(վերադարձնելու պայմանով)
Երեկ Երեւանից Թբիլիսի ուղեւորված բեռնատար մեքենայի բեռը թեեւ սովորականից թեթեւ էր, սակայն ծանրակշիռ ներդրում էր Վրաստանում ժողովրդավարության կայացման ճանապարհին։ Խոսքը 1000 թափանցիկ քվեատուփերի մասին էր, որոնք ընտրական թոհուբոհով անցած Հայաստանը զիջում է հարեւան երկրին։ Իհարկե, վերադարձնելու պայմանով։
Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում փոխնախագահ Համլետ Աբրահամյանը եւ Վրաստանի ԿԸՀ ներկայացուցիչ Նոդար Եպրեմիձեն քվեատուփերը ժամանակավորապես Վրաստանին տրամադրելու պայմանագիր ստորագրեցին։
Նոյեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է մոտ 1 միլիոն 800 հազար ընտրող։ Անհրաժեշտ 3 հազար քվեատուփերից 2 հազարը Վրաստանն ունի։ Հազարը տրամադրում է Հայաստանը, սակայն մեր երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մասնակցությունը Վրաստանի ընտրություններին թափանցիկ քվեատուփերով չի սահմանափակվում։ Համլետ Աբրահամյանը տեղեկացրեց, որ իբրեւ դիտորդ Վրաստան են մեկնելու երեք հոգի տարածքային ընտրական հանձնաժողովներից, մեկըՙ ԿԸՀ-ից։ Հավանաբար հաշվի առնելով Հայաստանի փորձը, լրագրողներին հետաքրքրում էր, թե որքանով կարելի է վստահ լինել, որ թափանցիկ քվեատուփերը թափանցիկ ընտրությունների երաշխիք են։ Նոդար Եպրեմիձեի կարծիքով, երաշխիք չեն, սակայն բարձրացնում են թափանցիկ ընտրությունների հավանականությունը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ իր հայաստանցի գործընկերների հետ քննարկել է ընտրությունների անցկացման փորձը մեր երկրումՙ ստանալով որոշ գործնական խորհուրդներ։ Թե ինչպիսին էին դրանք, նա չմանրամասնեց, բայց կարելի է ենթադրել, որ դրանք կապ են ունեցել քվեատուփերի կիրառման հետ։ Այսինքնՙ Հայաստանում կիրառված ընտրական «թափանցիկ» տեխնոլոգիաներին են առնչվել։
Դեռեւս հիշում ենք, որ թափանցիկ քվեատուփերը Հայաստանում որոշակի դժվարություններ առաջացրին իրենց փոքրության պատճառով, եւ մանավանդ լցվելու դեպքերում լուրջ գլխացավանք էին դառնում։ Հաշվի առնելով, որ Վրաստանում ընտրողների թիվն ավելին է, քան մեր երկրում (սա ենթադրում է, որ տպագրվող քվեաթերթիկների թիվը եւս ավելին է), ընտրական մեր օրինակին հետեւելու դեպքում վրացիներն ավելի լուրջ դժվարությունների առջեւ են կանգնելու։
Մասնավորապեսՙ եթե պրն Եպրեմիձեն լավ է յուրացրել հայաստանցի իր փորձառու գործընկերների դասը, ապա հարկադրված է լինելու քվեատուփերի մեծաքանակ լցոնումներ կատարել, որն իր երկրիՙ Վրաստանի պարագայում կարող է գերազանցել մեր խղճուկ 450 հազար քվեաթերթիկների թիվը, որի դեպքում մեր եւ իրենց քվեատուփերը հաստատ չեն բավարարի։
Թափանցիկ քվեատուփերի փոխանցմանն օժանդակում է ԵԱՀԿ-ն։ Մեր երկրում ԵԱՀԿ նորանշանակ դեսպան Վլադիմիր Պրյախինը սա գնահատում է իբրեւ «մի երիտասարդ ժողովրդավարության նվերը մյուս երիտասարդ ժողովրդավարությանը»։
Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