«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ԵՐԵՔ ՏԻԳՐԱՆ ԵՎ ՄԵԿ ԱՐԱ ՍՏԱՑԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏԻՏՂՈՍՆԵՐ

Գագիկ Հովհաննիսյանը հաղորդում է Հունաստանից

Ռեպորտաժ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ «Ավստրիական ավիաուղիների» աջակցությամբ

Այս օրերին երկրագնդի շախմատային մայրաքաղաքը Սալոնիկից 80 կմ հեռու գտնվող հունական փոքրիկ Հալկիդիկի բնակավայրն է։ Անմիջապես ծովափին տեղավորված «Էգեյան» հյուրանոցում երեքշաբթի իր աշխատանքներն սկսեց շախմատի համաշխարհային ֆեդերացիայի 74-րդ կոնգրեսը, իսկ 500 մետր այն կողմ, «Պալինի» եւ «Աթոս» հյուրանոցների հսկայական սրահներում շարունակվում են աշխարհի պատանիների եւ աղջիկների առաջնությունները։

Նախՙ ՖԻԴԵ-ի կոնգրեսի մասին, մանավանդ որ նրա առաջին օրը բերքառատ էր Հայաստանի համար։ Արա Մինասյանը եւ Տիգրան Նալբանդյանն արժանացան գրոսմայստերի, իսկ Տիգրան Քոթանջյանը եւ Տիգրան Լ. Պետրոսյանըՙ միջազգային վարպետի տիտղոսների։ Գործող կարգի համաձայն, մեր երկու նորընծա գրոսմայստերների «իրավասություններն» ուժի մեջ կմտնեն այն պահից, երբ նրանց վարկանիշները կհատեն 2500-ի սահմանագիծը։ Բայց այդ փոքրիկ պայմանականություններն էլ կհաղթահարվեն։ Այնպես որ, օրինակ, գյումրեցիներին կարելի է շնորհավորել, որ նրանք ի դեմս Արա Մինասյանի, իրենց քաղաքում ունեցան անդրանիկ գրոսմայստերը։ Արան, ի դեպ, Հայաստանում Երեւանից դուրս առաջին շախմատիստն է, որին շնորհվում է այս բարձր կոչումը։ Մինասյանը երդվել է, որ կամուսնանա միայն գրոսմայստեր դառնալուց հետո։ Այնպես որ, պատրաստվե՛ք, պոտենցիալ հարսնացուներ։

Մեր մյուս անվանակոչիկները կրում են աշխարհում, թերեւս, ամենաշախմատային անունըՙ Տիգրան։ ՖԻԴԵ-ի որակավորման հանձնաժողովի նախագահ ֆինն Միրկո Մարկուլան դիմելով ինձ, ժպտալով ասաց. «Ես գիտեմ, որ հայերիդ մոտ Տիգրանն անունն է, այլ ոչ ազգանուն։ Բայց կարող է պատահել, որ այս երեք շախմատիստներն ազգականներ են... Ի դեպ, Մարկուլան, միջազգային կոչման ներկայացնելով մեր պատանի շախմատիստ Տիգրան Պետրոսյանին, կատակով ասաց, որ նման անուն ազգանուն կրող մարդուն տիտղոս պետք է շնորհել միանգամից, առանց որեւէ քննարկման»։

Շնորհավորանքներ կարող են ընդունել նաեւ արտերկրում բնակվող մեր երկու պատանի հայրենակիցները։ Ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցը ստացավ գրոսմայստերի, իսկ Ուկրաինայում բնակվող Եվգենյա Դոլուխանովանՙ միջազգային վարպետի կոչում։

Տեղափոխվելով այն մրցասրահներ, որտեղ ելույթ են ունենում աշխարհի ուժեղագույն պատանի շախմատիստները, ընդգծենք, որ Հայաստանը ներկայացված է աննախադեպ մեծ պատվիրակությամբՙ 16 տղաներ ու աղջիկներ եւ չորս մարզիչներ։ Տպավորիչ է նաեւ մասնակիցների ընդհանուր թիվըՙ աշխարհի 85 երկրներից ժամանել են մոտ 900 շախմատիստներ։

Այն պահին, երբ հաղորդվում են այս տողերը, ընթանում է վեցերորդ տուրը, որով ավարտվում է մրցաշարի առաջին կեսը եւ սկսվում է երկրորդը։ Հինգ տուրից հետո գովասանքի խոսքեր պետք է ասել մեր տղաներին, որոնք բոլոր տարիքային խմբերում (10, 12, 14, 16, 18 տարեկաններ) առաջատարների մեջ են։ Հիանալի է ելույթ ունենում ամենաավագ խմբում հանդես եկող Լեւոն Բաբուջյանը, որը 4,5 միավորով բաժանում է 2-րդ-3-րդ տեղերը։ Շատ վստահ են խաղում նաեւ ամենափոքրիկներըՙ 10 տարեկանները։ Գրիգոր Դիլանյանը, Ռուբեն Գաթրջյանը, Հայկ Թամազյանն ունեն 4-ական, իսկ Եվրոպայի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանըՙ 3,5 միավոր։ 12 տարեկանների մեջ մրցանակային տեղեր գրավելու հնարավորություններ ունեն Ռոբերտ Հովհաննիսյանը (4 միավոր), Հրայր Սիմոնյանը (3,5)։ 14-ամյա Զավեն Անդրեասյանը եւ 16-ամյա Տիգրան Մամիկոնյանը նույնպես վաստակել են 3,5-ական միավոր։

Աղջիկներն առայժմ նկատելիորեն զիջում են պատանիներին։ Միայն 10-ամյա Լուսինե Թորոսյանն է, որ 3 միավորով ընթանում է աղյուսակի առաջին կեսում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4