Շախմատի Եվրոպայի առաջնությունում հայ շախմատիստուհիների աննախադեպ հաջողությունը մեծ խանդավառությամբ ընդունվեց Հայաստանում։ Ուրախալի է, որ մեր աղջիկների մարզական սխրանքն ըստ արժանվույն է գնահատվում։ Առաջիններից մեկը «Գրանդ» հոլդինգի նախագահ, հայտնի գործարար, բարեգործ Հրանտ Վարդանյանն էր, որի նախաձեռնությամբ «Գրանդ սան» հոլդինգի մշակույթի տան դահլիճում երեկ Եվրոպայի չեմպիոնուհիների մեծարման գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել։ Ողջունելով ներկաներին, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանն իր շնորհակալությունը հայտնեց Հրանտ Վարդանյանին միջոցառման կազմակերպման համար, նշելով, որ Տիգրան Պետրոսյանիՙ աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալուց 40 տարի անց հայկական շախմատը մի նոր նվաճման հասավ։
Իհարկե, եղել են նշանակալից հաջողություններ, սակայն դրանք կապված են եղել տղամարդկանց ելույթների հետ։ Իսկ ահա կանանց շախմատում սա ամենամեծ նվաճումն է։ Վանիկ Զաքարյանը նաեւ նշեց, որ շատերը միշտ երազել են, որ հայ շախմատիստուհիները գերազանցեն վրացուհիներին։ Եվ ահա Պլովդիվում դա նրանց հաջողվեց, չնայած վրացուհիները վերջին տուրում միտումնավոր զիջեցին հունգարուհիներին (0-2), որպեսզի մեր հավաքականին զրկեն ոսկե մեդալներից։ Ֆեդերացիայի նախագահը ճիշտ նկատեց, որ շախմատը թերեւս միակ մարզաձեւն է, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում պահպանել է իր դիրքերը, իսկ մեր շախմատիստուհիների այս հաջողությունն ամենամեծ նվաճումն է մյուս մարզաձեւերի մարզուհիների ցույց տված արդյունքների համեմատ։ Նա հաջողությունում շատ կարեւորեց մարզչիՙ Արսեն Եղիազարյանի ներդրումը, նշելով, որ կին գրոսմայստերների հետ աշխատելը շատ ավելի դժվար է։
Այնուհետեւ շախմատիստուհիներին ողջունեց Հրանտ Վարդանյանը, որը մասնավորապես ասաց. «Շնորհավորում եմ մեր սիրելի հերոսուհիներին, որոնք այսօր մեր ժողովրդին ազգային տոն պարգեւեցին։ Ազգային առաջին տոնախմբությունը 1963 թ. էր, երբ մեծն Տիգրանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն։ Մեր երեք չքնաղ հայուհիներին հայ կնոջ բախտավորություն եմ ցանկանում, թող լավ ընտանիք կազմեն, երեխաներ դաստիարակեն, թեեւ պրն Զաքարյանին շատ է մտահոգում նրանց ամուսնության հարցը։ Թիմային հաջողություններ մենք այնքան էլ չենք ունեցել։ Դրանցից մեկն «Արարատ-73»-ն էր, որի հոբելյանը նշելու ենք վաղը։ Շնորհակալ եմ նաեւ Վանիկ Սուրենիչից, որի շնորհիվ դժվարին տարիներին պահպանեցինք եղածը եւ ավելացրինք։ Հայ ազգը երբեք դաժան չի եղել, եղել է բարի, գիտությունը, մշակույթը հարգող։ Եվ մեր հիանալի աղջիկներն իրենց ինտելեկտը դրսեւորեցին ողջ Եվրոպայում»։
Շախմատիստուհիներին իրենց ողջույնի ջերմ խոսքերը հղեցին նաեւ գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն ու գրող, հրապարակախոս, լրագրող Մերուժան Տեր-Գուլանյանը։ «Վարդանյան» հիմնադրամի կողմից շախմատիստուհիներին ու նրանց մարզչին դրամական պարգեւներ ու նվերներ հանձնեց «Լույս» արտադրական միավորման երկարամյա տնօրեն, Սոցիալիստական աշխատանքի հերոս Բենիամին Թումանյանը։ Այնուհետեւ ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին անհատ կատարողներն ու պարային համույթները։ Ցանկալի կլիներ, որպեսզի մեր մյուս գործարարներն էլ հետեւեին Հրանտ Վարդանյանի օրինակին։