Նիկիտա Սիմոնյան - Ամեն անգամ հաճույքով եմ Երեւան ժամանում։ Թեպետ ծնվել եմ Ռուսաստանում, սակայն այստեղ է իմ հայրենիքը, իմ ժողովուրդը, այստեղ բազում բարեկամներ ունեմ։ Կրկին հաճելի հիշողություններ համակեցին ինձՙ կապված 30 տարի առաջ «Արարատի» տարած կրկնակի հաղթանակի հետ։ Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել այս հիանալի տոնախմբության կազմակերպիչներ Արթուր Սողոմոնյանին ու Ռադիկ Վանունցին, որոնք անցյալ տարվա ապրիլի 21-ին այստեղ, «Հրազդան» մարզադաշտում մեծ շուքով ու հանդիսավորությամբ նշեցին իմ ծննդյան 75-ամյա հոբելյանը։
Գտնում եմ, որ արժեր նշել «Արարատի» փառապանծ հաղթանակի 30-ամյակը, քանի որ «Արարատ-73»-ը երեւույթ էր մեր մարզական կյանքում եւ այլեւս նման նվաճում չի կրկնվի, քանի որ Խորհրդային Միությունն այլեւս գոյություն չունի։ Եթե Կիեւի «Դինամոն», «Սպարտակը», Մոսկվայի «Դինամոն», ԲԿՄԱ-ն բազմիցս դարձել են Խորհրդային Միության չեմպիոն ու գավաթակիր, ապա «Արարատի» համար ֆուտբոլային բարձունքները նվաճելը, երբ նման հաջողության է հասնում փոքր ազգի ներկայացուցիչը, իրոք աննախադեպ երեւույթ էր։
Բազմիցս նշել եմ, որ «Արարատի» հաջողությունը պայմանավորված էր թիմում վարպետ ֆուտբոլիստների առկայությամբ, որոնք ունակ էին մարզական սխրանքի եւ հենց նրանք էլ հրաշքն իրականացրին։ Եվ որքան էլ մարզիչը տաղանդավոր լինի, եթե չունենա բարդ խնդիրների լուծման ընդունակ, բարձրակարգ ֆուտբոլիստներ, միեւնույն է, հաջողության չի հասնի։ Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել թիմի բազմահազար երկրպագուներին, որոնք մեր հանդիպումների օրերին տեղ էին զբաղեցնում «Հրազդանում» եւ աջակցում մեզՙ դառնալով թիմի 12-րդ ֆուտբոլիստը։ Նաեւ շնորհակալ եմ հանրապետության այն ժամանակվա ղեկավարներից, ովքեր ամեն կերպ նպաստել են «Արարատի» հաջողությանը։ Եվ, իհարկե, քիչ դեր չեն ունեցել նաեւ լրագրողները, որոնցից ես անչափ շնորհակալ եմ։
Արկադի Անդրեասյան- Այսօր ինձ համար հիասքանչ ու երջանիկ օր է։ Կրկին հավաքվել են ինձ հարազատ անձնավորությունները, իմ նախկին խաղընկերները, որոնց հետ 30 տարի առաջ համարձակորեն գրոհեցինք խորհրդային ֆուտբոլի բարձունքները։ Կրկին մեզ հետ է մեր բոլորի սիրելի մարզիչըՙ Նիկիտա Սիմոնյանը, որը երբեք մեզ չէր խանգարում խաղալ։ Նրա հմուտ ղեկավարությամբ մենք կարողացանք նվաճել ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի կոչումը։ Հենց նրա տակտիկական ճիշտ քայլերի շնորհիվ մենք գավաթի եզրափակիչում կարողացանք հաղթել Կիեւի «Դինամոյին», որը ֆիզիկապես մեզանից ուժեղ էր։ Այդ իսկ պատճառով էլ Սիմոնյանը միայն խաղավերջում խաղադաշտ մտցրեց Նիկոլայ Ղազարյանին, որի արագաշարժությունը շատ բանով նպաստեց վերջնական հաջողությանը։ Այսօրվա տոնախմբությունը մեր ժողովրդի համար էր, որը կարոտով է հիշում այն երանելի ժամանակները, երբ «Արարատը» տոն էր տալիս երկրի առաջնություններում։ Այսօր մեզ համար մեծ տոն է, հաճելի հիշողություններին վերադառնալու եւս մեկ հիանալի առիթ։
Սերգեյ Բոնդարենկո- Ես անչափ ուրախ ու զգացված եմ, նաեւ հպարտ, որ «Արարատ-73»-ի անդամն եմ։ Անհամբերությամբ էի սպասում հերթական հանդիպմանը մայր հայրենիքում։ Անցել է 30 տարի, բոլորս արդեն հասուն տարիքում ենք եւ այսուհետ ամեն մի նման հանդիպում ոսկու արժեք ունի։ Այսօր նշվում է «Արարատի» մեծ հաղթանակի 30-ամյա հոբելյանը շնորհիվ երկու հիանալի անձանցՙ Ռադիկի եւ Արթուրի, որոնք կարողացան կազմակերպել այս տոնախմբությունը։ Խաղընկերներիս անունից շնորհակալություն եմ հայտնում նրանց։ Այսօր միաժամանակ նաեւ տխուր եմ, որովհետեւ մեր կողքին չեն մեր լավ խաղընկերները, մեծ ֆուտբոլիստներ Ալեքսանդր Կովալենկոն, Սանասար Գեւորգյանը, Նորիկ Դեմիրճյանը։ Սակայն կյանքը շարունակվում է։ Հայերի մեջ մի լավ խոսք կա. «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»։ Այս տոնախմբությունն էլ հայավարի անցկացրինք։ Շնորհակալ եմ Նիկիտա Պավլովիչից, այդ հոյակապ մարդուց ու մարզչից, որ մեզ փառքի երկու գագաթներին հասցրեց։ Թող Աստված նրան քաջառողջություն պարգեւի։ Եվ տա Աստված, որ նման հաճելի առիթներով հետագայում եւս հանդիպենք Հայաստանում։
Լեւոն Իշտոյան- Նախ շնորհակալությունս եմ հայտնում իմ լավ բարեկամներ Արթուրին ու Ռադիկին, որոնց հետ արդեն երկու տարի մտերմացել եմ, կարծես եղբայրներ լինենք։ Նրանք հաճախ են լինում ԱՄՆ-ում։ Կխնդրեի, որ մեզ «ամերիկացիներ» չանվանեիք։ Ճիշտ է, այժմ ԱՄՆ-ում ենք բնակվում, բայց հոգով ու սրտով Հայաստանի հետ ենք։ Կրկին հավաքվել են ինձ հարազատ մարդիկ, Նիկիտա Սիմոնյանը, որին ես իմ երկրորդ հայրն եմ համարում։ Ցանկանում եմ հիշել գավաթի եզրափակիչ խաղը, երբ հիմնական ժամանակի ավարտից հետո Նիկիտա Սիմոնյանը մեզ հանդերձարանում ասում էր, որ հարկավոր է ամեն ինչ անել հարցերն այդ 30 րոպեում լուծելու, հասնել հաղթանակի, այլապես վաղն արդեն ուշ կլինի։ Եվ, իհարկե, մենք չէինք կարող չկատարել մեր սիրելի մարզչի պահանջը։ Խաղադաշտ մտանք ու ես հաղթական գոլը խփեցի։ Շնորհակալ եմ բոլորիցդ, որ աջակցել եք մեզ։