«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2003-10-23 | #194, 2003-10-24 | #195, 2003-10-25


ՆՇՎԵՑ «ԱՐԱՐԱՏԻ» ՓԱՌԱՊԱՆԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 30-ԱՄՅԱԿԸ

Որքան արագ է անցնում ժամանակը։ Կարծես երեկ էր, որ Երեւանի «Արարատի» ֆուտբոլիստներն իրենց անզուգական խաղով մի նոր, վառ ու անկրկնելի էջ գրեցին հայկական ֆուտբոլի տարեգրությունում, իսկական մարզական սխրանք գործեցինՙ նվաճելով խորհրդային ֆուտբոլի ամենապատվավոր տիտղոսներըՙ երկրի չեմպիոնի ու գավաթակրի կոչումը։ Հաղթանակը ձեռք բերվեց մրցակիցների հետ համառ ու անզիջում պայքարում, արարատցիների դրսեւորած հասուն վարպետության, մարտական բնավորության եւ անձնուրացության, անվանի մարզիչ Նիկիտա Սիմոնյանի մարզչական բեղմնավոր գործունեության շնորհիվ, որն իր նվիրյալ օգնականներիՙ թիմի պետ Ռոբերտ Ծաղիկյանի, մարզիչներ Հարություն Քեհեյանի եւ Հովհաննես Աբրահամյանի հետ պահպանելով ժառանգածը, նաեւ ներդնելով սեփականը, ստեղծեց ֆուտբոլային մարտունակ կոլեկտիվ եւ «Արարատին» հասցրեց փառքի երկու գագաթներին։

Երանելի այն տարիներին ողջ հանրապետությունն ապրում էր ֆուտբոլով։ Ֆուտբոլային կրքերը «եռում» էին «Արարատի» գլխավոր մրցաբեմումՙ գեղեցկատես «Հրազդանում», որը թիմի հաղթանակների անխոս վկան էր։ Դժվար է հավատալ, սակայն այն երանելի ժամանակներից անցել է արդեն 30 տարի։ Մեծ հաղթանակի 30-ամյակը երեկ մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշվեց «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում։

Հանդիսության «մեխն» անշուշտ «Արարատ -73»-ի եւ ԽՍՀՄ հավաքականի վետերանների հանդիպումն էր։ Հաշվի առնելով ֆուտբոլիստների պատկառելի տարիքը, այն տեւեց ընդամենը 30 րոպե։ Եվ ահա ֆուտբոլասերների ջերմ ծափահարությունների ներքո խաղադաշտ դուրս եկան մրցող թիմերը։ Ընդ որում, արարատցիների կազմում հանդես էին գալիս միայն ոսկե մեդալներ նվաճած 11 ֆուտբոլիստներՙ Ալյոշա Աբրահամյանը, Սուրեն Մարտիրոսյանը, Արմեն Սարգսյանը, Նորայր Մեսրոպյանը, Արկադի Անդրեասյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Լեւոն Իշտոյանը, Էդուարդ Մարգարովը, Հովհաննես Զանազանյանը, Սերգեյ Պողոսյանն ու Նիկոլայ Ղազարյանը։ Իսկ ահա ԽՍՀՄ հավաքականի մարզահագուստով միմյանց փոխարինելով հոբելյանական հանդիպմանը մասնակցեցին կաշվե գնդակի ճանաչված վարպետներ Վլադիմիր Պիլգույը, Վիկտոր Շուստիկովը, Անդրեյ Բիբան, Ալեքսանդր Տուկմանովը, Սերգեյ Օլշանսկին, Լեոնիդ Բուրյակը, Մանուչար Մաչաիձեն, Բորիս Կոպեյկինը, Վլադիմիր Կոզլովը, Եվգենի Լովչեւը, Գեորգի Վյունը, Անատոլի Սոլովյովը, Ալեքսանդր Չիվաձեն, Մուրթազ Խուրցիլավան, Վյաչեսլավ Համբարձումյանը, Անդրեյ Յակուբիկը եւ Ալեքսանդր Միրզոյանը։

Ինչպես եւ 30 տարի առաջ, ֆուտբոլասերները կրկին հնարավորություն ունեցան հիանալու մեր անվանի վարպետների անզուգական խաղով։ Ճիշտ է, նրանց ֆիզիկական վիճակը թույլ չէր տալիս խաղին բարձր տեմպ հաղորդել, սակայն վետերան ֆուտբոլիստների գործողություններում դրսեւորվեցին տեխնիկական բարձր վարպետությունը, գնդակի հետ վարման նուրբ տեխնիկան։ Կրկին իր վարպետությամբ աչքի ընկավ «Արարատի» դարպասապահ Ալյոշա Աբրահամյանըՙ խաղային մի քանի դրվագներում պարզապես փրկելով թիմին գոլերից։ Բնականաբար, խաղն ընթացավ նման տոնակատարությունների ժամանակ կազմակերպվող շոու-հանդիպումներին բնորոշ սցենարով։ Առաջին 15 րոպեներին երկու անգամ աչքի ընկան արարատցիները։ Հաշիվը բացեց Նիկոլայ Ղազարյանը, իսկ մեկ րոպե անց Սերգեյ Պողոսյանը կրկնապատկեց այն։ Հաջորդ 15 րոպեներին գրանցվեց եւս երեք գոլ։ Նախ Բուրյակն ու Լովչեւը վերականգնեցին հավասարակշռությունը, ապա գավաթի եզրափակիչի հերոս Լեւոն Իշտոյանը խփեց հաղթական գնդակը։ Ինչպես եւ 30 տարի առաջՙ հոկտեմբերի 28-ին ԽՍՀՄ առաջնության «Արարատ»-«Զենիթ» ավարտական խաղում, այս շոու-հանդիպումն էլ ավարտվեց միեւնույնՙ 3-2 հաշվով, հօգուտ արարատցիների։ Եվ ինչպես այն ժամանակ, այս անգամ էլ արարատցիներն իրենց գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի ու մարզիչներ Հարություն Քեհեյանի եւ Հովհաննես Աբրահամյանի հետ պատվո շրջան կատարեցին «Հրազդանում»ՙ արժանանալով ներկաների բուռն ծափողջույններին։ Նման ձեւով մարզասերներն իրենց երախտագիտությունը հայտնեցին 70-ական թթ. ֆուտբոլային մեր հերոսներին։

«Արարատի» փառապանծ հաղթանակի 30-ամյա հոբելյանի տոնակատարությունը եզրափակվեց ճոխ համերգով եւ հրավառությամբ։ Իրենց ելույթներով ներկաներին ողջունեցին հանրահայտ «Դոկտոր Վաթսոն» խումբը, Անատոլի Դնեպրովը, Աիդա Սարգսյանը, Լեւ Լեշչենկոն, Վյաչեսլավ Դոբրինինը եւ անվանի այլ կատարողներ։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4