2000 թվականին, երբ դեռ Հայաստանը Եվրախորհրդի անդամ չէր, ՀՀ Սահմանադրական դատարանը, որ 1997 թվականից դիտորդ անդամ էր, ընտրվեց Եվրոպական երկրների սահմանադրական դատարանների միջազգային կոնֆերանսի լիիրավ անդամ։ Իր նախադեպը չունեցող այդ փաստին այն ժամանակ յուրահատուկ գնահատական տվեց Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ պարոն Գենան. «Հայաստանի սահմանադրական դատարանն արդեն կայացած ինստիտուտ է, եւ նման բացառությամբ կոնֆերանսի լիիրավ անդամ նրա դառնալը ապացուցվել է եվրոպական այս խոշոր կառույցին իր գործուն մասնակցությամբ, իր ակտիվությամբ եւ բազում հետաքրքիր իրատեսական առաջարկներով»։
Երեք տարի առաջ արված այդ վստահությունն ամրապնդվեց եւս մեկ փաստովՙ հոկտեմբերի 10-18-ը Նիկոսիայում կայացած հիշյալ կառույցի 13-րդ նախապատրաստական կոնֆերանսում 2005 թվականի մայիսին հրավիրվելիք կոնգրեսի քննարկման համար ընտրվեց հենց ՀՀ ՍԴ-ի նախագահ Գագիկ Հարությունյանի առաջարկած «Մարդու իրավունքների սահմանափակման գնահատման չափանիշները սահմանադրական արդարադատության պրակտիկայում» թեման։ Եվ դա այն դեպքում, երբ նախկին թեմաները հիմնականում առաջադրել են եվրոպական ավանդական մասնակից երկրներըՙ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Իտալիան։ Քվեարկությամբ եւ մասնակիցների 2/3-ի ձայնով ընտրվող թեմաների մեջ ՀՀ ՍԴ-ի կողմից վերը նշված առաջարկը ընդունվեց որպես ամենաարդիական ու հրատապ քննության առնելիք թեմա։ Սա նաեւ ապացույց է, որ եվրոպական երկրների հարաբերություններում ՀՀ ՍԴ-ն ո՛չ միայն սոսկ կոնֆերանսի մասնակցի, այլեւ հարաբերությունների լիարժեք եւ իրավահավասար սուբյեկտի դեր է կատարում։ Այլեւս մեր երկրի համար նախընտրելի մի իրավիճակ է, երբ եվրոպական այդ հեղինակավոր կառույցի հետագա գործունեության եւ զարգացման կողմնորոշիչները ընդունվում-ճանաչվում են նաեւ ՀՀ ՍԴ-ի ներկայացրած մոտեցումներից ելնելով։
Օրերս Կիպրոսից վերադարձած Գ. Հարությունյանի հետ այս թեմաների շուրջ զրուցելու առիթով էլ մեր թղթակիցը հանդիպեց նրան։
- Այս անգամ օրակարգային էր հիմնականում երկու հարցՙ կոնֆերանսի լիիրավ անդամ ընդունելու վերաբերյալ նոր անդամների դիմումների քննարկումը եւ 2005 թ. կայանալիք կոնգրեսի թեմայի ընտրությունը։ 13-րդ կոնգրեսին մասնակցում էին Եվրոպայի 26 երկրների ՍԴ-ների նախագահներ եւ դատարանների պատվիրակություններ, ինչպես նաեւ դիտորդ-անդամ մի շարք երկրների ներկայացուցիչներ եւ հրավիրյալներ եվրոպական տարբեր կառույցներից։
Առավել լուրջ քննարկման առարկան 2005 թ. կոնգրեսի թեմայի ընտրության հարցն էր, որովհետեւ այդ թեմայի ընտրությամբ ըստ էության որոշվում է պրոբլեմների այն հիմնական առաջնահերթությունը, որոնք տարբեր երկրներին մտահոգելուց զատ սահմանադրական արդարադատության հետագա զարգացման հիմնական ուղղությունն են մատնանշում։ Այս պարագայում առավելապես կարեւորվում են թեմայի հրատապությունն ու առաջնահերթությունը ո՛չ միայն տեսական-մեթոդաբանական, այլեւ պրակտիկ խնդիրների լուծման առումով։ Անշուշտ, հաշվի են առնվում սահմանադրական արդարադատության պրակտիկայում կուտակված հիմնահարցերը, ու թեման պիտի հրատապ լինի ե՛ւ նորանկախ երկրների, ե՛ւ դասական ժողովրդավարության երկրների համար։
