Տարիներ առաջ երջանկահիշատակ Վազգեն Առաջին Վեհափառը ծրագրել էր Գյումրիի Յոթ վերք եւ ֆիլհարմոնիայի դեր տանող Ս. Աստվածածին եկեղեցիները «հանել» քաղաքի գլխավոր հրապարակ։ Երեք հարկանի մեկ բնակելի շենք (առաջին հարկում խանութներ) ծածկում էր Յոթ վերքը եւ չորս հարկանի բնակելի երկու շենքՙ Ս. Աստվածածինը։ Վեհափառը պատրաստ էր Մայր Աթոռից գումարներ հատկացնելՙ բնակիչների համար քաղաքի այլ վայրում նմանատիպ բնակելի շենքեր կառուցելու համար։ 1990-91 թվականներին անձամբ Վեհափառից եմ հաճախակի լսել. «Այս ծրագիրը թե կարենանք իր լրումին բերելՙ քաղաքի հրապարակը կունենա շքեղ եւ ակնահաճո տեսք, իսկ բանտված եկեղեցիները ազատություն դուրս կգան դեպի հավատացյալ ժողովուրդ»։
Ծրագիրը չիրականացավՙ բնակիչները բողոքեցին. նրանք չէին ուզում քաղաքի կենտրոնից տեղափոխվել, իսկ իշխանություններն էլ, բնականաբար, չէին միջամտում։
Ցավալիորեն այդ սխալն «ուղղեց» երկրաշարժըՙ ավերվեցին ե՛ւ Ս. Աստվածածինը, ե՛ւ նրա դեմի շենքերը, ավերվեց նաեւ Յոթ Վերք եկեղեցին փակող բնակելի շենքը։
Հետերկրաշարժյան օրերին Վեհափառը մի քանի անգամ այցելեց Գյումրիՙ եւ՛ բարոյական, եւ՛ ֆինանսական աջակցություն բերելով տուժած քաղաքին։ Վեհափառը ոչ մի անգամ չէր անդրադառնում տարիներ առաջ իր փայփայած ծրագրին, եւ ես հակված եմ մտածելու, որ նա իր հոգու խորքում այդ ծրագրին դեմ եղող բնակիչների հասցեին որեւէ հանդիմանություն չուներ։
Հասկանալի է, որ եւ՛ այն օրերի, եւ՛ այս վերջին պարագայում խնդիրն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին նախանձախնդրություն ունի եկեղեցին տեսնելու ազատ, ժողովրդին մատչելի։
Այս օրերին Երեւանում խնդրո առարկա Կաթողիկե Սուրբ Աստվածածին 800-ամյա եկեղեցու «ազատագրման» հարցը, կարծում եմ, Գարեգին Երկրորդ Վեհափառի նույն մտահոգությունն էՙ արդարացված ու բնավ էլ բանավեճերի ոչ ենթակա։ Մանավանդ ԳԱԱ-ի նախագահն էլ իր համաձայնությունը տվել էՙ շահագրգռված պատմամշակութային կոթողը ժողովրդի աչքի առաջ մշտապես ունենալու գործում։
Ինձ ուրախացնում է Մայր Աթոռի այսօրվա զուսպ պահվածքըՙ հեռու մնալ այս խնդրի շուրջ անհարկի ծավալված, այսպես ասած, բանավեճերից։ Միանգամայն ազնիվ է Մայր Աթոռի վերաբերմունքըՙ եկեղեցին տեսնելու ազատ, տեսնելու ժողովրդի մեջ, քաղաքի այդ բանուկ մասում մշտապես հավատավոր ժողովրդի աչքի առաջ։
Աբովյան փողոցում կառուցված եւ Կաթողիկե եկեղեցին փակող բարձրահարկի առաջին հարկի պատին եկեղեցու գոյության մասին ազդարարող պղնձաձույլ ցուցանակ էր ժամանակին փակցված։ Հետո այդ ցուցանակն էլ հանեցին, կարծես խանգարում էր բանջարեղենի խանութի ազդագրերին։ Այ, նմա՛ն բաների, նման անհարկի պահվածքների շուրջ պիտի բանավիճել ու վրդովվել, ո՛չ թե հոգեւոր ու մշակութային արժեքների հանդեպ սիրով լցված վերաբերմունքների։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