Անկարայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանը դարձել է դավադրության թուրքական որոնումների գլխավոր թիրախը
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ
Ըստ երեւույթին թուրք-ամերիկյան հարաբերությունները վերստին սրվում են։ Դրա ապացույցն Իրաքի ամերիկյան վարչակազմի ղեկավար Պոլ Բրեմերի հոկտեմբերի 23-ին Վաշինգտոնին ներկայացրած առաջարկությունն է։ Համաձայն դրա, նա պահանջում է Իրաքում հրաժարվել թուրք զինվորի ծառայությունից։ Մինչդեռ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը «Իրաք զորք ուղարկելու մասին» կառավարական օրինագծի հաստատման համար Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի վրա ճնշում գործադրելիս առաջնորդվել էր նույն Վաշինգտոնի պահանջով։
Ինչո՞ւ, որովհետեւ Վաշինգտոնը նախազգուշացրել էր, որ Իրաք զորք ուղարկելու օրինագիծը չպետք է արժանանա «Թուրքիայի տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման» օրինագծի ճակատագրին, հակառակ դեպքում դրա բացասական հետեւանքներից խուսափելն անհնար է լինելու։ Այլ կերպ, Էրդողանի կառավարությունը, որ Վաշինգտոնի հանձնարարականով ճնշում է գործադրել Մեջլիսի վրա, հանձնարարականի կատարումից հետո արժանանում է այդ նույն Վաշինգտոնի արհամարհանքին։
Այս պայմաններում կառավարությանը, հանձինս վարչապետ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի, այլընտրանք չի մնում, քան վիրավորվածի կեցվածքով հայտարարել. «Ամենեւին պարտադիր չէ, որ Թուրքիան զորք ուղարկի Իրաք։ Մենք չենք լինի այնտեղ, որտեղ մեզ չեն ուզում»։ Հիրավի, Իրաքում թուրքերին չեն ուզում։ Ընդ որում, եթե մինչեւ զորք ուղարկելու օրինագծի հաստատումը չուզողների թվում էին Իրաքի քրդերը, արաբներն ու թուրքմենները, ապա հաստատումից հետո նրանց միացավ Իրաքի ամերիկյան վարչակարզմը։
Կասկածից վեր է, որ ոչ այդ վարչակազմը եւ ոչ էլ դրա ղեկավար Բրեմերը, առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու չէին կարող Իրաքում թուրքական զորքի ծառայությունից հրաժարվել։ Ուրեմն, դրանից հենց Վաշինգտոնն է հրաժարվում։ Այսպիսով, արհամարհվում է այն եզակի պետությունը, որն Իրաք զորք ուղարկելու պատրաստակամություն է հայտնել։ Ինչ խոսք, Վաշինգտոնն ի վիճակի է արհամարհելու Թուրքիային, ավելինՙ արհամարհանքի նկատմամբ հանդուրժողականություն ակնկալել թուրքական կառավարությունից։ Նկատի ունենալով թուրքական պետության անսահման մեծահոգությունը, որը նրան երբեք չի լքում, կարելի է ասել, որ հանդուրժողականությունն ապահովված է։
Հարցը սակայն սոսկ Վաշինգտոնը չէ, ոչ էլ վերոհիշյալ հանդուրժողականությունը, այլ Անկարայում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Էրիկ Ստիվեն Էդելմանը։ «Հաբերանալիզ» ինտերնետային թերթի հոկտեմբերի 21-ի համարում Հասան Օքթայ ստորագրությամբ «ԱՄՆ-ի դեսպան Էդելմանն ու հայոց պատրիարք Մեսրոպ Երկրորդը» խորագրով հրապարակված հոդվածից պարզվում է, որ թուրքերն ստիպված հանդուրժում են նաեւ դեսպանին։
