Համաշխարհային հայկական կազմակերպության հիմնադիր համագումարից եւ Հայաստանում Ռուսաստանի հայերի միության օրերից հետո մեր թղթակիցը հարցազրույց ունեցավ ՀՀԿ նախագահ ընտրված Արա Արշավիրի Աբրահամյանի հետ։
- Պրն Աբրահամյան, նախ շնորհավորում եմ Ձեզ ընտրվելու առթիվ եւ կուզենայի հարցնել, թե գո՞հ եք արդյոք հիմնադիր համագումարի արդյունքներից։
¬ Այո, ես շատ գոհ եմ համագումարի արդյունքներից։ Ինձ արդեն վիճակվել է ասել, որ համագումարից առաջ եղել եմ շատ երկրներում, որտեղ կան հայկական մեծ համայնքներ, հանդիպել եմ դրանց առաջնորդների, այդ երկրների ղեկավարների հետ, տեւական խորհրդակցություններ եւ զրույցներ ունեցել Հայաստանյայց առաքելական եկեղեցու առաջնորդների, մասնավորապես Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի, Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, խորհրդակցել եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարության եւ Ռուսաստանի իշխանական կառույցների հետ։
Իհարկե, Հայաստանի եւ աշխարհի հայության քաղաքական շրջանակները պետք է դատեն, թե ինչպես է անցել համագումարը։ Բայց ես կարծում եմ, որ առաջադրված նպատակներն ու խնդիրները կատարվել են։ Իհարկե, մենք հասկանում էինք, որ իդեալական դեպքում ամեն ինչ կարող էր ավելի լավ լինել։ Բայց դրա հետ մեկտեղ մենք մեզ հաշիվ էինք տալիս, որ եթե հիմնադիր համագումարն իրոք հավաքեր բոլոր ամենանշանավոր հայերին, հայկական բոլոր համայնքների եւ քաղաքական կուսակցությունների առաջին դեմքերին, բոլոր ամենանշանավոր գործարարներին, արվեստի գործիչներին եւ այլն, ապա մենք երբեք տեղից չէինք շարժվի։ Ինձ քանիցս վիճակվել է ասել, որ մեր ազգը սովորել է ապրելՙ հետեւելով Թումանյանի «Կիկոսի մահը» անմահ պատմվածքի գաղափարախոսությանը, երբ արդեն նախօրոք ենթադրվում է, թե ամեն ինչ վատ է լինելու, ամեն ինչ դատապարտված է ձախողման։ Նման տրամադրությունն ու մոտեցումն, իհարկե, կազմալուծում են կամքը եւ թույլ չեն տալիս առհասարակ տեղից շարժվել։
Իսկ ինչ վերաբերում է ձեռքբերումներին կամ մեր այդ ձեռնարկման հաջողություններին, ես դրանց թվին կդասեի հետեւյալը։ Նախ մենք ուզում էինք այդ համագումարին տալ միջազգային կարեւորություն, եւ ես կարծում եմ, որ մեզ հաջողվեց ապահովել հայկական փաստորեն բոլոր քաղաքական կուսակցությունների եւ ազդեցիկ հասարակական կազմակերպությունների մասնակցությունը։ Մի մասը գուցե ներկայացված չէր առաջին դեմքերով, բայց դրանք բոլորը ներկա էին համագումարին, մասնակցում էին դրա աշխատանքին. թե՛ Դաշնակցության, թե՛ Ամերիկայի հայկական համագումարի եւ թե՛ Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչները։
Բացի դրանից, համագումարում ներկայացված էին Հայաստանի Ազգային ժողովը, ինչպես կառավարող, այնպես էլ ընդդիմադիր բոլոր քաղաքական կուսակցությունների ու դաշինքների առաջնորդները։ Համագումարի աշխատանքին Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահների մասնակցությունն այդ իրադարձությանը միջազգային կարեւորություն տվեց։ Հայաստանի նախագահի ներկայությունը փաստորեն ազդանշան էր ամբողջ հայությանը. ստեղծվող կառույցը բնավ Հայաստանի իշխանությունների հետ հակամարտության մեջ մտնող կազմակերպություն չէ։ ՀՀԿ-ն վայելում է Հայաստանի իշխանությունների աջակցությունը, նրանց հետ գործակցելով կձգտի համախմբել աշխարհի ամբողջ հայությանը, անկախ քաղաքական պատկանելությունից, այս կամ այն կազմակերպության անդամ լինելուց։
