Նախորդ համարում տեղեկացրել էինք, որ մեր թերթի ինտերնետային էջի ընթերցողների թիվն արդեն հատել է 800.000-ի սահմանը եւ այժմ մոտենում է 1 միլիոնին։
Այդ ընթացքում, այսինքնՙ 2001 թ. հունվարի 27-ից մինչեւ 2003 թ. հոկտեմբերի 24-ը, ընթերցողները մեր սայթում կարդացել են 4.637.050 հոդված եւ լուր։ Այդ կապակցությամբ թերթն ստացել է մի շարք նամակներ, որոնցից առանձնացնում ենք երկուսը։
Սիրելի «Ազգ»-ականներ
Որպես «Ազգի» սայթի ամենօրյա եւ անդավաճան ընթերցող, ջերմորեն շնորհավորում եմ ողջ անձնակազմին 800.000-ի նշանակալից սահմանագիծը հատելու համար։ 1 միլիոնի նշանակետին, վստահ եմ, հասնելու եք շնորհիվ ձեր մատուցած որակի։
ՕՇԻՆ ԼԵՎՈՆ ՄՈՍՏԻՆՅԱՆ, Սան Պաուլո-Բրազիլիա
Հարգելի խմբագիր
Ներկայումս ես ստիպված բնակվում եմ ԱՄՆ-ում։ Ձեր թերթի մշտական ընթերցողներից եմ։ Շնորհակալ եմ ձեր տեղեկատվության համար։ Թեեւ թերթի ոչ բոլոր հոդվածներն են գրված լրագրողական բարձր մակարդակով, բայց դրանք կատարում են շատ կարեւոր դեր. մեզ թույլ են տալիս տեղյակ լինել, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում եւ աշխարհում, ինչպես նաեւ գնահատել այդ իրադարձությունները Հայաստանի քաղաքացու տեսակետից։ Դա շատ կարեւոր է մեզ համար, կարծում եմՙ նաեւ Հայաստանի համար։
Կարող եմ նշել ինտերնետում ձեր թերթի ընթերցման բավական մեծ արագությունը, ի տարբերություն հայկական մյուս ինֆո-սայթերի։ Դրանցից ոմանք այնքան դանդաղ են գործում, որ շատ հաճախ համբերությունդ հատում է եւ ստիպված ես լինում հրաժարվել դրանցից։
Բայց կյանքն առաջ է ընթանում։ Եվ ինտերնետում արդեն հայտնվում են նոր, շատ «արագագործ» սայթեր (այդ թվում ադրբեջանցիների), եւ ընթերցման օպերատիվությունը նպաստում է դրանց ձգողականությանը։ Ուշադրություն դարձրեք դրան, որպեսզի չհայտնվեք հայկական մյուս սայթերի վիճակում։
Եվս մեկ բան. կուզենայի ձեր սայթում տեսնել լուսանկարային նյութեր։
Հաջողություններ ենք մաղթում ձեր շատ կարեւոր գործին։
Հարգանքներովՙ ԳԱԳԻԿ ՄԵԼԻՔ-ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, Կոնեկտիկուտ, ԱՄՆ