Արմեն Սարգսյանը եւ Հովհաննես Հարությունյանը (Ապերը) ըստ էության մեղադրում են միմյանց
Տիգրան Նաղդալյանի սպանության դատաքննությունը երեկ շարունակվեց ամբաստանյալ Արմեն Սարգսյանի ցուցմունքների տեսաձայնագրության դիտումով։ Ցուցմունքի ավարտին տեսաերիզում Արմեն Սարգսյանն ասում էր, թե ինքն այն մարդն է, որ սպանության պատվեր տալու դեպքում գումարը միանգամից կտար, կճարեր ցանկացած տեղից։
Խոսելով Լյովա Հարությունյանի եւ Հովհաննես Հարությունյանի ասածների մասին, Արմեն Սարգսյանը նշում է, որ տեղյակ չէՙ Լյովան որեւէ պատվեր իր նախաձեռնությամբ տվե՞լ է, թե՞ ոչ։ Արմեն Սարգսյանին էլ երբեւէ չի ասել, թե նման պատվեր է տվել։ Ինչ վերաբերում է Հովհաննես Հարությունյանի (Ապերի) սպանության պատվիրատու լինելուն, ապա, ըստ Արմեն Սարգսյանի, Ապերը երեւի մտածել է, որ դա անելով կդառնա ազգային հերոս, ինչ-որ շահ էլ Սարգսյաններից կունենա։
Ամբաստանյալ Արմեն Սարգսյանի կարծիքով, ստացվում է, որ Ապերն օգտագործել է իր անունը, փող աշխատել։ Փող աշխատելու համա՞ր է մարդ սպանել, թե՞ այդ փողը դրել է բիզնեսի մեջ, Արմեն Սարգսյանի համար պարզ չէ։ Սակայն, ըստ նրա, Ապերն իրենից փող ուզելիս ասել է, թե մարդասպանները կորցնելու ոչինչ չունեն, կսպանեն ե՛ւ Ապերին, ե՛ւ Արմենին, ե՛ւ Արամ Սարգսյանին։
Տեսաձայնագրությունը դիտելուց հետո Հովհաննես Հարությունյանի նյարդերը տեղի տվեցին։ Նա վեր կացավ, ասաց, որ ոչ մեկին չի խաբել, որեւէ մեկին պարտք երբեւէ չի մնացել։ Ապա, անդրադառնալով Արմեն Սարգսյանի այն խոսքերին, թե Ապերը նրան սպառնալով, շանտաժի ենթարկելով է գումար վերցրել, Ապերը նշեց, որ եթե Սարգսյանենք 8-10 թիկնապահով են ման գալիս, ինքը մենակ է շրջում, ուստի եւ ի՞նչ շանտաժ պիտի աներ։
Հովհաննես Հարությունյանին, իր իսկ խոսքերով, հատկապես վիրավորել է այն, որ ինքը 60 թե 70 հազար դոլար է վերցրել Արմեն Սարգսյանից։ Այդ առումով Ապերը խնդրեց Սարգսյանին երդվել Սպարապետի գերեզմանով, թե որքան գումար է տվել իրեն։ Հովհաննես Հարությունյանն ավելացրեց նաեւ, որ դա արդեն կպչում է իր ինքնասիրությանը եւ ինքը չի կարող դա տանել։
Այդ ժամանակ դահլիճից ինչ-որ կին «տղամարդավարի» հայհոյեց։ Ապերի հարազատների հետ վիճաբանության մեջ մտնելով, տիկինն իր բառապաշարից էլի մի քանի «գեղեցիկ» բառ ասաց։ Այս առնչությամբ դատավոր Սարո Արամյանը որոշեց, որ այդ կնոջն այլեւս դատարան չթողնենՙ հավելելով, թե այդ կինը դահլիճում անընդհատ «մանեւրում» էր։ Տիկնոջը բերման ենթարկեցին։ Ըստ մեր տեղեկությունների, դա դատական համակարգի նախկին աշխատող, դատավորի օգնական Էմմա Դավթյանն էր։ Նրա մասին ծանոթներն ասացին, թե այս տարվա գարնանից խիստ փոխվել է եւ նախկին պարկեշտ մարդը չէ։
Ինչեւէ, Արամյանն ընդմիջեց դատը, որից հետո շարունակվեցին հարցերն Արմեն Սարգսյանին։ Նախ Սարգսյանը պնդեց, որ Ապերին տվել է 75 հազար դոլար, ապա Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հոկտեմբեր Քարամյանի հարցերին ի պատասխան ամբաստանյալ Սարգսյանը պարզաբանեց. «Ես խառնվել եմ այս պատմությանը միայն այն պատճառով, որ երբեւէ իմ անունը չկպնի այդ գործին»։
