություն չէ բնավ։ Ես գրում եմՙ կինը քողարկվում է, երբ մերկանում է, սա ֆրանսիական մտածելակերպ է իր էությամբ, թեեւ որեւէ տեղ ասված չէ։
Անընդհատ ստեղծագործության մեջ եմ, միտքս անընդհատ շարժվում է, նորմալ աշխատանքային ֆորմա չունեմ։ Աֆորիզմները գրում ու կուտակում եմ, ապա կոլաժ եմ անում։ Ինչպե՞ս եմ անում։ Մեկը մի շաբլոն միտք է արտահայտում, ես դա շուռ եմ տալիս եւ ավելի սուր ձեւով եմ արտահայտում իր միտքըՙ անմեղ հումորից մինչեւ սարկազմ, երբեմն լկտիության աստիճանի։
Եգիպտոսումՙ 1929 թ. է ծնվել Վարուժան Նալբանդյանը, .... 1947-ին Եգիպտոսից մենակ ներգաղթել է Բաթումով Հայաստան։ Ավարտել է մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետը։ 2 տարի ուսուցչություն է արել։ Կանոնավոր աշխատանքային կենսագրություն չունի։ Հայպետհրատում սրբագրիչ է աշխատել։ «Գրական աշխատող եւ խմբագիր ինձ չէին դարձնի, որովհետեւ նրանք պետք է ենթարկվեին համապատասխան նորմերի»։ Գրել է պիեսներ, էսսեներ, հեքիաթներ, ֆրանսերենից կատարել է թարգմանություններ։ Դժվարությամբ է տպագրվել, պիեսները չեն բեմադրվել։ Թարգմանել է ավելի հաճախ ըստ նախասիրությունների (Սարտր, Իոնեսկո, Պոլ Վալերի), երբեմն էլՙ պատվերով։ «Թարգմանությունները հեշտ էին տպում, որպեսզի իմ անունը դուրս գա իբրեւ թարգմանիչ, բայց ոչ որպես գրող»։ Բանաստեղծական փորձեր նույնպես արել է, գրել է ֆրանսերենով, հետո պատռել է, որովհետեւ գտնում է, որ «բանաստեղծությունն աննորմալ երեւույթ է։ Մարդը չափածո չի հուզվում, չափածո չի խոսում, չափածո չի ընկալում»։
- Ի՞նչ սխալ կա առհասարակ եւ ինչպե՞ս պետք է ուղղել այն։
¬ Սխալ չկա։ Աշխարհում ինչ էլ կատարվում է, որ մեր հասկացողությամբ սխալ է, համաշխարհային կոկտեյլի մեջ իր դերն ունի։ Նույնիսկ մուրացիկը, որ ոչինչ բացարձակապես չի անում, ինքը շարժման մեջ է դնում հասարակության վերաբերմունքը եւ շարժման մեջ է դնում ակամա։ Ամենը, ինչ կատարվում է, ունի իր վերին իմաստը։ Ամենաչարագործ մարդն իմ վերաբերմունքն առաջացնելով, ծնում է ինձ մոտ բարություն անելու մղում, մեկ ուրիշի մեջՙ իրեն նմանակելու ռեֆլեքս, այսինքնՙ խաղի մեջ է մտնում ազատ կամքի նախընտրությամբ։ Մի հետաքրքրական վիճակում է հասարակությունը։ Նա նման է տիեզերքի։ Տիեզերքը կարծես քաոս լինի, հասարակությունն էլ առաջին հայացքից այդպիսին է։ Բայց այդ ամբողջն ունի մի ներքին կազմակերպվածություն, շարժվում է հատուկ մի մոդելով։
- Ինչո՞ւ եք այդքան անհաղորդ կյանքի վայելքներին։
¬ Ես մարդ եմ, եւ ինձ խորթ չեն կյանքի վայելքները։ Սակայն դրա համար ես պիտի անեմ այն, ինչ կպարտադրեն ինձ։ Դրանց համար ես չեմ ուզում վճարել պահանջվող գինը։
- Ինչպե՞ս եւ ե՞րբ հասկացաք, թե դուք Ժերար դը Ներվալի վերամարմնավորումն եք։
- Ռեինկարնացիայի հայտնությունը տրվում է ըստ արժանիքների։ Եթե ես ինձ չպահեի այնպես, ինչպես նախախնամությունն է պահանջում, ինձ չէր տրվի այդ իմացությունը։
- Ինչպե՞ս եք բացատրում մեղքի եւ մահվան փոխհարաբերությունները։
¬ Մեղքը շատ որոշակի է։ Մարդը գալիս է աշխարհ իր մեղքը քավելու։ Բայց կամ քավում է, կամՙ ոչ։ Շատ քչերը կան, որ բարձրանալուց հետո կարողանում են ազատագրվել մեղքից, կա՛մ ռեինկարնացիայի ավելի ցածր մակարդակներում են հայտնվում, կա՛մ ընկնում են պայծառակերպման մեջ։
- Քրիստոնյա՞ եք։
