Երեկ փաստաբան Ռուբեն Ռշտունու հրավիրած ասուլիսում իր պատմությունն այսպես սկսեց Նորադուզի բնակիչ Քնարիկ Գրիգորյանը։ Նա պատմեց իր որդու եւ հիշատակվող բանդայի հակամարտության մասին։
Միջադեպը տեղի է ունեցել այս տարվա մարտին։ «Սեւան» ազգային պարկի Գավառի տարածքի տնօրեն տկն Քնարիկի որդի Վրեժ Գրիգորյանը ցերեկը աշխատանքից վերադառնալիս Սեւան-Գավառ խճուղում հանդիպել է նույն գյուղի բնակիչ Գարուն Գառնիկի Մանուկյանին։ Վերջինս, ըստ տկն Քնարիկի, եղել է թմրանյութի ազդեցության տակ եւ դանակը ձեռքին հարձակվել է Վրեժ Գրիգորյանի վրա։
Իրար քաշքշելուց հետո Վրեժ Գրիգորյանը հետագա կռվից խուսափելու համար նստում է մեքենան եւ հեռանում։ Երեկոյան կողմ Վրեժի ընտանիքին տեղեկացնում են, որ Գրիգորյանին պատկանող խանութն այրվում է։ Այդ ժամանակ էլ տկն Քնարիկի քրոջ որդի Հրանտ Նավոյանն ասում է, որ Գարուն Մանուկյանը մահացել է։
Պարզվում է, որ քաշքշուկի ժամանակ Գարուն Մանուկյանը ոտքից վնասվածք է ստացել եւ 3 ժամ անց մահացել։ Ըստ Քնարիկ Գրիգորյանի, Գարուն Մանուկյանի հայրըՙ Գառնիկը բժշկական քննություն թույլ չի տվել։
Քանի որ Գարուն Մանուկյանի եւ Վրեժ Գրիգորյանի միջեւ արյունակցական կապեր կային, Քնարիկ Գրիգորյանին տեղեկացրել են, որ Գառնիկ Մանուկյանի տանը զինված մարդիկ են հավաքվել։ Տկն Քնարիկը զանգահարել է մարզային դատախազությունՙ խնդրելով իրենց տունը վերցնել հսկողության տակ։ Բավականին ուշ Գրիգորյանենց տուն են եկել ոստիկաններ, բնակիչներին տնից հեռացրել եւ նախաձեռնել են տան պաշտպանությունը։ Տանն է մնացել միայն Քնարիկ Գրիգորյանի փեսանՙ Նովլեթ Խաչատրյանը։
«Գիշերը զինված բանդան անարգել հարձակվեց տանս վրա։ Հարձակվողները կրակահերթեր արձակեցին դեպի տան ներսը, միլիցիայի ներկայությամբ ամբողջ տունս այրեցին, նաեւ ավտոտնակներըՙ մեքենայի հետ։ Ոստիկանների ներկայությամբ նրանք ոչ միայն այրում էին, այլեւ զբաղվում թալանով», պատմությունն այսպիսի շարունակություն է ունեցել ըստ Ք. Գրիգորյանի։ Այնուհետեւ ծեծելով եւ դանակահարելով Նովլեթ Խաչատրյանին, բանդան խանգարել է անգամ հրշեջ մեքենաներինՙ մարելու կրակը։ «Այդ ամբողջ ընթացքում ոստիկանները հանդիսատեսի դերում էին», այրվող տնից ոչ շատ հեռու այս ամենի ականատեսն է եղել տկն Քնարիկը։
Վրեժ Գրիգորյանի հղի կինը 3 անչափահաս երեխաների հետ գտնվել է հայրական տանըՙ Մայիս Անտոնյանի բնակարանում։ Տունն այրողները, իմանալով ընտանիքի գտնվելու տեղը, հարձակվել են նաեւ Անտոնյանի բնակարանի վրա, կրակահերթեր արձակել։ Հրազենային վնասվածք է ստացել Մուրադ Անտոնյանը, ծեծի են ենթարկել հարսի մորը, ընդհատվել է հարսի հղիությունը։
Այս ամենից հետո Գեղարքունիքի ոստիկանության վարչությունում Գառնիկ Մանուկյանը, Քնարիկ Գրիգորյանի խոսքերով, խփել է վերջինիս, իսկ 2 ամիս անց ծեծի է ենթարկվել Ք. Գրիգորյանի քրոջ որդի Հրանտ Նավոյանը։ Պատահածից 6 ամիս անց «Կամազ» մեքենայով ջարդուփշուր է արվել նաեւ Վրեժ Գրիգորյանին պատկանող բենզալցակայանը։
Ներկայումս Վրեժ Գրիգորյանը թաքնվում էՙ վախենալով բանդայի «հաշվեհարդարից»։ Վրեժ Գրիգորյանը թաքնվում է նաեւ իրավապահներից, քանի որ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Ներկայացնելով այս ողջ պատմությունը, փաստաբան Ռուբեն Ռշտունին նշեց, որ լրատվամիջոցների պաշտպանության կարիքն է զգացվում, քանի որ գործը դատախազությունում քննելու Ռշտունու դիմումները մերժվում են։ Այդպիսովՙ գործը մնացել է այն ոստիկանության քննությանը, որը, ըստ վկաների, այդպես էլ մնացել է հանդիսատեսի դերում։
Այս ամենը կարող էր ըստ էության վստահության չարժանանալ, եթե չնշվեին կոնկրետ մեղավորներ։ Մասնավորապես, Քնարիկ Գրիգորյանի խոսքերով, բանդան հովանավորում է Գեղարքունիքի մարզի ոստիկանության վարչության պետի տեղակալ Յուրա Գեւորգյանը։ Ի դեպ, բանդան անօրինական ճանապարհով ձուկ է արտահանում Բագրատաշեն, Դիլիջանից մեքենաներով, դարձյալ անօրինաբար, փայտ է տեղափոխում Գեղարքունիք։ Ըստ տկն Գրիգորյանի, նման գործունեությունն էլ Մանուկյանների եւ Վրեժ Գրիգորյանի ընդհարումների պատճառ է եղել։
Ինչ վերաբերում է տունը հրկիզողներին եւ ենթադրաբար տան բնակիչների վրա կրակողներին, նշվում են նաեւ նրանց անունները. Համլետ, Հովիկ Ավետիսյաններ, Հակոբ, Ռուբեն, Սասուն Մանուկյաններ, Գագիկ Գրիգորյան։
Ավելացնենք, որ Քնարիկ Գրիգորյանն իր հարսի եւ անչափահաս թոռների հետ այսօր անօթեւան է եւ սպառնալիքի տակ։
Այս պատմությունը ճշմարտության անգամ փոքր տոկոսի դեպքում ընդամենը վկայում է հասարակության մեջ ամրապնդված մի մոտեցում, թե «մեծ գողը ոստիկանն է»։ Այս դեպքում թերեւս ճիշտ կլիներ, որ դատախազությունն իսկապես լրջորեն զբաղվեր նման գործերովՙ անձնական հաշվեհարդարների եւ բանդաների խնդիրները լուծելու համար։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