«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-ԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Ով ով է. կուսակցություններ, քաղաքական դեմքեր

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի

Այս կիրակի Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցում են քաղաքական 21 միավորումներ։ Քաղաքական վերլուծաբանների կանխատեսումներովՙ խորհրդարան անցնելու 7 տոկոսանոց արգելքը կարող են հաղթահարել ութ կուսակցություններ եւ միավորումներ։

Վրաստանի նոր խորհրդարանը ունենալու է 235 պատգամավոր, որոնցից 150-ը պետք է ընտրվեն համամասնական, 85-ըՙ մեծամասնական ընտրակարգով։

Ներկայացնենք ութ կուսակցություններին եւ միավորումներին, որոնք հնարավորություն ունեն հաղթահարելու 7 տոկոսանոց արգելքը։

«Հանուն նոր Վրաստանի» դաշինքը, որի անպաշտոն ղեկավարը երկրի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն է, գլխավորում է Վրաստանի նախկին պետնախարար (վարչապետ) եւ Մոսկվայում Վրաստանի նախկին դեսպան Վաժա Լորդքիփանիձեն։ Դաշինքին մաս են կազմել տարբեր քաղաքական կողմնորոշումներ ունեցող մի շարք կուսակցություններ, որոնց թվում են սոցիալիստները (ղեկավարՙ Վախթանգ Ռչեուլիշվիլի), ազգային ժողովրդավարները (Իրինա Սարիշվիլի), ծայրահեղ ազգայնական Գուրամ Շարաձեի «Վրաստանն առաջին հերթինՙ հավատ, լեզու, հայրենիք» քաղաքական միավորումը, Աբխազիայի ազատագրման կուսակցությունը եւ այլք։ Թեեւ ժողովրդի շրջանում կառավարամետ այս դաշինքը լուրջ հեղինակություն չի վայելում, նրա առաջնորդները եւ նախագահ Շեւարդնաձեն հայտարարում են իրենց հաղթանակի մասին։ Դաշինքի հավանական ընտրողներն են երկրում բնակվող ադրբեջանցիները (կազմում են բնակչության ավելի քան 6 տոկոսը), Աբխազիայի փախստականները, ուժային կառույցները, պետական մեքենան։ Կառավարամետ այս դաշինքում երկրի բնակչության մոտ 6 տոկոս կազմող հայությունը ներկայացված է ոչ պատշաճ կերպով. ցուցակում Առնոլդ Ստեփանյանը 54-րդ տեղում է, Գիվի Շուգարովըՙ 60-րդ, Ալեքսանդր Մովսիսյանըՙ 108-րդ։

«Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքը գլխավորում են գործող խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն, խորհրդարանի նախկին նախագահներ Ակակի Ասաթիանին («Ավանդապահներ» կուսակցության առաջնորդ) եւ Զուրաբ Ժվանիան («Միացյալ ժողովրդավարների» առաջնորդ)։ Եթե վստահենք այս օրերին հրապարակվող տարբեր սոցիոլոգիական հարցումներին, ապա ընտրությունները կշահի հենց այս դաշինքը։ Ունի հստակ արեւմտամետ դիրքորոշում, միաժամանակ կողմնակից է Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Բուրջանաձեի եւ Ժվանիայի մայրերի հայ լինելը կարելի է համարել դաշինքի խոցելի տեղերից, քանի որ ազգայնամոլությամբ հիվանդ Վրաստանում թեկուզ մորական կողմից հայ լինելը երբեմն ընկալվում է որպես «մահացու մեղք»։ «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքում հայերը ներկայացված են պատշաճ կերպով. Մելիք Ռաիսյանը ցուցակի 24-րդ, իսկ Հենրիխ Մուրադյանը («Վրաստանի հայերի միության» նախագահ)ՙ 29-րդ տեղում են։

«Ժողովրդավարական վերածննդի միություն» կամ «Աղորձինեբա» կուսակցությունը ղեկավարում է Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեն, որը տասը տարուց ավելի չի ժամանում Թբիլիսի։ Աբաշիձեն տարբեր առիթներով նշել է, որ նախագահ Շեւարդնաձեի հրահանգով իր դեմ կազմակերպվել են մի քանի մահափորձեր։ «Աղորձինեբայի» հիմնական ընտրազանգվածը Աջարիայում է, ինչը նշանակում է, որ այս կուսակցությունը ընտրություններում կստանա քվեների առնվազն 10 տոկոսը։ «Աղորձինեբան» ունի հստակ ռուսամետ կողմնորոշում, ինքնավար հանրապետության տարածքում տեղաբաշխված է ռուսական 12-րդ ռազմակայանը։ «Աղորձինեբայի» համամասնական ցուցակում ներկայացված են երկու հայերՙ Արմեն Գեւորգյանըՙ 40 համարի տակ, Սաշա Ալեքսանյանըՙ 55։ Մեր ունեցած տեղեկություններով, Ջավախքի հայության մի ստվար զանգված քվեարկելու է «Աղորձինեբայի» օգտին։

