«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ԵՐԵՎԱՆՈՒՄ ԷՐ ԿԱՐՈ ՆՇԱՆՅԱՆԸ

Օրերս Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում կայացավ կանադահայ ճանաչված երգիչ Կարո Նշանյանի (բաս-բարիտոն) մենահամերգը, որը կազմակերպել էր «Նոր անուններ» ծրագրի նախաձեռնող խումբը։

«Ազգ»-ի թղթակցի հարցին, թե ովքեր են նախաձեռնող խմբի անդամները, «Նոր անունների» ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ Սիլվա Մեքինյանը պատասխանեց. «Վերջին մեկ տարում «Նոր անունների» պատանի կատարողները երկու անգամ հրավիրվեցին Կանադա, ուր Մոնրեալում, հյուրընկալների թվում էր նաեւ Կարո Նշանյանըՙ մաս կազմելով պոլսահայ միությանը»։

Պատանի երաժիշտները «հայտնաբերելով», որ իրենց հյուրընկալը ոչ միայն հայ համայնքում հարգանք ունեցող մի կազմակերպիչ է, այլեւ արվեստագետ երգիչ, Նշանյանին հրավիրեցին Երեւանՙ հանդես գալու մենահամերգներով։

«Երկար ատեն երգած չէի, չէի համարձակի երեւանյան ունկնդրի առջեւ հանդես գալ, սակայն այս պատանիներն այնքան խանդավառեցին զիս, որ չկրցա դիմակայել։

Ամեն բան իրենք ըրին, դահլիճ, հրավիրատոմս, գովազդ, գտան երգչուհի զուգընկեր, որը ինձի համար հայտնություն դարձավ։ Զավակներուս պես սիրեցի այս տաղանդաշատ տղաքը եւ կզգամ, որ ցավով պետք է բաժնվիմ անոնցմէ»։

Կարո Նշանյանը բազմաթիվ մենահամերգներով հանդես է եկել Կանադայի եւ ԱՄՆ-ի տարբեր քաղաքներում, բարձր գնահատվել երաժշտասեր հասարակայնության կողմից։ Նա ելույթներ է ունեցել այնպիսի հեղինակավոր բեմերում, ինչպիսիք են «Էյվերի Ֆիշեր», «Սահմանադրական» սրահները, «Ֆլորենս Գուլդ» լսարանը, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը, Արվեստների հրապարակը, Մոնրեալի Օլիմպիական մարզադաշտը, «Կլոդ շամպայն», «Օսկար Պիտերսոն» համերգասրահները եւ այլն։

Նշանյանը մասնագիտական կրթությունը ստացել է Կանադայումՙ կատարելագործվելով իտալացի հանրաճանաչ պրոֆեսոր Լինա Նարդուչի մոտ։ Բնատուր հարուստ եւ զորեղ ձայնով օժտված արվեստագետը, նրբազգաց երաժշտականությամբ հանդերձ, ունկնդիրներին ներկայանում է իր ճոխ ու բազմալեզու երգացանկով, որն ընդգրկում է օպերային մեներգեր, հայրենասիրական ու ռոմանտիկ երգեր։ Վերջերս թողարկվել է նրա «Ցայգերգ» That՛s life լազերային ձայնասկավառակը, որը հայ եւ դասական մեղեդիների միջոցով ակներեւ է դարձնում արվեստագետի տաղանդը։

Նշանյանի համերգն ունեցավ բացառիկ հաջողություն։ Դահլիճում էին նաեւ օտար, ոչ հայ հյուրեր, որոնք նույնպես մեծապես գնահատեցին Նշանյանի արվեստը։

Որպես զուգընկեր համերգին մասնակցում էր նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետկոնսերվատորիայի ասպիրանտ, միջազգային մրցույթների դափնեկիր, օպերային ստուդիայի մեներգչուհի Նարինե Օջախյանը (սոպրանո), որը ոչ միայն իր բացառիկ ձայնային տվյալներով, այլեւ թատերականացված կատարումներով (համահունչ իր զուգընկերոջը) հավելյալ փայլ ու նրբերանգներ տվեց համերգին։ Կատարվեցին Վերդիի, Կաչինիի, Գաստալդոնի, Մոցարտի եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ, իսկ համերգի պսակը կազմեցին հայ դասականներիՙ Կոմիտասի, Կանաչյանի, Չուխաջյանի, Ռոմանոս Մելիքյանի, Ալան Հովհաննեսի գործերը։ Համերգի կատարելությունը լրացրեց նվագակցողներ Աննա Խաչատրյանի եւ Լոլիտա Պողոսյանի վարպետությունը։

Հայաստանի ունկնդիրը սիրով է սպասում սփյուռքահայ արվեստագետների այցելություններին, որոնք, ցավոք, եզակի են։

Ռ. ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4