Երեկ պատմական օր էր «Ազգի» համար. 2001 թ. հունվարի 27-ին մեկնարկած www.archive.azg.am սայթը հատեց 800.000 ընթերցողի «սահմանագիծը» եւ օրական 1700 ընթերցող արագությամբ մոտենում է 1 միլիոնին։ Այդ ընթերցողներն անցնող 3 տարուց էլ պակաս ժամանակաշրջանում «Ազգի» համակարգչային սայթում երեկվա դրությամբ ընթերցել են 4.637.050 հոդված եւ լուր։ Այս բոլոր ցուցանիշների մեջ չեն մտնում այն հոդվածներն ու լուրերը, որոնք «Ազգի» սայթից արտատպվելով համացանցում (ինտերնետ) տարածվում են այլ լրատվամիջոցներով։
Արդարեւ, www.archive.azg.am-ը դարձել է ամբողջ հայության ամենատարածված ինտերնետային լրատվամիջոցը։ Ամեն գիշեր 70 տարբեր երկրներում մարդիկ ընթերցում են «Ազգի» սայթը հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ թուրքերեն, հաճախ ավելի շուտ, քան Երեւանում «Ազգի» թղթային օրինակների ընթերցողները։ Մեր սայթի միջոցով մարդիկ կարողանում են հետեւել հայաստանյան եւ սփյուռքյան նորություններին, կապ են հաստատում թերթի եւ միմյանց հետ, իրենց կարծիքն ու տեսակետները պարզում սայթում ստեղծված տարբեր ֆորում-էջերում։
Հիշեցնենք, որ www.archive.azg.am-ն աշխարհով մեկ տարածվում է անվճար, խմբագրության վրա նյութական հավելյալ պարտավորություններ բարդելով։