Լռեց նաեւ ինքըՙ Արմեն Սարգսյանը
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը շարունակեց Տիգրան Նաղդալյանի սպանության դատաքննությունը։ Դեռեւս նախորդ նիստում ամբաստանյալ Արմեն Սարգսյանը սկսել էր հարցեր տալ իր բացակայությամբ ցուցմունք տված ամբաստանյալներին։
Այս անգամ Արմեն Սարգսյանի հարցերին պատասխանելու հերթը Գեղամ Շահբազյանինն էր։ Վերջինս վեր կացավ եւ հայտարարեց, որ Արմեն Սարգսյանին չի ճանաչում, հրաժարվում է նրա հարցերին պատասխանել։ Ամբաստանյալ Շահբազյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքներըՙ ավելացնելով, որ ընդհանրապես որեւէ մեկի որեւէ հարցի չի պատասխանի։
Ամբաստանյալ Արմեն Սարգսյանը, սակայն, որպեսզի չարչարանքն իզուր չանցնի, խնդրեց արձանագրել իր պատրաստած հարցերըՙ անգամ Գեղամ Շահբազյանի չպատասխանելու դեպքում։ Մասնավորապես Արմեն Սարգսյանին հետաքրքրում էր, թե Գեղամ Շահբազյանը սպանության համար որքան գումար է պահանջել Հովհաննես Հարությունյանից (Ապերից)։ Հարց հնչեց նաեւ, թե արդյո՞ք այդ գումարը նշվել է որպես 100 հազար դոլար։
Ամբաստանյալ Սարգսյանը հետաքրքրվեցՙ Տ. Նաղդալյանի սպանությունը Գ. Շահբազյանի՞, թե՞ Հովհաննես Հարությունյանի նախաձեռնությամբ է առաջ քաշվել։ Արդյո՞ք Ղարաբաղից եկած տղաները, այսինքնՙ Ջոն Հարությունյանը եւ Ֆելիքս Առուստամյանը, ստիպված են կատարել սպանությունը, քանի որ Ապերը նրանց համար ինչ-ինչ ծախսեր է կատարել։
Ընդհանուր առմամբ տպավորությունն այնպիսին է, որ ամբաստանյալ Արմեն Սարգսյանը փորձում է պատվիրատուի դերը թողնել Հովհաննես Հարությունյանին։
Հարցեր տվեց նաեւ Արմեն Սարգսյանի պաշտպան Ամալյա Ավագյանը, բնականաբար, չստանալով պատասխան։ Հետաքրքրական է, սակայն, որ հնչած բոլոր հարցերից մեկին, այնուամենայնիվ, Գ. Շահբազյանը պատասխանեց։ Արմեն Սարգսյանի այն հարցին, թե արդյոք Շահբազյանը մինչեւ Նաղդալյանի սպանությունը գնացել է Սարգսյանենց տուն եւ արդյոք Արմեն Սարգսյանից է ստացել սպանության պատվերը, Գեղամ Շահբազյանը բացասական պատասխանեց։ Այս առումով կարեւոր է, որ Հովհաննես Հարությունյանի ցուցմունքի համաձայն, մինչեւ սպանությունն Ապերը Գ. Շահբազյանի հետ գնացել է Արարատ, որտեղ ճշտել է գումարի չափըՙ որպես 50 հազար դոլար, ստացել է Արմեն Սարգսյանի համաձայնությունը եւ այդ մասին տեղեկացրել Շահբազյանին։
Դատավարության մյուս մասնակիցները պարզապես արձանագրելու համար հարցեր չտվեցին։ Ուստի պատասխանելու հերթն անցավ ամբաստանյալ Գրիգոր Պետրոսյանին։ Գրիգոր Պետրոսյանը սկզբում «առեւտուր արեց» Արմեն Սարգսյանի հետ հարցերի քանակի կապակցությամբ։ Նա բացատրեց, որ մի քանի հարցի կպատասխանի, որովհետեւ «եթե ես մի բանից կուրսի չեմ, ի՞նչ պատասխանեմ։ Ես չգիտեմ, թե ինչու են ինձ բերել այստեղ, գիտեմ, որ զենք եմ ունեցել, բռնվել եմ»։
