«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2003-10-23 | #194, 2003-10-24 | #195, 2003-10-25


ԲԱՑՎԵՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸՙ ՍԵԼԻՄԻ ԼԵՌՆԱՆՑՔԸ

Երեկ բացվեց Մարտունի-Գետափ ճանապարհը։ Ճանապարհը, որ կոչվում է նաեւ Սելիմի լեռնանցք, մինչ շինարարական աշխատանքներն ուներ 32 ոլորան, այժմՙ «Լինսի» հիմնադրամի միջոցներով իրականացված աշխատանքների արդյունում ոլորանների թիվը հասել է 9-ի։ Ըստ «Ճանապարհաշինություն» ԾԻԳ տնօրեն Էդվարդ Բեզոյանիՙ այս ճանապարհահատվածը գրասենյակի եւ ծրագրի գլուխգործոցն է։ Այստեղ մեկ տարի առաջ գրեթե ճանապարհ չկար։ Սեւան-Մարտունի-Գետափ ավտոմայրուղու 57.5 կիլոմետրանոց ճանապարհից 35.4 կիլոմետրը նոր է կառուցված. ամբողջությամբ ընդգրկում է նաեւ Սելիմի լեռնանցքը։ Այսպիսով, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերը Սեւանի ավազանին կապող ճանապարհը կրճատվեց մոտ 200 կիլոմետրով։

«Անցյալ տարի, երբ այստեղ էի, ճանապարհաշինարարների հետ պայմանավորվեցինք, որ ուղիղ մեկ տարի անց ճանապարհը պատրաստ է լինելու։ Նրանք տղամարդու խոսք տվեցին եւ կատարեցին», ասաց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի գնահատմամբՙ սա միջազգային նշանակության ճանապարհ է։ «Մի քանի օր առաջ այս ճանապարհի մասին զրուցել ենք Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակության հետ, զրուցել ենք նաեւ Տրասեկայի եվրոպական հանձնաժողովի ղեկավարության հետ, սա իսկապես դառնալու է միջազգային նշանակության ճանապարհ։ Իրանից Վրաստան տեղափոխվող բեռների համար սա հիմնական օգտագործվող ճանապարհ է լինելու», ասաց նա։

Հանրապետության նախագահի կարծիքով բոլորս դեռ կզգանք ծրագրի տնտեսական նշանակությունը։ «Մենք դեռ պետք է կառուցենք Իջեւան-Բերդ-Ճամբարակ-Շորժա-Վարդենիս-Մարտունի հատվածն ամբողջությամբ, Ապարան-Արթիկ, Ալագյազ-Հրազդան, Արմավիր-Գյումրի եւ Ստեփանավան-Օձուն ճանապարհահատվածները, ասաց նա։ Մենք փոքր օղակներով մարզերը կկապենք, եւ սա մեծ ազդեցություն կունենա տնտեսական ընդհանուր իրավիճակի վրա»։ Ռ. Քոչարյանը չէր կարող ասելՙ «Լինսի» հիմնադրամի ծրագրերը կշարունակվե՞ն, թե՞ ոչ։ Այնպես են աշխատել, որ բոլորի համար պարզ լինի, որ վստահելի գործընկեր են։ Բայց եթե ֆինանսավորումը չշարունակվի, նախագահի կարծիքով, նախորդ 9 ամիսների ընթացքում ապահոված 15 տոկոս տնտեսական աճը հնարավորություն է տալիս մտածելու, որ դրա հաշվին կկարողանան որոշ չափով ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնել։

Քըրքորյանի հայրենանվեր գործի համար Սելիմի ճանապարհին կանգնեցվել էր հուշարձան, որի բացումը տեղի ունեցավ միջոցառման ընթացքում։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4