Իսկ Ռուսաստանի նախագահի ներկայությունը վկայում էր նախ Ռուսաստանում հայկական համայնքի հարաճուն կարեւորության մասին (դրա թիվն անցնում է 2,5 միլիոնից)։ Երկրորդՙ նախագահը դրանով իսկ հարգանք հանդես բերեց Ռուսաստանի հայերի միության հանդեպ, որին կարճ ժամանակամիջոցում հաջողվել է արդյունավետ կառույցներ ստեղծել ամբողջ Ռուսաստանում։ Եվ երրորդ, մեզ համար Ռուսաստանի նախագահի ներկայությունը չափազանց կարեւոր էր միջազգային առումով. ամբողջ հայությունը, ասենք ոչ միայն հայությունը, այլեւ մյուս պետությունների ղեկավարներն զգացին, որ Ռուսաստանը պետական մակարդակով ՀՀԿ-ին ընկալում է որպես շատ լուրջ կառույցի, որի հետ իշխանությունը կունենա գործընկերային հարաբերություններ։ Ռուսաստանի հայերի միությունն արդեն դարձել է Ռուսաստանի քաղաքացիական հասարակության մի մասը։ Մենք վստահ ենք, որ ՀՀԿ-ն կընկալվի որպես արդյունավետ գործընկեր, որը կողմնորոշված կլինի դեպի ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի լուծումը եւ իր ուղիներով կնպաստի միջազգային ընկերակցության առջեւ ծառացած կենսական խնդիրների լուծմանը։
Մեզ համար չափազանց կարեւոր էր նաեւ, որ այն պայմաններում, երբ Ռուսաստանում ի հայտ են եկել աշխատանքի տեղավորման, քաղաքացիության շնորհման լուրջ խնդիրների բախվող, ռուսաստանյան նոր պայմաններին հարմարվել փորձող հայերի նոր խմբեր, Ռուսաստանի նախագահը միանշանակ հայտարարեց, որ Ռուսաստանում առկա է Պետրոս Առաջինի ժամանակներից եկող պատմական ավանդույթ, ըստ որի հայերին հարկավոր է հրավիրել, հնարավորության սահմաններում նրանց համար ստեղծել բարենպաստ պայմաններ, քանզի նրանք դառնում են օրինապահ քաղաքացիներ եւ իրենց արդյունավետ աշխատանքով բազմապատկում են Ռուսաստանի պետության հարստությունները։ Դա չափազանց կարեւոր է։ Ռուսաստանի պայմաններում առաջին ղեկավարի խոսքերը շատ բան են նշանակում ինչպես նահանգապետների եւ տարաստիճան պաշտոնյաների, այնպես էլ իրավապահ համակարգի համար։ Քանզի հենց չինովնիկների եւ իրավապահ մարմինների հետ է հիմնականում բախվում հայերի վիթխարի զանգվածը, հատկապես վերջին 10-15 տարիներին եկածները, որոնք զբաղված են մանր ու միջին բիզնեսի ոլորտում, ինչպես նաեւ շատ ուրիշներ, որոնք փորձում են պետական կարիերա ստեղծել։
¬ Գո՞հ եք Հայաստանի եւ արտերկրի հայկական մամուլիՙ Ձեր համագումարի արձագանքներից։
¬ Հիմա դժվար է միանշանակ գնահատական տալ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքի հայկական մամուլում հայտնված հրապարակումներին։ Բայց կարող եմ ասել, որ բարձրացված մի ամբողջ շարք հարցերի, հուսով եմ, արդեն պատասխան տվեցի, պատասխանելով առաջին հարցին։
Իհարկե, ի հայտ են եկել մի ամբողջ շարք թեթեւամիտ մեկնաբանություններ։ Բանը հասավ այնտեղ, որ Մոսկվայում հիմնադիր համագումարի անցկացման բուն փաստը բնութագրվեց որպես Հայաստանի կամ հայության եւ Ռուսաստանի միջեւ վասալական հարաբերությունների վերջնական ձեւավորում։ Փորձեր արվեցին նսեմացնելու համագումարի դերն ու նշանակությունն այն պնդումներով, թե այնտեղ իբր ներկա չեն եղել հայկական որոշ կազմակերպությունների առաջին դեմքերը։ Մենք պատրաստ էինք նաեւ այդ կարգի մեկնաբանություններին, այն բանին, որ հենց սկզբից ամենքը չէ, որ կմասնակցեն Համաշխարհային հայկական կազմակերպությանը։
Մենք հասկանում ենք տվյալ կազմակերպության հեռանկարների գնահատումների հարցում հանդես բերվող որոշակի զսպվածությունն ու զգուշավորությունը։ Դրանք արտահայտվեցին համագումարում նույնիսկ ՀՀ նախագահի ելույթում։ Այս ամենը հասկանալի է եւ ունի իր բացատրությունը։ Թեեւ մենք արդեն քանիցս ասել ենք, որ չենք պատրաստվում զբաղեցնել որեւէ մեկիՙ Ամերիկայի հայկական համագումարի, Դաշնակցության կամ Բարեգործականի տեղը։ Բայց այդ երկյուղներն ու կասկածներն, այնուամենայնիվ, կարծես թե առկա են այն բոլոր կառույցներում, որոնց թվում է, թե նման հզոր կազմակերպության ստեղծումը կարող է սահմանափակել իրենց գործունեության ոլորտը։
