«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ՆՈՐ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ԳԻՐՔՙ «ՀԱՅ ԵՐՈՒՍԱՂԵՄ»

Երուսաղեմ այցելած յուրաքանչյուր ոք գիտի, թե հոգեւոր ինչ հզոր էներգիայով է լի այդ հիրավի երկնային քաղաքը։ Հոգեւոր առումով Երուսաղեմը համարվում է համայն աշխարհի մայրաքաղաքը, քանզի այնտեղ այնքան շատ են տարբեր ազգերի սուրբ մասունքները։ Նրանցից ամեն մեկի համար Երուսաղեմն իր տունն է ու, ինչու չէ, նաեւ հոգեւոր հայրենիքը։

Հայի համար Երուսաղեմն առանձնահատուկ նշանակություն ունի, թե հոգեւոր, թե մշակութային առումներով։ Վկայություններ կան, որ հայերը Երուսաղեմում հաստատվել են մինչ քրիստոնեություն ընդունելը։ Երուսաղեմցիներն ասում են, թե քաղաքն ինքն է ընտրում իր բնակիչներինՙ նրանց նախնական փորձության ենթարկելով։ Ահա թե ինչու շատ¬շատերն, անկախ ազգությունից, մեկ շաբաթ անգամ չեն դիմանում ու հեռանում են։ Հայերը դիմանում են արդեն 17 դարից ավելիՙ տարբեր ժամանակաշրջաններում ենթարկվելով ամենածանր փորձությունների։

Երուսաղեմի հայերի ու հայոց սրբավայրերի մասին մի շարք գրքեր են գրվել, որոնց հեղինակներն այնտեղ ժամանակավորապես ապրած հայ կամ օտար մտավորականներն են, եկեղեցականները։ Սուրբ քաղաքը նրանց աչքերում դրոշմվել է իբրեւ սեր, հիացում, զարմանք...

«Հայ Երուսաղեմ» եռալեզու գիրքը, որ վերջերս լույս է ընծայել ռուս¬հայկական սլավոնական համալսարանը, Երուսաղեմի սրբավայրերի ուղեցույց է, որը կազմել են վանքի վանական Էմմանուել Աթաջանյանն ու Ժառանգավորաց վարժարանում մեկ տարի առաջ հայ գրականություն դասավանդած Գեւորգ Մադոյանը։ Վերջինս Երեւանի սլավոնական համալսարանի հայագիտության բաժնի վարիչն է։

Գրքի նախաբանում հեղինակները ներկայացրել են հայերի ծագման, հայոց այբուբենի ստեղծման մասին համառոտ տվյալներ, նշելով, որ 7¬րդ դարում Ավետյաց երկրում եղել են ավելի քան 70 հայկական վանքեր, իսկ 628 թվականին հիմնվել է հայոց պատրիարքությունը։

Հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով 71 էջանոց գրքում զետեղված են բազմաթիվ լուսանկարներ, որոնք պատկերում են սրբավայրերի ամենագողտրիկ անկյուններն անգամ, իսկ դրանց կողքին պարզ ու մատչելի լեզվով խոսվում է սրբավայրերի պատմության մասին։ Պատմությունը սկսվում է IV դարի սկզբում Գրիգոր Լուսավորչի կողմից Սրբոց Հակոբեանց վանքի հիմնադրմամբ, Տրդատ արքայի հովանավորությամբ եւ օժանդակությամբ։ Այնուհետեւ մանրամասն ներկայացվում են մայր վանքըՙ Ս. Հակոբը, իր բոլոր մասունքներով, Ս. Թորոս եկեղեցին, որի կառուցումը, ըստ ավանդության, կապվում է Կիլիկիո Հեթումյան հարստության հետ եւ թվագրվում 1266¬1300 թթ.։ Ս. Թորոս եկեղեցին հայտնի է որպես հնագույն ձեռագրերի մատենադարան, ուր պահվում են մոտ 4 հազար պատմամշակութային արժեք ունեցող ձեռագրեր։ Հաջորդը Հրեշտակապետաց եկեղեցին է, իր հրաշագործ ձիթենիով, որին կապված է եղել Հիսուսը։

Հին քաղաքի Սիոնի դարպասի մոտ է Սուրբ Փրկիչ եկեղեցին, որի վերանորոգման աշխատանքները դեռ ավարտին չեն հասել։ Եկեղեցու պարսպից ներս հայկական գերեզմանոցն է, ուր թաղված են մեծագույն պատրիարքներ եւ հոգեւոր գործիչներ։ Սուրբ Հարություն տաճարը գտնվում է Հին Երուսաղեմի կենտրոնում։ Հույն եւ լատին եկեղեցիների հետ հայ եկեղեցին այս տաճարի գլխավոր պահապանն է, որը այլազան եկեղեցիների ու մատուռների ամբողջություն է։ Մինչեւ XIII դարը հայերին է պատկանել նաեւ Գողգոթանՙ Խաչելության վայրը, որից զրկվել են վրաց եկեղեցու խարդավանքների պատճառով։ Դրա փոխարեն հայերը կառուցել են Երկրորդ Գողգոթա կամ Վերնատուն եկեղեցին, որի պատերին կան հայկական խճանկարներ։

Պողիկտոսի եկեղեցին գտնվում է Հին քաղաքի Դամասկ դարպասից քիչ հեռու։ Այստեղ ամփոփված են հայ զորականների աճյունները, որոնք բյուզանդական շրջանում հավանաբար զոհվել են հանուն հավատքի։ Այստեղ պահպանվում է 4¬րդ դարի հրաշալի խճանկարՙ հայերեն արձանագրությամբ։

Գրքի վերջում հեղինակները կարեւոր են համարել վերստին հիշեցնել, որ գոյության երկհազարամյա պատմության ընթացքում Հայ Երուսաղեմն ունեցել է վերելքի ու անկումային պահեր, նաեւ կորուստներ։ Դրանցից ամենածանրը, թերեւս, Ձիթենյաց լեռան վանքի կորուստն է, որի տեղում այժմ կանգնած է ռուսական Իլիոնսկի (Ձիթենյաց) կոչված վանքը։ VII դարում կառուցված հայկական եկեղեցուց մնացել է միայն հայերեն արձանագրությամբ նրբակերտ խճանկար։

Հայ Երուսաղեմն այսօր էլ դժվարին շրջան է ապրում... Բայց դա արդեն այլ թեմա է։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4