«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ ԵՆ ԵԿԵԼ

ՀՀ նկարիչների միության 16-րդ համագումարում

Պարզվում է, որ Հայաստանի նկարիչների միությունն ունի 1100-ից ավելի անդամ, որից գոնե 750-ն այսօր Հայաստանում է։ Պատկերացնո՞ւմ եք, որ Չինաստանի նկարիչների միությունն ունի ընդամենը... 7 միլիոն անդամ։ Դե, հիմա գումարենք, բաժանենք եւ տեսնենք, թե մենք ենք ավելի նկարիչ ժողովուրդ, թե չինացիները։ Ի դեպ, մեր միության անդամների ցուցակում, չգիտես ինչու, չկան ընտրական կենտրոնական կամ մարզային հանձնաժողովների շատ անդամներ, որը զարմացրել էր Հայաստանի նկարիչների միության երեկ հրավիրված 16-րդ համագումարի մասնակիցներին։ Ամեն դեպքում, համագումարն սկսվեց եւ այսօր էլ կշարունակվի։

Արդեն մի քանի տարի ստեղծագործական, այդ թվում նաեւՙ նկարիչների միության անդամները վիճում են. մեզ պե՞տք են միությունները, եւ եթե պետք ենՙ ապա այդ ձեւո՞վ ու այս գործունեությա՞մբ։

Համագումարից առաջ եւ հենց ընթացքում մենք զրուցեցինք միության մի շարք անդամների հետ։

Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը մեր զրույցի ժամանակ ասաց, որ շարունակվում է այն ավանդույթը, ինչ ստեղծվել է սովետական իշխանության օրոք։ Այսպիսի միություն պիտի որ լինի, ուր կհավաքվեն արվեստագետները։ «Ուրիշ հարց, ասաց արվեստաբանը, որ պետք է փոխվի միության ոճը, ինչպես եւ երկիրն է փոխվել։ Ես հիմա չեմ կարող տալ միության ռացիոնալ ձեւը, բայց պետք է բացառել պայքարն անձերի միջեւ, եւ այն դառնա ծրագրերի պայքար։ Այսինքնՙ մենք միության ղեկավարություն ընտրելիս պետք է հաշվի առնենք միությանն ընդհանրապես եւ միության յուրաքանչյուր անդամի ստեղծագործական գործունեությանը նպաստող ծրագիրը։ Մեզ մոտ (եւ ոչ միայնՙ նկարիչների միությունում) միշտ լինում է պատերազմ անձերի համար եւ անձերի միջեւ։ Դա, իհարկե, ամենամեծ սխալն է»։

ՀՀ նկարիչների միության նախկին նախագահ Արա Շիրազն ասաց.

¬ Ձեր հարցի առիթով հիշեցի մեկ դեպք. Փարաջանովի հետ գնացել էինք Բջնի, որտեղ եկեղեցում տեսանք ալյումինե, էժանագին մի լուսամփոփ։ Երբ տեր հորն ասացինք, որ այստեղ, այս եկեղեցում չի սազում սովետական արտադրության այս լուսամփոփը, նա պատասխանեց. «Երբ այս լուսամփոփի փոխարեն նորը կբերվի, այն ժամանակ արդեն կարելի կլինի մտածել փոխելու մասին»։ Այսպես է նաեւ մեր միության պարագայում։ Վերջին տարիներին, երբ Հայաստանն արդեն անկախացել է, միության կազմակերպական որեւէ նոր ծրագիր չի առաջարկվել։ Երբ կլինի այդ նոր ծրագիրը, ապա կմտածենք նոր որակի կամ տեսակի միության ստեղծման մասին։