Սովորաբար թեմաների քննարկումները շատ բուռն են անցնում, եւ յուրաքանչյուրը բազմապիսի հիմնավորումներ է բերումՙ ապացուցելու իր ներկայացրած թեմայի հրատապությունը։ Նախորդ կոնֆերանսը ներկայացրել էր չորս թեմաՙ ՍԴ-ների եւ եվրոպական ներազգային դատական մարմինների փոխհարաբերությունները, իրավահավասարության սկզբունքը սահմանադրական արդարադատության պրակտիկայում, մարդու արժանապատվությունը որպես հիմնարար իրավունքների աղբյուր, քաղաքացիների եւ մարդկանց ՍԴ դիմելու ինստիտուցիոնալ հիմնախնդիրները։ Հնարավորություն կար նոր թեմաներ առաջադրելու, որոնք կընդգրկվեն ընդհանուր թեմատիկ ցանկում եւ նախորդ թեմաների հետ քննարկման առարկա կդառնան։ Լրացուցիչ թեմաներ ներկայացվել էին ԳԴՀ Սահմանադրական դատարանիցՙ «Ամուսնության եւ ընտանիքի սահմանադրական պաշտպանությունը», Իտալիայի ՍԴ-իցՙ «Մարդու արժանապատվությունը որպես մարդու հիմնարար իրավունք», Պորտուգալիայի ՍԴ-իցՙ «Փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հիմնահարցեր»։ Արեւելյան Եվրոպայի եւ նախկին Խորհրդային Միության երկրներից օրակարգում ընդգրկված թեմաների մեջ առանձնացվել էր միայն Հայաստանի ներկայացրած թեմանՙ «Մարդու իրավունքների սահմանափակման գնահատման չափանիշները սահմանադրական արդարադատության պրակտիկայում»։ Ես այս թվարկումն արեցի, որպեսզի հասկանալի դառնա թեմայի ընտրության կարեւորությունը։ Հիմնական քննարկումները ընթացան նախկինում ներկայացված եւ լրացուցիչ առաջադրված թեմաների վերաբերյալ։ Ռեյտինգային առաջին քվեարկությամբ մեր թեման հավաքեց 13 ձայն, Գերմանիայի առաջարկությունը ստացավ 6, Իտալիայինըՙ 7 ձայն։
- Ի՞նչն է հատկապես կարեւորվում Ձեր առաջադրած թեմայի մեջ։
- Այս թեման կարող է ընդգրկել սահմանադրականության զարգացման ներկայիս միտումները, սահմանադրական արդարադատությանը նոր հազարամյակում առաջադրված մարտահրավերները եւ կանխորոշել սահմանադրական արդարադատության հետագա զարգացման հիմնական միտումները։ Այս առումով այն բացառիկ կարեւոր է կայացած ժողովրդավարության երկրների համարՙ կապված ահաբեկչության, արտակարգ իրավիճակներում մարդու իրավունքների սահմանափակումների եւ շատ այլ նոր իրողությունների հետ։ Իսկ նորանկախ երկրների համարՙ կապված սահմանադրա-իրավական համակարգի բարեփոխումների կատարելագործման հիմնախնդիրների հետ։ Վերջին հաշվով, ցանկացած ՍԴ, յուրաքանչյուր հարց լուծելիս, առաջին հերթին պետք է պատասխան տա, թե որքանո՞վ է երաշխավորում իրավունքի գերակայությունը։ Նաեւ ա՛յս շրջանակներում է այս թեման բացառիկ կարեւորություն ստանումՙ հիրավի դառնալով ամենահրատապը վերը թվարկված եւ կոնֆերանսին ներկայացրած շատ այլ թեմաների մեջ։
- Այդ թեման մեկ անգամ արդեն, այսպես ասած, իր փորձաշրջանն անցավ Ձեր կազմակերպած երեւանյան միջազգային 8-րդ խորհրդաժողովում։
- Կոնֆերանսի անդամներից ոմանք այդ խորհրդաժողովի մասնակից էին, եւ նրանց համար որոշակիորեն պարզ էր, որ իսկապես կուտակվել են լուրջ տեսամեթոդաբանական հիմնախնդիրներ, որ լուրջ առանձնահատկություններ կան տարբեր երկրների ՍԴ-ներում, եւ որ ժամանակն է վերացական մոտեցումներից անցնել չափանիշների հստակեցմանը, առանձնահատուկ մոտեցումների բացահայտմանը, միասնական դիրքորոշումների մշակմանը։ Ահա ա՛յս պարագայում համաեվրոպական հարաբերությունների հարթության վրա այս թեմայի քննարկումը կողմնորոշիչ մեծ նշանակություն կունենա ո՛չ միայն արդարադատական պրակտիկայում, այլ նաեւ հենց օրինաստեղծ գործունեության մեջ ու նաեւ իրավակիրառական լայն պրակտիկայում։
Երբ Գերմանիայի եւ Իտալիայի ներկայացուցիչները պնդեցին իրենց թեմաների առաջնահերթությունը, որոշվեց այդ երկու թեման միավորել եւ Հայաստանի առաջարկած թեմայի հետ դնել քվեարկության։ Մեր առաջադրած թեման հավաքեց 17, Իտալիայի եւ Գերմանիայի միացյալ թեմանՙ 7 ձայն։
- Շարունակությունն ի՞նչ է լինելու։
- Շարունակությունն աշխատանքն է։ Մասնակից բոլոր երկրները ընտրված թեմայի վերաբերյալ մինչեւ 2004 թ. նոյեմբերը պետք է ներկայացնեն իրենց ազգային զեկույցները, իսկ 2005 թ. մայիսի 10-20-ը կայանալիք կոնգրեսում կմշակվեն ու կամփոփվեն դրանք, եւ քննարկման արդյունքներով կգտնվեն չափանիշների եւ հիմնահարցի վերաբերյալ ընդհանուր կողմնորոշիչները։ Գործնականում այս պրոբլեմն ըստ էության առաջիկա 5 տարիների համար դառնում է սահմանադրական արդարադատության գլխավոր հիմնահարցը։