Լրացավ հայկական ֆուտբոլի անվանի վետերաններից մեկիՙ Հովսեփ Ասատրյանի ծննդյան 80-ամյակը։ Նա Հայաստանի ֆուտբոլային այն սերնդի ներկայացուցիչներից է, ով իր խաղընկերներիՙ Սերգեյ Զատիկյանի, Հայկ Կարմիրյանի, Մանուկ Սեմերջյանի, Հակոբ Չալիկյանի, Իլյիչ Մկրտչյանի, Հարություն Քեհեյանի, Քաջայր Փոլադյանի, Արտյուշա Քելեջյանի, Հակոբ եւ Արմենակ Դուրգարյան եղբայրների, Վիկտոր Մերկուլովի, Հմայակ Մխոյանի, Պետրոս Գավլաքյանի, Իշխան Բեգլարյանի հետ բախտ է ունեցել Երեւանի «Դինամոյի» կազմում 1949 թ. առաջինը ներկայացնել հայկական ֆուտբոլը նախկին ԽՍՀՄ-ի բարձրագույն խմբի առաջնությունում։
Հովսեփ Ասատրյանը ծնվել է Թուրքիայում, որտեղ էլ իր ֆուտբոլային առաջին քայլերն է կատարել։ 1944 թ. ավարտել է Կիպրոսի Մելգոնյան կրթական հաստատությունը, ապա ուսանել Բեյրութի ամերիկյան համալսարանում, որի թիմի կազմում էլ խաղացել էՙ միաժամանակ մարզելով տեղի «Բաղրամյան» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներին։ 1946 թ. տեղափոխվելով Հայաստան, Հովսեփ Ասատրյանն ընդգրկվեց Երեւանի «Դինամոյի» վարպետների կազմումՙ 10 տարի շարունակ հանդես գալով թիմի կիսապաշտպանական օղակում։ Տարիների ընթացքում փորձ ու հմտություն ձեռք բերելով, նա դարձավ թիմի առանցքային խաղացողներից մեկնՙ աչքի ընկնելով հուսալի խաղով, տեխնիկական պատրաստությամբ, լավ տիրապետելով գլխով խաղին։ Եվ պատահական չէ, որ նրան շուտով վստահեցին թիմի ավագի թեւկապը։ 1951-1955 թ. Հովսեփ Ասատրյանն էր իր թիմակիցներին խաղադաշտ դուրս բերում։ 1954 թ. Երեւանի «Սպարտակի» կազմում նա մասնակցեց Կիեւի «Դինամոյի» հետ գավաթի եզրափակիչ հանդիպմանը (կրկին որպես թիմի ավագ) եւ արժանացավ ԽՍՀՄ սպորտի վարպետի կոչմանը։ Ավարտելով ելույթները մեծ ֆուտբոլում, նա անցավ մարզչական աշխատանքիՙ մարզելով Երեւանի «Սպարտակ», «Նաիրի», Հոկտեմբերյանի «Սեւան» թիմերը։ Մարզչական գործունեությամբ է զբաղվել նաեւ Սիրիայում ու Լիբանանում։
«Արարատի» վերելքի տարիներինՙ 70-ական թվականներին Հովսեփ Ասատրյանը Հայաստանի սպորտկոմիտեի ֆուտբոլի պետական մարզիչն էր եւ իր ներդրումն է ունեցել թիմի հաջողություններում։ Այնուհետեւ նա սպորտկոմիտեում զբաղեցնում էր ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակության վարչության պետի պաշտոնը։ 1989 թ. Հովսեփ Ասատրյանը մեկնեց ԱՄՆՙ բնակություն հաստատելով Լոս Անջելեսում։ Այս օրերին, երբ նշվում էր «Արարատի» փառապանծ հաղթանակի 30-ամյակն, անվանի վետերանն, անշուշտ, հոգով իր հարազատ թիմակիցների հետ էր եւ հաճելի շատ պահեր ունի վերհիշելու։ Անվանի վետերանին մաղթում ենք ամենայն բարիք։