Վաշինգտոնյան «Ֆայնենշլ թայմս» հեղինակավոր թերթի հոկտեմբերի 22-ի համարում լրագրող Գի Դինմորը գրում է.
Նախօրոք շնորհավորելով Իլհամ Ալիեւին հաղթանակի առթիվ, Վաշինգտոնն անցյալ երեքշաբթի երեկոյան արձագանքեց ադրբեջանական նախագահական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած լայնածավալ խարդախություններին եւ ահաբեկչություններինՙ կոչ անելով անկախ հետաքննություն վարել այդ առթիվ։
Մինչ մեկնաբանները Վաշինգտոնում շփոթ կացության էին մատնված իրենց մարտավարական դաշնակցի հարցում, ամերիկացի անկախ դիտորդների մի խումբ դատապարտեց ընտրական ամբողջ գործընթացը եւ ավելի քան 100 քաղաքական ընդդիմադիրների, լրագրողների եւ տեղացի դիտորդների ձերբակալումը։
Ադրբեջանը կարեւոր նշանակություն ունի Ամերիկայի պաշտպանությունը վայելող Կասպից ծովից Միջերկրական ձգվող նավթատար խողովակների կառուցման տեսակետից։ «Բրիտիշ փեթրոլիումի» հետ պայմանագիր կնքած Ադրբեջանի երկարամյա ղեկավար Հեյդար Ալիեւը հիվանդ է եւ բուժվում է Ամերիկայի հիվանդանոցներից մեկում։ Փետրվարին նախագահ Ջորջ Բուշը նրան շնորհակալություն հայտնեց «ահաբեկչության դեմ պատերազմում» Ամերիկային աջակցելու համար։
Ընտրություններից երկու օր հետո, երբ որդի Ալիեւը հաղթող էր ճանաչվել, բայց դեռ քվեների հաշվարկը չէր ավարտվել, փոխպետքարտուղար Ռիչարդ Արմիթեջը հեռախոսով ցանկություն էր հայտնել «համագործակցել իր հետ»ՙ ավելացնելով, որ պետք է խուսափել հետագա բռնություններից եւ ամեն ինչ անել, որ վերջնական արդյունքները ճիշտ հաշվարկվեն։
Սակայն երեքշաբթի երեկոյան պետքարտուղարությունը հրապարակեց սուր քննադատական իր հաղորդագրությունը, որտեղ ասվում է. «Միացյալ Նահանգները կհամագործակցի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա կառավարության հետ, բայց, մեր կարծիքով, Ադրբեջանի ղեկավարությունը բաց թողեց մի կարեւոր հնարավորությունՙ արդար ընտրությունների միջոցով առաջ տանելու ժողովրդավարական գործընթացը»։ Հաղորդագրությունը նպատակահարմար է համարել անցկացնել անկախ հետաքննություն։
Մեկնաբանները, նշելով պրն Արմիթեջի նախկին պաշտոնը որպես «Մ. Նահանգներ-Ադրբեջան առեւտրական պալատի» համանախագահի, հասկանալի են համարել նրա հեռախոսային խոսակցության բովանդակությունը, մանավանդ որ բոլոր փաստերը դեռ արձանագրված չէին։ Բայց պաշտոնական մի այլ անձնավորություն պետքարտուղարության վերջին հաղորդագրությունը «էվոլյուցիա» է անվանել։ Ազգային ժողովրդավարական ինստիտուտի աշխատակազմից Նելսոն Լեդսկին մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ադրբեջանական մի շարք քաղաքացիական կազմակերպություններում իրենց վերապատրաստած կադրերից շատերն «այժմ հետապնդվում են եւ փախուստի մեջ են»։
«Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու նվազագույն պայմանները չպահպանվեցին», նշել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի մյուս աշխատակիցները։