Հովհաննես Հարությունյանը մեր ժամանակի այն նկարիչներից է, որը ոչ միայն ստեղծագործական անընդհատ պրոցեսում է, այլ զբաղվում է հայ նկարիչների համաշխարհային հասարակությանը ներկայացնելով։ 10 տարուց ավելի Փարիզում գտնվող կենտրոնի միջոցով Հովհաննես Հարությունյանն աշխարհի խստապահանջ արվեստագետներին է ներկայացրել իր եւ իր ընկերների գործերըՙ սատարելով ոչ միայն նյութական հարցերը հոգալու, այլեւ միջազգային ճանաչման արժանանալու համար։

¬ Նկարիչների միությունը մեզ ընդհանրապես պետք է,¬ ասաց Հովհաննես Հարությունյանը,¬ որն ափսոս է կորցնել։ Բայց մասնակի փոփոխություններ անպայման պետք են, որովհետեւ հիմա ժամանակներն այլ են։ Իհարկե, սովետական ժամանակներում միությունը շատ ու շատ սոցիալական հարցեր էր լուծում։ Այժմ էլ դա կարելի է անել, առանց սպասելու պետության կամ որեւէ հովանավորի օգնությանը։ Թող տարօրինակ չթվա, եթե ասեմ, որ միությունն արտադրանք տվող կազմակերպություն է, եւ կարելի է միջոցներ ստեղծել նկարչին ապահովելու համար։ Իհարկե, սա այսպես ասած «հորիզոնական» մոտեցումն է, երբ բոլոր նկարիչներին, գոնե միության անդամներին պետք է ինչ-որ չափով օգնել։ Բայց, իհարկե, «ուղղահայաց» մոտեցումը, որի դեպքում որոշվում է յուրաքանչյուր ստեղծագործողի ինքնությունը, իսկական արժեքը։ Ափսոս է այս միությունը կորցնել։

Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, նկարիչ Արամ Իսաբեկյանը նույնպես կողմ է միության մոդելը փոխելուն։

¬ Եվրոպական մի քանի երկրներում գործում է ապահովագրության ձեւը,- ասում է պրոֆեսոր Իսաբեկյանը։¬ Նկարիչների միության անդամներն ամեն ամիս կամ ամեն տարի որոշակի չափով գումար են մուծում միության օգտին, եւ եթե գալիս է մի ժամանակ, երբ նրանցից որեւէ մեկը ստեղծագործելու կամ ցուցադրվելու հնարավորություն չի ունենում այլեւս, ապա նրան միջոցներ են տրամադրվում այդ ֆոնդից։

ՀՀ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը ժուռնալիստների հարցերին պատասխանելիս նշեց, որ իր ղեկավարության տարիներին արված շատ ու շատ գործերի շարքում հիմնական ուշադրությունը դարձվել է նաեւ միության ֆոնդի պահպանմանը։ Այն տասնամյակներ շարունակ հայ նկարիչների եւ քանդակագործների համար եղել է հիմնականում նյութամատակարար կազմակերպությունը։ Գործելով պետական հովանավորչության տակ, այն զգալի դեր է կատարել մեր մշակույթի այս ոլորտի ոչ միայն պահպանման, այլեւ զարգացման համար։ Թեկուզ ուրիշ ձեւով, այս ֆոնդը պետք է վերականգնել, համոզված է միության նախագահը։

Համագումարն սկսվեց, ինչպես կարգն է, ՀՀ հիմնով, ՀՀ նախագահի, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ ԳԱ պրեզիդենտի ուղերձներով։ ՀՀ մշակույթի նախարար տիկին Թամար Պողոսյանն ինքն անձամբ էր եկել եւ ողջունեց համագումարի մասնակիցներին։ Նա մասնավորապես ասաց.