Վկայելով այդ մասինՙ վերոհիշյալ թերթը մասնավորապես գրում է. «Երբ Էդելմանը Թուրքիա ժամանեց եւ գեներալ-նահանգապետի կեցվածք ընդունելով սկսեց այստեղ-այնտեղ տարօրինակ ելույթներ ունենալ եւ այցելել այն շրջանակներին, որոնց մինչ այդ սովորաբար որեւէ դիվանագետ չէր այցելում, ակամա կասկած առաջացավ, թե մեծարգո դեսպանն ի՞նչ առաքելությամբ է նշանակվել, ո՞րն է նրա իսկական պարտականությունը»։ Թերթը հարցերին չի պատասխանում։ Սակայն ընթերցողին կողմնորոշելու նպատակով շարունակում է. «Էդելմանը հազիվ էր Անկարա ոտք դրել, հարկ համարեց արտահայտվել Հայաստանի առջեւ թուրքական սահմանի բացման մասին եւ ավելացրեց. «Եթե Թուրքիան չբացի Հայաստանի հետ իր սահմանները, ապա ԱՄՆ-ն է բացել տալու»։ Սրանք անտեղի եւ սխալ արտահայտություններ ենՙ մեր ներքին գործերին անհարկի միջամտություն»։
Ըստ թերթի, Էդելմանը դրանով չի բավարարվել, ասել է, որ Ռաուֆ Դենքթաշը պետք է ընդունի Կիպրոսի վերաբերյալ Կոֆի Անանի ծրագիրը, միաժամանակ PKK-KADEK-ի նկատմամբ թուրքական իրականության համար միանգամայն անսովոր մոտեցում է ցուցաբերել, քրդական այդ կազմակերպության համակիրների հետ հանդիպումներ կազմակերպելով հանդերձ հրաժարվել է պատասխանել հարցին. «Դուք այդ կազմակերպությանը դե՞մ եք, թե՞ ոչ»։
Հանդիպումների հանգամանքը մտահոգել է թուրքական թերթին։ Ըստ երեւույթին դա մտահոգության միակ աղբյուրը չէ։ Թերթը, Էդելմանին Թուրքիայի առջեւ ծառացած խնդիրները փորփրելու պատրաստակամություն վերագրելով, ընդգծում է այն անսպասելի զարգացումը, որի առջեւ կանգնել է վերջինս։ Խոսքը Թուրքիայի քրիստոնյա համայնքների մասին է, որոնք հոկտեմբերի սկզբին իրենց պահանջները ներկայացնելով Մեջլիսին եւ կառավարությանը, միայն վերջին պահին են հրաժարվել պահանջների առումով Եվրամիություն դիմելու մտադրությունից։
Թերթը կատարված հետքայլը մեծապես պայմանավորում է Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի առարկություններով։ Ըստ տեղեկության, պատրիարք սրբազանը վերոհիշյալ համայնքների ներկայացուցիչներին նախազգուշացրել է, որ մինչ ԵՄ-ին դիմելը, նախ պետք է փորձել հարցերը լուծել թուրքական իշխանությունների հետ, ապա առաջարկել է մեղմել պահանջագրի տեքստը, նույնիսկ սաստել է նրանց։ Մեսրոպ պատրիարքը հույն ուղղափառ, կաթոլիկ, ասորական, առաքելական եւ ոչ առաքելական հայկական եկեղեցիների համատեղ ջանքերով պատրաստած պահանջագրին վճռականորեն հակադրվել է, պատճառաբանելով, թե տեքստում տեղ են գտել Թուրքիայի համար վիրավորական արտահայտություններ։ Նա միաժամանակ հրաժարվել է ստորագրել ազգային փոքրամասնությունների պահանջներից կազմված այն տեքստը, որը պարունակում էր «Եվրամիություն դիմելու» այսպես կոչված սպառնալից արտահայտությունը։ Ավելին, Պոլսո պատրիարքը Մեջլիս է այցելել պահանջագիրը պատրաստող խմբից առանձին։
