«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#193, 2003-10-23 | #194, 2003-10-24 | #195, 2003-10-25


ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԽՄԲԻՑ 5-ԻՆՙ ՑՄԱՀ, ՄՅՈՒՍ 2-ԻՆՙ 14 ԵՎ 15 ՏԱՐԻ

Սա ըստ մեղադրող կողմի

Վերջապես երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում «Հոկտեմբերի 27»-ի գործով դատավարության ժամանակ հրապարակվեցին մեղադրող կողմի որոշած պատժաչափերն ամբաստանյալներից յուրաքանչյուրի համար։

Իսկ մինչ այդ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը հրաժարվել էր պաշտպան Սամվել Մարտիրոսյանի ծառայությունից։ Հետաքրքրական է, որ Հունանյանը երեկվա նիստում, դիմելով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներին, նրանցից պաշտպան է խնդրել։

Պաշտպանից հրաժարվելու կապակցությամբ Հունանյանի արդեն նախկին պաշտպան Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի հետ նման համաձայնության են եկել մի քանի օր առաջ։ Այս առումով նույնպես հետաքրքրական մի հանգամանք նշվեց։ Մասնավորապես, ըստ Հունանյանի, իր պատիժը չպետք է գերազանցի 6 տարին, ինչը, ըստ նոր քրեական օրենսգրքի, արդեն կարելի է լրացած համարել։ Խնդիրն այն է, որ ձերբակալությունից մինչեւ դատավճիռ ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր օր հաշվարկվում է որպես 1,5։

Թե ինչ կարծիք ունի Հունանյանը, պարզվեց, որ մեղադրողներին բացարձակապես չի հետաքրքրում։ Այսպիսով Նաիրի Հունանյանի, Կարեն Հունանյանի, Վռամ Գալստյանի, Էդիկ Գրիգորյանի եւ Դերենիկ Բեջանյանի համար մեղադրողները նախընտրել են ցմահ բանտարկություն։ Իսկ ամբաստանյալներ Համլետ Ստեփանյանի եւ Աշոտ Կնյազյանի համար համապատասխանաբար պահանջվեց 14 եւ 15 տարի։

Որպեսզի իրենց ճառերով հանդես գան նաեւ տուժողների իրավահաջորդները, ժամանակ տրամադրվեց մինչեւ հոկտեմբերի 29-ը։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4