Ես կարծում եմ, որ համագործակցության եւ համահայկական կարեւոր խնդիրների առթիվ սեփական դիրքորոշումների համակարգման հիման վրա մեր ժողովուրդը կարող է հասնել առավել մեծ արդյունքների, քան այն բանավեճերը շարունակելով, թե ինչու այս կամ այն հարցն անհնար է շարժել մեռյալ կետից։
Այս կապակցությամբ կուզենայի փոքր-ինչ ձեւափոխելով հիշեցնել Դեն Սյաոպինի անմահ խոսքերը. «Մենք պետք է քննարկենք այն հարցը, թե կատուն որքան լավ է մկներ բռնում եւ ոչ թե ինչ գույն ունի նա»։ Այնպես որ մենք հիանալի գիտակցում ենք, թե ինչ տեղի ունեցավ, հրաշալի հասկանում ենք, թե ինչու հայտնվեց այս կամ այն մեկնաբանությունը։ Մենք շատ լավ ըմբռնում ենք ինչպես բուն Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի բոլոր հասարակական, քաղաքական ուժերի դիրքորոշումները։ Հենց իրականության սթափ ընկալումը եւ սեփական ռեսուրսների ու մեր բոլոր հավանական գործընկերների, գուցե նաեւ ընդդիմախոսների ռեսուրսների հաշվառումն ինձ հիմք կտան լավատեսությամբ նայել ապագային եւ հուսալ, որ տվյալ համագումարից հետո արտահայտված հոռետեսությանը հակառակ (ի դեպ, այն առկա էր նաեւ մի քանի տարի առաջՙ Ռուսաստանի հայերի միության ստեղծման ժամանակ), Համաշխարհային հայկական կազմակերպությունը, կկայանա։ Նախ եւ առաջ, դա ժամանակի թելադրանքն է, երկրորդՙ հարկավոր է հայ ժողովրդին եւ երրորդՙ պարզապես այլ ընտրություն չկա։ Կամ մենք կմիավորենք ջանքերը եւ շոշափելի արդյունքների կհասնենք, կամ էլ մրցակցային այդ սուր պայքարում նոր մարտահրավերների բախվելով, պարզապես ստիպված կլինենք երկրորդական ազգ դառնալ։
Առանձին վերցրած շատերը թեեւ կհասնեն մեծ հաջողությունների, բայց որպես միջազգային ընկերակցության ամբողջական սուբյեկտ, որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ ինչպես հայ ժողովուրդը, այնպես էլ Հայաստանի պետությունն ավելի ու ավելի մեծ չափով դուրս կմղվեն ճամփեզր, անմասն կմնան ընդհանուր գործընթացներին։ Մենք դա չենք ուզում, մանավանդ որ պատմությունը հնարավորություն է տալիս, որ հենց այժմ օգտագործենք մեր ժողովրդի միացյալ տաղանդն ու հնարավորությունները։
Ի դեպ, մենք հույս էլ չունեինք, թե բոլոր կուսակցությունները, կազմակերպություններն ու կառույցները կմտնեն մեր կազմակերպության մեջ։ Դա մեզ հարկավոր էլ չէ։ Համագումարից առաջ էլ մենք գտնում էինք եւ հիմա էլ գտնում ենք, որ սկզբում մենք պետք է պարզապես փորձենք համակարգել մեր գործողությունները։ Ցավոք, մինչեւ օրս որեւէ մեկը կարեւոր հարցերի առթիվ աշխարհի հայության գործողությունները համակարգելու որեւէ փորձ չի արել։ Եվ եթե մեզ հաջողվի դա անել առաջին փուլում, ապա արդեն շատ մեծ հաջողության հասած կլինենք։ Դրա հետ մեկտեղ մենք բավականաչափ զուսպ ենք ընկալում նաեւ խանդավառ արտահայտությունները, քանզի պատկերացնում ենք մեր անցնելիք բարդ ուղին եւ բոլոր դժվարությունները, որոնց բախվելու ենք։ Բայց մենք երախտագիտությամբ ենք ընդունում մեր բարեկամների եւ այն անձանց աջակցությունը, որոնք հավատում են մեզ եւ մեր կազմակերպությանը։ Այնպես որ, մենք նոր նախաձեռնությանը մոտենում ենք բաց աչքերով, հստակորեն գիտակցելով այն բոլոր դժվարություններն ու ռեսուրսները, որոնք իրականում անհրաժեշտ են ինչ-ինչ արդյունքների հասնելու համար։ Բիսմարկը մի առիթով հայտարարել է, որ իրեն հետաքրքրում են այս կամ այն գործընկերոջ ոչ թե դիտավորությունները, այլ իրական հնարավորությունները։ Այնպես որ, մտադրությունները կարող են շատ վեհ լինել, բայց շատ կարեւոր է, որ լինեն իրական հնարավորություններ, որ մենք ճիշտ ըմբռնենք այդ հնարավորությունները եւ դրանց համապատասխան սահմանենք մեր կազմակերպության ռազմավարական ու գործնական նպատակներն ու խնդիրները։