- Հա, քրիստոնյա եմ, դա կապ չունի։ Ես բոլոր կրոնների սինթեզի կողմնակիցն եմ։ Բոլոր կրոնները պիտի հարգանք ունենան իրար նկատմամբ, այդ տեսակետից ես ռամակրիշնայական եմ։ Հնդկաստանում մի տաճար կա, որտեղ տարբեր կրոնների հետեւորդներ են այցելում։ Հիմնվում են ավելի ընդհանրությունների, քան տարբերությունների վրա։ «Գարունում» հրապարակվել է «Քրիստոնեությունը եւ կրիշնայականությունը» իմ հոդվածը, զուգահեռներն այնքան են համընկնում, որ ասելու չէ։ Բոլորի Աստվածը նույնն է։ Մարդու գերնպատակն ինքն իրեն կատարելագործելովՙ բարելավելն է իր հաջորդ կարման։ Նարեկացին, որ սուրբ էր, զգում էր, որ իր մտքով լավ բաներ չեն անցնում եւ ինքը դրա համար հատուցելու է։
- Իսկ ինչպե՞ս է կարելի մաքրել մտային վիճակը։
¬ Դրա համար գոյություն ունեն մտքի կասեցման ե՛ւ հինդուիստական, ե՛ւ քրիստոնեական ձեւերը։ Քրիստոնեականըՙ այնքան ես աղոթում, ընկնում ես էքստազի մեջ։ Երբ մարմնից ներքնապես ազատագրվում ես, կարողանում ես բանականությամբ վերահսկել եւ փոխել վեգետատիվ նյարդային համակարգդ։ Սրբերի պատմությունն ահավասիկ։ Իրենց այրում էին, բայց ցավ չէին զգում։
Մահ առհասարակ գոյություն չունի։ Մահից հետո անցնում ես եթերային նուրբ աշխարհ, այստեղ դու ունենում ես ճակատագիր, ինչին արժանի էիր մինչեւ վերամարմնավորվելը։
- Իսկ ե՞րբ ես վերամարմնավորվում։
¬ Երբ ցանկանում ես։ Վերամարմնավորվում ես ըստ քո վերջին ցանկության։ Մահվան ժամանակ էներգիաները պակասում են, եւ վերջին պահին անում ես մեխանիկորեն այն, ինչ ողջ կյանքի ընթացքում ես արել։ Ըստ վախճանաբանության տեսության, դու պատրաստվում ես քո վախճանին, որպեսզի սխալ չմեռնես։ Յուրաքանչյուր մարդու համար ամենակարեւորն իր սխալ չմեռնելու վիճակը ստեղծելն է։ Ամենաբախտավոր մարդը նա է, ով մեռնում է մի պահի, երբ ինքը թեկուզ պատահաբար, մաքուր է այդ պահին։ Մեռնելը հեշտ է, դժվար է ճիշտ մեռնելը։ Թալեյրանի նման խելոք, իմաստուն մարդը մահվան մահճում կաշառք է վերցրել, որովհետեւ ամբողջ կյանքում դա է արել։
- Ունե՞ք արդյոք սիրելի վայր կամ սիրելի մեկին։
- Ոչ, ես նույնիսկ ինքս ինձ չեմ սիրում։ Ես ոչնչություն եմ, սակայն մե՛ծ ոչնչություն։
- Հավատում եք ռեինկարնացիային, գիտակցաբար ընտրել եք ապրելու այս ձեւը։ Անշուշտ, գիտեք, որ հոգեւոր բարեշրջման միջոցով կատարելագործման ձգտողը պետք է ատելություն չունենա։
- Դա իմ սխալն է։ Ես ուզում եմ սիրել, բայց անում են ամեն ինչ, որ չսիրեմ։ Ամեն ինչ շրջապատում ուղղված է սիրո, սիրելու ձգտման դեմ։ Այսքան ինտելեկտով պիտի կորչեմ, որովհետեւ չեմ կարող սիրել։ Իմ մեջ գործում է նախկին մի ռեֆլեքս, որ իմ ծննդի հետ է եկել, հետո նոր քրիստոնեական գաղափարախոսությունն էՙ ներել, սիրել մերձավորին։ Արմատականը շատ ավելի ուժեղ է մեջս։ Հաղթահարել փորձում եմ։ Առաջ եթե հաղթահարում էի դժվարությամբ, հիմա ավելի կարճվեց ժամանակը։ Ներելը սկիզբն է, կարեւորը, երբ քեն չես պահում։ Ինչո՞ւ է ասվածՙ սիրիր թշնամիներիդ, որովհետեւ թշնամին այնքան ծանր կարմա է նախապատրաստում, որ ինքն էլ կսարսափի հետեւանքներից, եթե իմանա։ Եթե կարողանում ես կենտրոնանալ սիրո մեջ առ Հիսուս, փրկված ես, բայց ես ֆրանսիական ռացիոնալիստական շկոլայով եմ դաստիարակված, մտածելով եմ գործում։
Բայց, այնուամենայնիվ, երբ դու մաքուր ես լինում, այդ պահին քեզ անակնկալ ձեւով տրվում է պատահարը, որը քեզ փրկելու է...
Զրույցը վարեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