Թուրքական թերթը հարկ է համարում ընդգծել, որ պատրիարքի հաստատակամ դիրքորոշման շնորհիվ ԵՄ-ին անդամակցության գործընթացում Թուրքիան «փոքրամասնությունների զեկուցագրի» առումով ձերբազատվել է գլխացավանքից եւ ավելացնում. «Պատրիարքի այս դիրքորոշումը Էդելմանի շահագրգռությունների շրջանակում գտնվող այն հարցերի առումով, որոնցով նա զբաղվում եւ Թուրքիայում դեռեւս զբաղվելու է, բացասական տպավորություն է ներգործել դեսպանի վրա։ Ահա թե ինչու պատրիարքի վերոհիշյալ նախաձեռնություններից հետո իսկույն, հոկտեմբերի 6-ի առավոտյան Էդելմանը նրան այցելելու նպատակով պատրիարքարան է շտապել»։
Հանդիպմանը պատրիարքը ԱՄՆ-ի դեսպանին հայտնում է Թուրքիային հնարավոր ամենակարճ ժամանակահատվածում ԵՄ-ին անդամակցած տեսնելու իր ցանկությունը, պատրաստակամություն է հայտնում ամեն կերպ նպաստել Թուրքիայի հետ Հայաստանի մերձեցմանը եւ ընդգծում. «Երկու երկրներն էլ այդ ուղղությամբ դեռեւս շատ անելիքներ ունեն»։ Այնուհետեւ նա անդրադառնում է Մերձավոր եւ Միջին Արեւելքում «մահմեդական երկրների մեջ ամենաարդիականը հանդիսացող Թուրքիայի կառուցողական դերին», ինչպես նաեւ Երուսաղեմի եւ Իրաքի խնդիրներին։
Հանդիպումը շուրջ մեկ ժամ է տեւում, սակայն թուրքական թերթին հուզողը հանդիպումը չէ, այլ նույն օրը երեկոյան Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանում կազմակերպված ընդունելությունը այն առումով, որ ընդունելությանը հրավիրված էր Մեսրոպ պատրիարքը, իսկ Էդելմանը քաջատեղյակ լինելով այդ մասին, ընդ որում, առանց սպասելու պատրիարքի բարեգալստյան մաղթանքին, ինքն է շտապել պատրիարքարան։
Այս փաստը մտահոգությամբ է արձանագրում «Հաբերանալիզ» թերթը եւ նշում. «Նկատի ունենալով հայերի հակասությունները հրեաների հետ եւ նրանց միջեւ առկա մրցակցության ներկա մակարդակը, հայոց պատրիարքի հետ Էդելմանի հանդիպումը հիմք է տալիս ենթադրելու, որ նա պատրաստվում է շահարկել «փոքրամասնությունների» խաղաքարտը։ Ըստ երեւույթին, հայերի համահունչ գործունեությունը թուրքական իշխանությունների հետ լուրջ մտահոգություն է պատճառել Էդելմանին։ Եթե մենք դիտորդի կարգավիճակով հետեւենք հայերին զոհաբերելու Էդելմանի ծրագրերին, ապա ստիպված պետք է վերանայենք Թուրքիայում նրա պաշտոնավարության նպատակահարմարությունը։ Թուրքամետ քաղաքականության մեջ հետեւողականությունը պատրիարքի համար պատվո խնդիր է դարձել։ Դրանով հանդերձ նրան չհասկանալն ու անտեսելը չի կարող հայրենասիրություն համարվել»։
Սրանք դավադրության հերթական որոնումներն են, քանի որ որոնման առարկան Անկարայում ԱՄՆ-ի հրեական ծագումով նորանշանակ դեսպանն է, ուրեմն թուրքական շահերն ամերիկյանի հետ բացի տարածաշրջանային խնդիրներից, չեն համընկնում նաեւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների հարցում։ Իսկ դա արդեն ներքին խնդիր է։