Հայաստանի կանանց շախմատի պատմության մեջ մի նոր փայլուն էջ գրվեց։ Օրերս Պլովդիվում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում Հայաստանի կանանց հավաքականը հասավ աննախադեպ հաջողությանՙ նվաճելով չեմպիոնի տիտղոսը։ Այդ առթիվ երեկ շախմատիստի տանը մարզական լրագրողների ֆեդերացիայի նախաձեռնությամբ հանդիպում էր կազմակերպվել հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանի, Լիլիթ Մկրտչյանի, Նելլի Աղինյանի եւ նրանց մարզիչ Արսեն Եղիազարյանի հետ։ Լրագրողները ծափողջույններով դիմավորեցին նորընծա չեմպիոններին։ Բացման խոսքում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վանիկ Զաքարյանը մեկ անգամ եւս շնորհավորելով աղջիկներին փայլուն հաղթանակի առթիվ, խոստովանեց, որ այդ նվաճումն ինչ-որ տեղ անակնկալ էր շախմատասերների համար։ Իհարկե, հավաքականից ակնկալիքները մեծ էին եւ սպասում էին, որ կարող են մրցանակային տեղ գրավել։ Այն հարցին, թե արդյոք հավատո՞ւմ էիք, որ կարող եք նվաճել չեմպիոնի տիտղոսը, Արսեն Եղիազարյանը պատասխանեց. «Իսկապես, մենք էլ չէինք հավատում, որ հնարավոր է չեմպիոն դառնալ։ Սակայն մրցաշարի ընթացքում աղջիկների վստահ ելույթը, բարձր մակարդակի խաղը համոզեց, որ կարելի է պայքարել նաեւ չեմպիոնի տիտղոսի համար։ Իսկ երբ Ռուսաստանի ուժեղ հավաքականի հետ ոչ-ոքի խաղացինք, զգացինք, որ կարող ենք պայքարել առաջին տեղի համար։ Ընդ որում, խաղի ընթացքում Ռուսաստանի հավաքականի մարզիչն ինձ առաջարկեց ոչ-ոքի արդյունք գրանցել, սակայն մերժեցի։ Ավարտական տուրում էլ կարող էինք ոչ-ոքի խաղալ լեհերի հետ եւ մրցանակակիր դառնալ, սակայն մինչեւ վերջ պայքարեցինքՙ արժանանալով ոսկե մեդալների»։
Մեր շախմատիստուհիներն էլ նույն կարծիքին էին, ինչ որ իրենց մարզիչըՙ նշելով, որ ինչ-որ տեղ անակնկալ մատուցեցին իրենց վստահ խաղով եւ մրցաշարի ընթացքում զգացին, որ կարող են պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։
Ինչ վերաբերում է աղջիկների հաղթանակն ըստ արժանվույն գնահատելուն, ապա Վանիկ Զաքարյանը նշեց, որ այդ հարցով դիմել է կառավարություն եւ հույս ունի, որ 5 մլն դրամ կտրամադրեն թիմը պարգեւատրելու համար։ Բացի այդ, նա ակնկալում է տարբեր հովանավորների աջակցությունն այդ հարցում եւ մինչեւ 12 հազար դոլարի պարգեւավճարի հույս ունի։ Հուսանք, որ խոստումներն իրականություն կդառնան։
Ֆեդերացիայի նախագահն ընդգծեց, որ մեր առաջատար երկու շախմատիստուհիներըՙ էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանն իրենց խաղամակարդակով շատ առաջ են գնացել։ Կար խոստումնալից շախմատիստուհիՙ Տաթեւ Աբրահամյանը, որը մեկնել է ԱՄՆ։ Որոշակի հույսեր փայփայում են Դարբինյան քույրերը, սակայն դժվար է կանխորոշել շախմատային նրանց հետագա ճակատագիրը։
Մինչեւ տարեվերջ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մասնակցելու են շախմատի աշխարհի անհատական առաջնությանը, իսկ հաջորդ տարի կայանալու է շախմատային օլիմպիադան։ Անհանգստացնում է թիմի կազմավորման հարցը, քանի որ առաջատար մեր երկու շախմատիստուհիների մակարդակի թեկնածուներ չկան։