«Սահակաշվիլի-Ազգային շարժում» դաշինքի առաջնորդը հայ լինելու մեջ «կասկածվող» Միխայիլ Սահակաշվիլին է, իսկ համամասնական ցուցակը գլխավորում է մեկ այլ «հայ»ՙ Կոբա Դավիթաշվիլին։ Դաշինքն ունի ընդգծված ամերիկամետ դիրքորոշում, ինքըՙ հաճախ ծեծկռտուքների կիզակետում հայտնվող Սահակաշվիլին կասկածվում է հայկական լոբբիստական շրջանակների հետ համագործակցության մեջ։ Դաշինքում ներկայացված չէ եւ ոչ մի հայ։ 35-ամյա Սահակաշվիլին, որն արդեն հասցրել է լինել Վրաստանի արդարադատության նախարար, հայտարարում է, որ իշխանության գալու դեպքում բանտարկելու է այսօրվա իշխանավորներից շատերին։

Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին ամերիկամետ է, հաճախ է օգտագործում «ցեղասպանություն» տերմինը, երբ նկարագրում է նախագահ Շեւարդնաձեի քաղաքականությունը վրաց ժողովրդի հանդեպ։ «Իշխանությունը մաքրենք գողերից»ՙ այս կարգախոսով 43-ամյա իրավաբան Նաթելաշվիլին հաղթեց 2001 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։ Նաթելաշվիլին ծայրահեղ պոպուլիստ է, կուսակցության հիմնական ընտրազանգվածը սոցիալապես անապահով խավն է։ Լեյբորիստների կուսակցական ցուցակում հայեր ընդգրկված չեն։

«Նոր աջեր» դաշինքի առաջնորդ Դավիթ Գամղրելիձեն, ինչպես Զուրաբ Ժվանիան, Նինո Բուրջանաձեն, Միխայիլ Սահակաշվիլին, մյուս երիտասարդ բարեփոխիչները, նախագահ Շեւարդնաձեի աճեցրած կադրերից է։ «Նոր աջեր» կուսակցության առաջնորդները բիզնեսի մարդիկ են, ունեն ընդգծված ամերիկամետ դիրքորոշում։ Դաշինքում հայեր ընդգրկված չեն։

«Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» քաղաքական շարժման առաջնորդները, ինչպես «Նոր աջերը», բիզնեսի մարդիկ են, բայց, ի տարբերություն վերջիններիս, ունեն ավելի շատ ռուսամետ դիրքորոշում, Ռուսաստանին համարում են Վրաստանի կարեւորագույն տնտեսական գործընկերներից։ Դաշինքը գլխավորում է Վրաստանում հայտնի գործարար Գոգի Թոփաձեն։ «Արդյունաբերությունը կփրկի Վրաստանը» կուսակցության կողմից Ախալքալաքում առաջադրված է մեծամասնական Մերուժան Եզոյանի թեկնածությունը։

«Ջումբեր Պատիաշվիլի-«Միասնություն» քաղաքական միավորումը գլխավորում է Խորհրդային Վրաստանի կոմկուսի վերջին առաջին քարտուղար Ջումբեր Պատիաշվիլին, որը հաճախ է այցելում Մոսկվա եւ չի թաքցնում իր ռուսամետ դիրքորոշումը։ 1989 թ. ապրիլի 9-ին, երբ խորհրդային զորքը ուժ գործադրեց Թբիլիսիի խաղաղ ցուցարարների դեմ, Պատիաշվիլին հրաժարական տվեց։ 2000 թ. մասնակցել է նախագահական ընտրություններին եւ պարտվել գործող նախագահ Շեւարդնաձեին։ Ի դեպ, 2000 թ. նախագահական ընտրությունները տեղի ունեցան հենց ապրիլի 9-ին։

Սոցիոլոգիական տարբեր հարցումների համաձայն, վերոնշյալ ութ կուսակցությունները եւ դաշինքները հնարավորություն ունեն հաղթահարելու 7 տոկոս արգելքը։

Ընտրություններին մնացել է ընդամենը 5 օր, սակայն ընտրացուցակները դեռեւս վերջնական տեսքի չեն բերվել, ինչը ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներին, ոչ կառավարական կազմակերպություններին հիմք են տալիս ենթադրելու, որ ընտրությունները կեղծվելու են հօգուտ կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքի։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4