Ի պատասխան փաստաբան Ամալյա Ավագյանի հարցի Պետրոսյանը նշեց, որ պնդում է Ապերիՙ Գեղամին 25 հազար տալու հանգամանքը։ Այլ հարցերի պատասխանելիս ամբաստանյալը նշեց, որ երկու անգամ է գնացել Ապերի հետ Արարատ։ Այդ ընթացքում, սակայն, Ապերն իրեն որեւէ գումար չի տվել եւ ինքը սպանության մեջ ներքաշված չէ։ Իր իսկ ցուցմունքների որոշ հակասությունների կապակցությամբ Գրիգոր Պետրոսյանը հայտարարեց, թե ում էլ տանեն դատախազությունՙ կվախենա, կշփոթվի։ «Կարող է ասեի, թե մամաս էլ էր հետս», իր վիճակը պատկերավոր նկարագրեց Գ. Պետրոսյանը։ Հետո էլ ավելացրեց, որ հենց այդպես չիմանալով իր տունը քանդվեց։
Դատավորի այն դիտողությունից հետո, թե լիրիկական շեղումներ պետք չեն, Գ. Պետրոսյանն ասաց, որ լսածն է գրել, եւ մի քանի անգամ խաչակնքեց։ Սպանության համար վճարված 50 հազար դոլարից որեւէ մաս ունենալու կապակցությամբ Պետրոսյանը վրդովվեց, թե ամբաստանյալները կարող են երդվել, որ ինքը, ընդհակառակը, համոզել է հետ կանգնել այդ ճանապարհից, չսպանել։ Ամբաստանյալներից ոմանք համաձայնեցին։
Երբ Արմեն Սարգսյանի հարցերին պատասխանելու հերթը հասավ Հովհաննես Հարությունյանին եւ Լյովա Հարությունյանին, ինչպես եւ սպասելի էր, նրանք հրաժարվեցին պատասխանել հարցերին, պնդեցին նախաքննական ցուցմունքները։
Հարցերն ավարտվեցին, այնուհետեւ Նաղդալյանի սպանության գործով ցուցմունք չտված ամբաստանյալ Արմեն Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալուց, որից հետո հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները։ Ըստ այդմ, թեեւ Լյովա Հարությունյանի եւ Հովհաննես Հարությունյանի հետ կապերը բարեկամական են, բայց գումարային գործարքներ նրանց միջեւ չեն եղել։ Ապերը մի օր գնացել է Արարատ, Արմեն Սարգսյանին ասել, թե Բեյրութից իր բերած ապրանքը Վրաստանի սահմանագծում է մնացել, ինչի համար պարտք է խնդրել Սարգսյանից ու ստացել։ Հետո, ըստ Արմեն Սարգսյանի, երբ պարզվել է, որ Ապերը կապ ունի Տիգրան Նաղդալյանի սպանության գործի հետ, Ապերը նրանից էլի գումար է խնդրել։ Այս անգամ խնդրանքը պատճառաբանել է, թե փող չտալու դեպքում վտանգ է սպառնում ե՛ւ իրեն, ե՛ւ Արմեն Սարգսյանին։
Սարգսյանը տվել է գումարը, որը, ըստ Սարգսյանի, կազմել է 75 հազար դոլար։
Արմեն Սարգսյանի ցուցմունքի համաձայն, ինքը կապ չունի Նաղդալյանի սպանության հետ, որեւէ մեկին նման պատվեր չի տվել։ Սա Սարգսյանը բացատրում է նրանով, որ իր ընտանիքին Նաղդալյանի սպանությունը ձեռնտու չէր։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