«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#195, 2003-10-25 | #196, 2003-10-28 | #197, 2003-10-29


ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արդեն քանի տարի իբրեւ նոր իրողություն, որ ռեֆորմի հավակնություն ունի, փորձ է արվում մեր առողջապահական իրականություն ներմուծել ընտանեկան բժշկի ինստիտուտը։ Ընտանեկան բժշկի կոչումն ու անելիքն ինչ-որ տեղ հիշեցնում են պոլիկլինիկաների տեղամասային բժիշկներին։ Տարբերությունը նրանցից եւ առավելությունը թերեւս այն է, որ տվյալ տեղամասի բնակիչն իր բժշկին ընտրելու հնարավորություն չունի, իսկ ընտանեկան բժշկի դեպքում կարող է տարբերակումներ անել։ Նրանք լինելու են ընտանիքի առողջության առաջնային պահպանման զինվորը, ում ազատ ընտրելու իրավունք ունի յուրաքանչյուր ոք։ Այս մասին բազմիցս շեշտվեց երեկ քաղաքապետարանում կազմակերպված հանդիպմանըՙ առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Արմեն Սողոյանի, առողջապահության նախարարության «Առողջության առաջնային պահպանման բաժնի» պետ Ռուզաննա Յուզբաշյանի, Հայաստանի սոցիալական բարեփոխումների ծրագրի ներկայացուցիչ Տատյանա Մակարովայի մասնակցությամբ։

Հանդիպման առիթը հոկտեմբերի 1-ից Էրեբունի համայնքում բժիշկների ազատ ընտրության համակարգի ներդրումն է։ Համայնքի «Էրեբունի» բժշկական կենտրոնը եւ թիվ 17 պոլիկլինիկան բժշկական առաջին օջախներն են, ուր փորձարկվում է նոր մեխանիզմը։ Համայնքի բնակչությունն այսուհետ ստիպված չի լինի օգտվել միայն տարածքային պոլիկլինիկայի թերապեւտի, մանկաբույժի սպասարկումից, այլեւ կարող է բժշկի դիմել համայնքի տարածքում գործող որեւէ այլ պոլիկլինիկայում։

Ողջ աշխարհում լայն տարածում գտած սպասարկման այս ձեւը, հայ առողջապահների կարծիքով եւս, կնպաստի բուժսպասարկման որակի բարելավմանը, քանի որ հայտնվելով մրցակցային անսովոր իրավիճակում, ընտանեկան բժիշկը հարկադրված է անընդհատ զարգացնել իր մասնագիտական գիտելիքներն ու ընդունակությունները։ Ընտանեկան բժիշկը, ի տարբերություն նեղ մասնագետների, կոչված է լուծելու բազմազան ու բազմաթիվ առողջապահական խնդիրներՙ մանկաբուժական, թերապեւտիկ, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, նույնիսկ հոգեբանական։ Բժշկին վճարում է պետությունըՙ պետպատվերի շրջանակներում յուրաքանչյուր անձի համար սահմանված վճարաչափերով։ Մեկ բժիշկը պիտի սպասարկի առավելագույնը 2500 մարդու։ Եվ բժիշկը շահագրգռված կլինի ինչքան հնարավոր է շատ մարդկանց «հավաքագրել» իր մոտ (իհարկե, չգերազանցելով 2500-ի սահմանը), քանի որ իր ստացած գումարը համապատասխանելու է նրանց թվին։ 2000 մարդ հավաքագրելու դեպքում, ըստ այսօր գործող նորմատիվների, ընտանեկան բժշկի աշխատավարձը կազմում է ընդամենը 50 դոլարին համարժեք դրամ։

Ընտանեկան համակարգի ներդրումը, իհարկե, չի նշանակում, որ այլեւս վերջ պիտի դրվի վճարովի ծառայություններին։ Նեղ մասնագիտական ծառայությունները եւ լաբորատոր-գործիքային հետազոտությունները, պետպատվերի շրջանակներից դուրս բուժօգնությունները շարունակելու են վճարովի մնալ։

Ընտանեկան բժիշկների թիվն ավելի շատ է մարզերում, ավելի քիչՙ Երեւանում։ 8 բժիշկ աշխատում է թիվ 17 պոլիկլինիկայում, եւս 30-ը վերապատրաստման տարբեր փուլերում են, Էրեբունու պոլիկլինիկայում 4 ընտանեկան բժիշկ կա, մյուսները դարձյալ դեռ վերապատրաստվում են։

Ի դեպ, բնակիչը կարող է փոխել ընտանեկան բժշկին, եթե դժգոհ է նրա սպասարկումից։

Այս նոր իրողությունը, հաջողության հասնելու դեպքում, հնարավոր է, որ վերակենդանացնի կանխարգելիչ բժշկությունը, ինչը շարունակում է թանկ հաճույք մնալ համակարգի համար։ Հաճախակի շփվելով ընտանիքի բոլոր անդամների հետ, բժիշկը հիվանդությունները վաղ ախտորոշելու բացառիկ հնարավորություն ունի, իսկ հիվանդներըՙ բուժվելու եւ նույնիսկՙ փրկվելու մահից։ Ընտանեկան բժիշկը կարող է անմիջականորեն ուսումնասիրել այս կամ այն հիվանդությանը նպաստող սոցիալական գործոնները, ժառանգական նախատրամադրվածությունը, եւ ժամանակին խորհուրդներ տալՙ կանխելով հիվանդության սրացումը։

Տեսականորեն ամեն ինչ հարթ ու խաղաղ է ընթանում, բայց արեւմուտքից մեր կյանք ներմուծված շատ իրողությունների նման այս մեկն էլ շատ խոչ ու խութեր է հաղթահարելու, մինչեւ մեր կեցության մասնիկը դառնա։ Հնարավորությունները խիստ անբավարար են նախ կադրերի իմաստով։ Արդեն 4 տարի Համաշխարհային բանկի վարկային միջոցներով բժիշկներ են վերապատրաստվում հատկապես գյուղական վայրերումՙ նկատի առնելով առողջապահական ապահովության տեսակետից սրանց առավել խոցելի վիճակը։ 100 գյուղերում արդեն ընտանեկան բժիշկներ կան։ Սակայն Հայաստանում շուրջ 9 հազար բժիշկներ կան, որոնք բոլորն էլ նոր համակարգի անցնելու առնչությամբ վերապատրաստումների կարիք ունեն։ Այլ բան է տիրապետել մեկ եւ միանգամայն այլ բանՙ մի քանի նեղ մասնագիտությունների։ Իսկ դա միայն դրսի վարկային միջոցներով կազմակերպել հնարավոր չէ։ Պետությունը եւս պիտի մասնակից լինիՙ ավաղ, իր ոչ վստահելի գրպանի պարունակությամբ։

Ինչեւէ, առայժմ միակ շոշափելի արդյունքը, որ գրանցվել է նորելուկ ինստիտուտի գործունեությունից, ուռուցքային հիվանդությունների եւ տուբերկուլյոզի վաղ հայտնաբերման ցուցանիշների աճն է։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4