Վերջին շրջանում «Արմենիկում» կենտրոնը կարծես մոռացության է մատնվել։ Հայաստանյան մամուլը գրեթե չի անդրադառնում նրա գործունեությանը։ Սակայն դա ամենեւին չի նշանակում կենտրոնի նշանակության նվազում։ Ընդհակառակը, «Արմենիկումի» նշանակությունն աճում է, դեռ ավելինՙ հայկական այս կենտրոնն իր ներկայացուցչությունն է բացում Թուրքիայում։
Այդ մասին հոկտեմբերի 10-ի համարում տեղեկացնում է Պոլսում հրատարակվող «Ակօս» շաբաթաթերթը։ Ըստ տեղեկության, Ստամբուլում «Արմենիկում» կենտրոնի ներկայացուցչի պարտականությունն ստանձնել է մեր հայրենակից Մաժաք Օհանյանը։ Նա, ապա նաեւՙ Ստամբուլի համալսարանի դատաբժշկական փորձաքննության ամբիոնի պրոֆ. Վեջդեթ Օզը եղել են Հայաստանում։ Վերջինս վերադառնալով Թուրքիա, հրատարակել է համապատասխան մի հոդված, որտեղ մասնավորապես գրում է. «ԴԱՎ-ով վարակված հիվանդների օրգանիզմում վիրուսների արագ նվազումը 1-2 ամսվա պես կարճ ժամանակահատվածն ինձ չափազանց հետաքրքրեց։ Հայ գիտնականների հետ մեր հանդիպումները շարունակվում են։ Ամեն ինչ անում ենք, որ նրանց նվաճումներից օգտվեն նաեւ մեր երկրում»։
Ի դեպ, «Արմենիկում» դեղամիջոցի բուժիչ հատկությունն ընդունել է նաեւ ԴԱՎ-ի դեմ պայքարի թուրքական միությունը։ Ավելինՙ դրա առնչությամբ հետեւյալ բովանդակությամբ գրավոր հայտարարություն է արել. «Արյան մեջ վիրուսի բացակայությունը դեռեւս բջիջներում դրա բացակայության երաշխիք չէ։ Վերջնական եզրակացության հանգելու համար առայժմ վաղ է խոսելը, բայց եւ այնպես, գտնում ենք, որ դեղամիջոցի հետ կապված զարգացումների եւ դրանց արդյունքների ուսումնասիրությունը խիստ օգտակար է լինելու»։
Այդ ընթացքում Երեւանում բուժում է ստացել ոման Ա. Բ-ն, որը 1997-ին վարակվել է ԴԱՎ-ով, իսկ 2001-ին դիմել է Ստամբուլի «Չափա» հիվանդանոց, որտեղ էլ նրան պատասխանել են, որ բուժման համար արդեն ուշ է։ Այս հիվանդը, որի քաշը մինչ այդ 78 կգ-ից իջել է 48-ի, 2001 թ. հոկտեմբերին Երեւանում բուժում էր ստացել, 2002-ի գարնանը նրա նախկին քաշը վերականգնվել էր, իսկ մարմնի վրա առաջացած վերքերը մի քանի ամսվա ընթացքում լիովին փակվել են։ Ընդ որում, Ա. Բ.-ն զարմանքով է նշել, որ Երեւանում շուրջ 6-ամսյա բուժման համար այնքան գումար է ծախսել, որքան մեկ այլ երկրում միայն դեղեր գնելու համար ծախսելու էր 6 ամսում։
Հ. Չ.