Պատասխանում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Արշակ վարդապետ Խաչատրյանը
Վերջին շրջանում մամուլում, եւ ոչ միայն մամուլում, հաճախակի է արծարծվում Երեւանի Սբ. Կաթողիկե եկեղեցու շրջատարածքը, ներառյալ ՀՀ ԳԱԱ լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտների շենքը, կառավարության որոշմամբ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնին հանձնելու հարցը։ Ի պատասխան հրապարակայնորեն հնչած բոլոր հարցադրումների Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգը ներկայացնում է հարցազրույց Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ Արշակ վրդ. Խաչատրյանի հետ։
- Հայր սուրբ, թերեւս, ներկայացնեիք հարցի էությունը։
¬ Ըստ էության ոչինչ արտասովոր եւ արտառոց չի կատարվել։
Մայր Աթոռ Սբ. էջմիածինը մայրաքաղաքի միակ միջնադարյան եկեղեցինՙ Սբ. Կաթողիկեն, պատշաճ վայելչությամբ հանրությանը ներկայացնելու եւ հավատացյալների կարիքներին ծառայեցնելու նպատակով դիմել էր կառավարությանըՙ խնդրելով սեփականության իրավունքով տրամադրել եկեղեցուն հարակից պատմական շրջատարածքը, ներառյալ եկեղեցին շրջափակող շենքը։ Կառավարությունն ընթացք է տվել Սբ. Էջմիածնի դիմումինՙ վերահաստատելով եկեղեցու եւ հարակից տարածքի նկատմամբ Սբ. Էջմիածնի պատմական իրավունքը։
Եկեղեցին նախատեսել է միջավայրին հարիր բարեկարգումներ իրականացնել, որի անհրաժեշտությունը, ի դեպ, բազում անգամներ շեշտվել է նաեւ խորհրդային տարիներին։ Նախատեսվել է նաեւ հնագույն սրբավայրի մոտ կառուցել կաթողիկոսական նստավայր, ինչը միայն զարդարելու է եկեղեցու համայնապատկերը։ Թյուր կարծիք կա, թե վեհարանը կառուցվելու է ներկայիս շենքի տեղում։ Դա այդպես չէ։
- Լրատվական որոշ միջոցներ խնդիրը փորձում են քննարկել հետեւյալ հարցադրմամբՙ արդյոք հայոց հայրապետին պատմական ավանդական նստավայրըՙ Սբ. Էջմիածինը բավարար չէ՞։ Եվ կամՙ մայրաքաղաքում արդեն իսկ կա հայրապետական նստավայրՙ նկատի է առնվում երջանկահիշատակ Վազգեն Առաջինի երեւանյան մենատունը։
¬ Այս հարցը պատմական ակունքներ ունի։ Մեր պատմության ընթացքում, երբ հաճախ հոգեւոր եւ վարչական կենտրոնները գործել են տարբեր քաղաքներում, հայոց հայրապետները նստավայր են ունեցել նաեւ հայոց մայրաքաղաքներում։ Երկրի վարչական կենտրոնում հայրապետական նստավայրի անհրաժեշտությունը գիտակցվել է անգամ աստվածամերժ նախորդ հասարակարգի տարիներին։ Հայտնի է Երեւանում նստավայր կառուցելու Գեւորգ Զ Չորեքչյանի նախաձեռնությունը։ Այսօր, փառք Տիրոջ, հնարավորություն է ստեղծված հայոց մայրաքաղաքում հիմնել հայրապետական նստավայր։ Այս առումով ցանկանում ենք ասել, որ Ամենայն հայոց կաթողիկոսության Հայրապետանիստ կենտրոնըՙ իր վեհարանով Սբ. Էջմիածինն է։ Իսկ Երեւանում կաթողիկոսական նստավայրի անհրաժեշտությունը թելադրված է ընթացիկ խնդիրներով։
Ինչ վերաբերում է Վազգեն Ա կաթողիկոսի մենատանը, ուր իր կյանքի վերջին օրերն է անցկացրել եւ ի Տեր հանգել երջանկահիշատակ հայրապետը, այսօր չի կարող բավարարել ներկայիս պահանջներին։ Եվ որ առավել կարեւոր է, Ամենայն հայոց հայրապետի նստավայրը հարկ է, որ լինի եկեղեցական միջավայրում։
- Այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված հայրապետական նստավայրը Սբ. Կաթողիկե եկեղեցու մոտ կառուցելու անհրաժեշտությունը։
- Այս հարցին կցանկանայի պատասխանել հետեւյալ զուգահեռով։
Արգիշտիի սեպագիր արձանագրությունը, որը իրավամբ համարվում է Երեւանի ծննդյան վկայականը, խորհրդանշական կերպով այսօր դրված է մայրաքաղաքի կենտրոնական հրապարակումՙ ցույց տալու համար մայրաքաղաքի ծագման ակունքները։ Ցավոք ներկայիս, երբ մենք խոսում ենք Երեւան քաղաքի պատմության եւ նրա ժամանակային շերտերի մասին, Էրեբունուց մեկեն անցնում ենք Երեւանի բերդին, այսինքնՙ 17-18-րդ դարեր։ Այս ընթացքում մոռանում ենք, սակայն, որ Երեւանը նաեւ միջնադարյան քաղաք է եղել։ Միջնադարյան Երեւանի հոգեւոր խորհրդանիշը եւ առարկայական մարմնավորումն ամենայն իրավամբ հենց Կաթողիկե եկեղեցին է, որը կառուցվել է 13-րդ դարում եւ քաղաքի միջնադարյան շրջանից մեզ հասած ամենահին ու ամենանշանակալից կառույցն է։ Եթե այս դիտարկմանը հավելենք նաեւ, որ եկեղեցին խարսխված է պատմական ավանդույթի ու հոգեւոր նվիրականության վրա, ապա, կարծում ենք, ինքնին հասկանալի է, որ հենց այստեղ պիտի գտնվի Երեւանի հայրապետական նստավայրը։ Այսպիսով, այս ծրագրի իրականացմամբ լուծվում է երկու հարց։ Նախՙ ինչպես ժամանակի պարտադրանքով եկեղեցին դատապարտվել էր բանտարգելության, այնպես էլ այսօրվա թելադրանքով դուրս է բերվում բանտվածությունից։ Եվ երկրորդՙ վերականգնվում է պատմական իրական միջավայրը։ Եվ եթե այս ամենը, չպետք է կատարվի Հայաստանի անկախ ազգային պետականության պայմաններում, ապա ուրեմնՙ էլ ե՞րբ։
- Մինչդեռ հայտարարվում է, որ շենքը քանդելու դեպքում խաթարվում է պատմական միջավայրը։ Բարձրացված աղմուկի մյուս պատճառն այն է, թե կխախտվի այս շենքում տեղակայված ինստիտուտների գիտական գործունեության գործընթացը։
¬ Անկեղծ ասածՙ լեզվի եւ տնտեսագիտության ինստիտուտների աշխատողների, ինչպես նաեւ որոշ լրատվամիջոցների բարձրացրած աղմուկի պատճառներն անհասկանալի են։ Այս առնչությամբ նշենքՙ ինստիտուտի շենքը, ինչպես քաջ հայտնի է, կառուցվել է 1938 թվականին. եկեղեցու եւ ընդհանրապես մեր ժողովրդի հանդեպ աննախադեպ անհանդուրժողականության ու բռնությունների դրսեւորման մի ժամանակ, երբ բազմաթիվ եկեղեցիներ քանդվեցին ու ավերվեցին։ Կաթողիկենՙ կառուցված 13-րդ դարում, լինելով քաղաքի հնագույն եկեղեցին, խնայվեց միայն հայրենասեր մի քանի ճարտարապետների ու քաղաքաշինարարների ջանքերի շնորհիվ, թեեւ այնուամենայնիվ քանդվեց 17¬րդ դարում եկեղեցուն հավելված գավիթը։ Ժամանակի մտայնությանը հարազատՙ որոշվել էր եկեղեցին պարփակել շենքերով։ Այս ծրագրի շրջանակներում է ահա «ծնվել» շենքը։ Այսպիսով, շինության ի հայտ գալու բուն պատճառը եկեղեցին քարե վարագույրով շրջափակելն էր։ Հետեւաբարՙ խնդրո առարկա շենքի գոյությունն ինքն է խաթարում պատմական միջավայրը, մինչդեռ Սբ. Էջմիածնի նախաձեռնության նպատակը այդ միջավայրի վերականգնումն է։ Աղմուկի երկրորդ պատճառի առիթով կարող եմ ասել, որ տնտեսագիտության եւ լեզվի ինստիտուտների աշխատակիցների մտահոգությունն անհիմն է, քանի որ, ինչպես մենք բոլորս տեղեկացվել ենք, կառավարության որոշմամբ, երկու ինստիտուտներին տեղ է հատկացվելու գրականության ինստիտուտի շենքումՙ առավել նպաստավոր պայմաններով։
