Խմբագրությունը շարունակում է սրտացավ ընթերցողներից արձագանքներ ստանալ Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատության շենքի վաճառքի շուրջ պտտվող լուրերի առնչությամբ։ Նրանցից ոմանք մտահոգություն են հայտնում, ինչպես, օրինակ, 1985-86 թթ. շրջանավարտ Ադամ Պետիկյանը, որը կոչ է անում բոլոր սաներին միանալ եւ թույլ չտալ նման աղետաբեր քայլ։
Սիրելի աշխարհասփյուռ մելգոնյանցիներ, սա հրդեհի ազդանշան չէ, ոչ էլ կատակ։ Հայ ազգային գանձերից մեկըՙ Մելգոնյան վարժարանը, մոտ 75 մլն դոլարով կիպրական մի շինարարական ընկերությանը վաճառվելու սպառնալիքի տակ է, գրում է նա եւ, դիմելով ՀԲԸՄ-ին ու հատկապես պրն Նուբար Դորյանին, նշում. «Ձեռքներդ հեռու մեր դպրոցից։ Մելգոնյանը պատկանում է Մելգոնյան ընտանիքին եւ ամբողջ ազգին։ ՀԲԸՄ-ն կամ որեւէ այլ կազմակերպություն կամ անձնավորություն իրավունք չունի վաճառելու այդ վարժարանը։ Մելգոնյանը կառուցվեց պահպանելու մեզ անհետանալուց, ձուլվելուց։ Մենք այսօր այստեղ ենք կռվելու հանուն այս տարածքի, դպրոցի, ոգու եւ ապագա սերունդների։ Մելգոնյանի ոգին ոչ մի այլ հաստատություն չի կարողացել ներարկել մեզ։ Հայ ժողովուրդը շարունակում է բարգավաճել նաեւ շնորհիվ Մելգոնյանի, որը սոսկ մի տարածք կամ շինություն չէ Նիկոսիայում, այլ ներկայացնում է հայ ժողովրդին ամբողջ սփյուռքում։ Եվ դրա փակումը կամ վաճառքը հավասարազոր կլինի մի նոր ցեղասպանության կամ ահաբեկչական գործողության։ Ժամանակն է կատարելու մեր հայրենասիրական պարտքը եւ բողոքել ՀԲԸՄ-ի Նյու Յորքի կենտրոնական վարչության վրդովեցուցիչ նախաձեռնության դեմ»։
Վերջում «Հայե՛ր, եկեք մի կողմ դնենք մեր քաղաքական, կրոնական ու այլ տարակարծությունները եւ գործենք միասինՙ վառ պահելու ու հաջորդ սերունդներին փոխանցելու Մելգոնյանի ոգին» կոչով դիմում է բոլորին. «Գրեք, խոսեք, էլ. փոստով հաղորդակցվեք ինչքան հնարավոր է շատ մարդկանց հետ եւ ՀԲԸՄ կենտրոնական վարչությանն ուղղված խստագույն նամակներով պահանջեք այդ ծրագրի ամբողջական վերացումը, որպեսզի շարունակվեն հայերին հայ դաստիարակելու ավանդույթները եւ որպեսզի հայերս որպես ազգ սփյուռքում թե հայրենիքում կարողանանք մրցել աշխարհի մյուս հարուստ եւ ուժեղ ազգերի հետ»։
Ուրիշ նամակագիրներ, օրինակ, Հյուսիսային Կարոլինայից Արմեն Հարեյանը, իրենց մտահոգություններին կցում են նաեւ առաջարկություններ. «Հնարավոր չէ՞ արդյոք, որ հայկական կազմակերպությունները կամ անհատները տրաստի նման մի կառույց հիմնեն կամ մշտական կրթաթոշակի ֆոնդ ստեղծենՙ հոգալու համար այդ կրթօջախի ծախսերը։ Ի վերջո, ինչքա՞ն գումար է պետք այդ հաստատությունը պահելու համար։ Մենք պետք է լրջորեն նստենք, հաշվարկենք եւ ըստ այդմ գործենք», գրում է Հարեյանը։