¬ Հիրավի, սա իրադարձություն է մեր մշակութային կյանքում, ես կասեիՙ ավելին, ընդհանրապես մեր հայ ժողովրդի կյանքում։ Այսօր հավաքվել է այս դահլիճում մեր մտավորականության, կերպարվեստի, ընդհանրապես մեր հասարակության սերուցքը, սերուցքի մի հատվածը։ Եվ ինչու չէ, եկեք հպարտանանք նրանով, որ աշխարհում իսկապես մենք հարուստ ենք սրանով։ Այս դահլիճն իսկապես ներկայացնում է մեր մեծ ազգային ժառանգության, մեր արվեստի, եւ ինչու չէՙ համաշխարհային մշակույթի լավագույն հատվածը։

Ապա տկն նախարարուհին, ինչու չէ, խոստովանեց, որ անցումային շրջանն իր հետքը թողեց նաեւ այս ոլորտում եւ գուցե մշակույթը չարժանացավ այն ուշադրության, որին խորապես արժանի էր։ Բայց կարծես թե հետեւում են մնում այն ժամանակները, երբ մշակույթը երկրորդացվում էր։

Ապա դահլիճում նստած «մեր հասարակության սերուցքի մի հատվածն» ուշադրությամբ լսեց միության նախագահ Կարեն Աղամյանի զեկուցումն անցած 5 տարիներին միությունում կատարված աշխատանքների մասին։ Իհարկե, նկարիչների միության աշխատանքների մասին վերջին ժամանակներս մամուլն այնքան է խոսել (տպագրելով անչափ ծայրահեղ հոդվածներ), որ համագումարի մասնակիցներին ավելի շատ այդ լուրերի հերքումն ու հաստատումն էր պետք։ Սակայն, անկախ հրապարակումներից, միության նախագահությունն զգալի գործ է կատարել։ Պետք է հաշվի առնենք, որ խորհրդային տարիների պետական հովանավորությունից հետո, այսօր նկարիչների միությունն ու քանդակագործներն այսպես ասած «միայնակ են մնացել» ազատական հարաբերությունների բաց դաշտում։ Եվ հնարավոր ամեն ինչ արվում է, որպեսզի այս կառույցը սատար լինի արվեստագետներին։ Կրկին ցուցահանդեսներ կազմակերպվում են, կրկին նկարիչներն իրենց գործերի հետ գնում են արտասահման։

Միակ դժվարությունը կրկին մնում է պետական հովանավորությունը, գոնե պետության կողմից հոգատարության ցույցեր անելը։

Կրկին ելույթ ունեցան համագումարի մասնակիցները, ովքեր ոչ միայն քննարկեցին միության նախագահի ելույթը, այլեւ հայ նկարչության եւ քանդակագործության այսօրվա վիճակը։

Աղվան Հունանյանն, օրինակ, ասաց, որ «երբ չկա մշակույթ, ապա լինում է ոչխարաբուծություն»։ Դժգոհելով մշակույթի բարձրաստիճան ղեկավարներիցՙ նա նշեց, որ «երկրի առաջին դեմքը, միեւնույն է, արվեստագետն է մնում»։

Արվեստաբան Հենրիկ Իգիթյանը նշեց, որ անցած ժամանակներում նկարիչների համագումարներին ներկա էին լինում երկրի ամենաբարձրաստիճան իշխանավորները։ Իսկ այս անգամ մշակույթի նախարարը մի կարճ ժամանակով ներկա եղավ, ողջունեց ու գնաց։ Մի՞թե նկարիչների միությունը հոգսեր, դժվարություններ չունի, որին պետք է ծանոթանա տկն նախարարուհին հենց իրենցից։ Ու, որպեսզի ամեն ինչ իր տեղն ընկնիՙ նկարիչներից մեկը խորհուրդ տվեց ժուռնալիստներին այս բոլոր հոգսերի մասին մանրամասն տեղեկացնել։

Անկեղծ ասած, ավելի փոթորկահույզ համագումար էր սպասվումՙ ծանոթ լինելով նախահամագումարյան ելույթներին։ Փառք Աստծո, համագումարի առաջին օրը խաղաղ անցավ։

Այսօր համագումարը կշարունակի իր աշխատանքը։

ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4