Վերջին օրերին հաճախ է խոսվում, որ ԺԴ կուսակցությունն անդամակցելու է «Օրինաց երկիր» կուսակցությանը, հենց այդ փաստը ճշտելու համար խնդրեցինք ԺԴԿ-ի նախագահ պրն Գագիկ Ասլանյանին տալ պարզաբանումներ։
¬ Անդամակցելը ճիշտ չի արտահայտում իմաստը, բայց երկու կուսակցությունների միավորում տեղի է ունենալու։
¬ Ե՞րբ որոշվեց այդ, եւ արդյոք այդ հարցը քննարկվե՞լ է ձեր կուսակցությունում։
¬ Հոկտեմբերի 23-ին կայացել է ԺԴԿ-ի վարչության նիստը, որի ընթացքում որոշվել է միավորվել «Օրինաց երկիր» կուսակցության հետ եւ հարցը ներկայացնել համագումարի որոշմանը։
Պրն Ասլանյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 25-ին ֆիլհարմոնիայի փոքր դահլիճում տեղի կունենա կուսակցության համագումարը, որտեղ կքննարկվի ՕԵ-ի հետ միավորման հարցը։ Իսկ այն լուրերը, թե այդ միավորումով պրն Ասլանյանն ակնկալում է որեւէ փոխնախարարի պաշտոն, ԺԴԿ ղեկավարը նշեց, որ նման հարց ընդհանրապես չի քննարկվել, եւ դա որոշ լրատվամիջոցների ենթադրությունն է։ Միայն ուժերի միավորման խնդիր է։
¬ Հնարավո՞ր է, որ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունն էլ միավորվի, չէ՞ որ դուք նախընտրական փուլում դաշինք էիք կազմել նրա հետ։
¬ Ես պաշտոնապես պատասխանում եմ, որ ամեն կուսակցություն ինքն է որոշում իր քայլերը։ Մենք մերը կատարել ենք։
¬ Իսկ միավորվելուց հետո ԺԴԿ-ն լուծարվելո՞ւ է։
¬ Մենք հիմա հայտարարում ենքՙ միավորվում ենք «Օրինաց երկիր» կուսակցությանը։
¬ Իսկ առանց լուծարման հնարավո՞ր է։
¬ Երբ մենք «Արժանապատիվ ապագա» կուսակցության հետ միավորվում էինք, այդ ժամանակ լուծարվո՞ւմ էինք,-հարցրեց պրն Ասլանյանը։
¬ Բայց այն ժամանակ դուք նախընտրական բլոկ էինք կազմում։
¬ Հետո մենք ասում էինքՙ կարող ենք միավորվել եւ մեկ քաղաքական ուժ դառնալ, այդպես էլ հիմա դառնում ենք մեկ քաղաքական ուժ։
Ի վերջո լուծարվելո՞ւ եք, թե՞ ոչ, իմ պնդմանը պրն Ասլանյանը նշեց, որ լուծարման խնդիր չկա եւ նման հայտարարություն էլ չեն անում։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