Խոսելով ձերբակալվելուց հետո ոչ ճիշտ ցուցմունքներ տալու, այնուհետեւ, ըստ իրեն, ճշմարտությունն ասելու պատճառի մասին, Սարգսյանը նշեց. «Ես չեմ պատկերացրել, որ Ապերը կարող է նման ցուցմունք տալ իմ դեմ եւ նման ձեւով»։ Այն հարցին, թե արդյոք Արմեն Սարգսյանին հայտնի՞ է եղել Գեղամ Շահբազյանի եւ Լյովա Հարությունյանի այն ցուցմունքը, թե մինչեւ Նաղդալյանի սպանությունը նման պատվեր տրվել է ռուս կիլլերներին 50 հազար դոլարով, թե կիլլերները ստացել եւ անհետացել են, ամբաստանյալ Սարգսյանն ասաց, որ այդ մասին ծանոթացել է գործի նյութերից։
Ամբաստանյալին հարցեր ուներ նաեւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Կարինե Նաղդալյանը։ Տկն Նաղդալյանը հետաքրքրվեց, թե արդյոք տղամարդավարի է, իր իսկ խոսքերով, 75 հազար դոլար վճարել սպանություն պարտակելու համար։ Ա. Սարգսյանը պատասխանեց, որ հասկանում է տկն Նաղդալյանի վիճակը։ Եվ եթե մի պահ ենթադրվի, որ ինքը սպանության պատվիրատուն էր, Սարգսյանն, իր խոսքերով, դա կիրագործեր այն ժամանակ, երբ Տիգրան Նաղդալյանը «27»-ի գործով արդեն ցուցմունք տված կլիներ։ Ինչ վերաբերում է 75 հազար վճարելուն, ապա վճարումը, ըստ Արմեն Սարգսյանի, ինքը կատարել է անկախ իր կամքից, վախենալով, թեեւ վախկոտ չէ։ «Ես հոգացել եմ իմ ընտանիքի անվտանգությունը, բացատրեց Արմեն Սարգսյանը։ Մտածել եմ, որ Երեւանում գտնվող Արամին կարող են վնաս տալ։ Վստահ էի, որ ես չեմ հասնի այս օրվան։ Ես չեմ պատկերացրել, որ կարող են իմ դեմ մեղադրանք հարուցել, իմ դեմ ցուցմունք տալ իմ չարածի համար»։
Այնուհետեւ դատարանն անցավ ամբաստանյալ Սամվել Աբրահամյանի ցուցմունքներին։ Նա ընդհանուր առմամբ պնդեց նախաքննական ցուցմունքներըՙ որոշ հանգամանքներ չպնդելով։ Ըստ էության, Սամվել Աբրահամյանի մեղավորությունն այն է, որ Ջոն Հարությունյանից վերջինիս խնդրանքով վերցնելով սպանության զենքը, Աբրահամյանն այն թաքցրել է իր քեռու տանը, ինչպես նաեւ ամբաստանյալը մինչեւ ձերբակալությունները տեղյակ է եղել Ջոնի կատարած սպանության մասին։
Պատասխանելով Ֆելիքս Առուստամյանի հարցերին, Սամվել Աբրահամյանը նշեց, որ իմանալով սպանության կատարման մասին, բարկացել է Ջոն Հարությունյանի եւ Ֆելիքս Առուստամյանի վրա։ Իսկ երբ Ֆելիքս Առուստամյանը ասել է, թե ինքը հրաժարվելով ոչինչ չի արել, թեեւ գնացել է Ջոնի հետ, Սամվել Աբրահամյանը հետաքրքրվել է, թե ինչու Ֆելիքսը Ջոնին թույլ է տվել իրականացնելու սպանությունը։ Այս կապակցությամբ Ֆելիքս Առուստամյանն Աբրահամյանին ասել է, որ առաջարկել է Ջոն Հարությունյանին հրաժարվել սպանություն կատարելուց։ Հարությունյանը պատասխանել է, որ իրենց համար փող են ծախսել եւ ինքը ստիպված է կատարել։
Ինչ վերաբերում է այն նախաքննական ցուցմունքներին, թե Ֆելիքս Առուստամյանը Սամվել Աբրահամյանին ինչ-որ գումարներ է տվել, դատարանում Աբրահամյանը նշեց, որ երբեւէ Ֆելիքսն իրեն փող չի տվել, ընդհակառակըՙ երբեմն ինքն է օգնել Առուստամյանին։
Դատարանը հարցաքննեց նաեւ ամբաստանյալ Սամվել Հարությունյանին։ Իսկ երբ հերթն ամբաստանյալ Խաչիկ Ահագինյանինն էր, նա պահանջեց իր նախկին պաշտպան Ալբերտ Քարամյանին։ Այս պատճառով էլ նիստն ընդմիջվեց մինչեւ հոկտեմբերի 29-ը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