¬ Որո՞նք են Ձեր առաջիկա քայլերը։ Ի՞նչ եք մտադիր ձեռնարկել համագումարից հետո, երբ կրքերը փոքր-ինչ հանդարտվել են եւ անցել է այն հրճվանքը, որ ոմանց նսեմացման կամ կասկածների փորձերին հակառակ համագումարը կայացավ որպես հայ ժողովրդի կյանքի իրոք պատմական եւ դարակազմիկ իրադարձություն։
¬ Իրոք, կրքերը հանդարտվել են, հրճվանքն անցել է եւ սկսվում է դաժան առօրյան։ Հենց այդ առօրյան էլ ցույց կտա, թե մենք ինչպիսի արդյունավետությամբ կկարողանանք առաջ շարժվել եւ դառնալ այն կազմակերպությունը, որը մագնիսի պես կձգի ե՛ւ թերահավատ, ե՛ւ կասկածամիտ, ե՛ւ թե հոռետես մարդկանց, կազմակերպություններն ու կառույցները, եւ ամենքիս միասնական հոսանքի մեջ կմտցնի, որպեսզի կարողանանք հասնել մեր նպատակներին։
Ես կարող եմ միայն ասել, որ ոչ մի րոպե չի ընդհատվում բազմաֆունկցիոնալ միջազգային առեւտրատնտեսական հոլդինգի ստեղծման աշխատանքը, որը կոչված է միավորելու կամ գոնե միջուկ դառնալու սփյուռքի հայ գործարարների միավորման համար։ Այդ աշխատանքի ավարտման դեպքում մամուլում եւ մեր սայթում մենք կհայտնենք, թե երբ տեղի կունենա այդ հոլդինգի ներկայացման արարողությունը։ Կարծում եմ, դա կդառնա անհրաժեշտ գործիք, որը կգործի եւ ֆինանսական ռեսուրսներ կստեղծի մեր կազմակերպության աշխատանքի համար։
Ներկայումս փորձագիտական խմբեր ու հանձնաժողովներ են կազմավորվում մեր կազմակերպության գործունեության երեք հիմնական ուղղությունների գծով։ Արդեն ունենք Ցեղասպանության փորձագետների նախնական ցանկ եւ ուզում ենք այդ խմբում ներգրավել Հայաստանի եւ սփյուռքի առաջատար մասնագետներին (եւ ոչ միայն հայերին), որոնք խոշորագույն հեղինակություններ են ցեղասպանության հարցերում։ Հայկական առաջատար քաղաքական կուսակցությունների եւ սփյուռքի լոբբիիստական մյուս կառույցների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը կկարողանար այդ դեպքում մշակել համահայկական դիրքորոշումՙ հենվելով տվյալ հարցի փորձագետների կարծիքի եւ հանձնարարականների վրա։
Համանման փորձագիտական խումբ եւ հանձնաժողով կստեղծվեն նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի առթիվ։ Դրանք կոչված կլինեն համահայկական դիրքորոշում մշակելու այդ խնդրի կարգավորման հարցում։ Միաժամանակ աշխատանք ենք կատարում Հայաստանում մեր կազմակերպության գլխադաս գրասենյակի ստեղծման նպատակով։
Եվ, իհարկե, գլխավոր ուղղություններից մեկը, եթե ոչ ամենագլխավորը, հայոց պետության տնտեսական հզորության ամրապնդումն է, որն առհասարակ հայոց պետականության ամրապնդման անհրաժեշտ տարրն է։ Օրակարգում է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման փորձագիտական խորհրդի ու հանձնաժողովի ստեղծումը, հանձնաժողով, որն արդեն տեղում կվերլուծի Հայաստանի տնտեսական ընդհանուր իրավիճակը, կսահմանի զարգացման առաջնային ուղղությունները, կընտրի համապատասխան նախագծեր, կապահովի դրանց ֆինանսավորումն ու կառավարումը։ Այնպես որ, այդ բոլոր ուղղություններով աշխատանք է կատարվում։ Որոշ ուղղություններովՙ ավելի արագ, այլ ուղղություններովՙ դանդաղ։ Բայց մենք կշարժվենք այդ բոլոր ուղղություններով եւ, կարծում եմ, մոտավորապես մեկ տարի հետո մենք արդեն կկարողանանք հայ հասարակայնությանը տեղեկացնել մեր աշխատանքի արդյունքների մասին։