- Ուրեմն ո՞րն է աղմուկի բուն պատճառը։
¬ Աղմուկի շարժառիթները հասկանալի են։ Սակայն կարծում եմ, որ պետք է քաջություն ունենալ եւ ամեն տեսակի շահից վեր դասել ժողովրդին ծառայելու եւ ազգային արժեքների պահպանության գերագույն շահը։
- Հայր սուրբ, այս ամենի մասին ինչո՞ւ հարկ չի համարվել տեղյակ պահել ինստիտուտների տնօրեններին, առավել եւս, ինչպես մամուլում ասվեց, նրանք փորձել են հանդիպել Վեհափառ հայրապետին, սակայն նրանց խնդրանքը մնացել է անարձագանք։
¬ Որպես Մայր Աթոռի դիվանապետ, նախ եւ առաջ կկամենայի պաշտոնապես հայտարարել, որ Մայր Աթոռին ուղղված որեւէ դիմում եւ կամ խնդրանք Մայր Աթոռի եւ առավել եւս Վեհափառ հայրապետի կողմից անարձագանք չի մնացել եւ չի մնում։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե Վեհափառ հայրապետը իբր թե անարձագանք է թողել ինստիտուտների տնօրենների ընդունելության դիմումը, կուզենայի պարզաբանել։
Կառավարության որոշումից հետո հեռաձայնով դիմել են Վեհարանի քարտուղարությունՙ Նորին Սրբության հետ հանդիպելու եւ շենքի հարցը քննարկելու պահանջով։ Առաջարկվել է ընդունելությունը նշանակել զանգին հաջորդող առաջիկա ուրբաթ օրը, ի պատասխան որի բառացիորեն ասվել է հետեւյալը. «Վեհափառին անձամբ մտեք ասեք, որ մեզ ձեռ չի տալիս»։ Ավելին, ըստ իս, փոխըմբռնման բացակայությունը հակառակ կողմից է։ Վերջին տարիներին, երբ եկեղեցին բողոքի ձայն բարձրացրեցՙ տնօրինության որոշմամբ լեզվի ինստիտուտի մի մասը ռեստորանի վարձակալության տալու առնչությամբ, մի բան, որ չափազանց անհարիր է գիտական-հոգեւոր օջախի, որեւիցե հասկացողություն չդրսեւորվեց։
Այս ամենով հանդերձ, լավատես եմ եւ լիահույս, որ աղմուկ բարձրացողներն առաջիկայումՙ շատ կարճ ժամանակում կգիտակցեն Մայր Աթոռի նախաձեռնության կարեւորությունը, քանզի, խորապես համոզված եմ, ձեռնարկումը միայն բարիք պիտի լինի Երեւան քաղաքի եւ մեր ժողովրդի համար։
- «Առավոտ» թերթի վերջին համարներից մեկը, վկայակոչելով անհայտ մի քաղաքացու հեռախոսազանգ, հայտարարում է, որ հոկտեմբերի 28-30-ը Սբ. Էջմիածնում հրավիրվելու է եպիսկոպոսական հավաք եւ որ «հավաքի ժամանակ բաժանվելու է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին «ընդդիմադիր» բովանդակությամբ մի հայտարարություն (թռուցիկ)»։ Թերթն ակնկալում է Էջմիածնի պաշտոնական պարզաբանումը։
¬ Այո՛, առաջիկա օրերին Մայր Աթոռում նախատեսվում են եպիսկոպոսական, ինչպես եւ թեմական ներկայացուցչական հավաքներ։ Ինչպես գիտեք, ընթացիկ տարին Ամենայն հայոց հայրապետի սրբատառ կոնդակով, ի նշանավորումն Մայր տաճարի օծման 1700-ամյակի, հռչակված է Սբ. Էջմիածնի տարի։ Տարեդարձի հոբելյանական ձեռնարկումների շրջանակներում են ահա անցկացվում եպիսկոպոսաց եւ թեմերի ներկայացուցիչների հավաքները, երբ եկեղեցական եւ աշխարհական դասի ներկայացուցիչները Սբ. Էջմիածնում պիտի նորոգեն իրենց ուխտըՙ միասնաբար խորհելով մեր եկեղեցու առաքելության առավել արդյունավետ կազմակերպման ուղիների շուրջ եւ քննարկեն մեր եկեղեցուն ու ժողովրդին հուզող խնդիրներ։
Իսկ «Առավոտ»-ի հայտարարությունը լուրջ չէ, ակնկալիքըՙ անհասկանալի։