«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2003-10-29 | #198, 2003-10-30 | #199, 2003-10-31


ՌՈԲԵՐՏ ՄԱՎԻՍԱԿԱԼՅԱՆ

Անողոք հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո երեկ հանգեց մեր ժամանակների հայ լրագրության, մասնավորապես հեռուստալրագրության ամենապայծառ դեմքերից մեկըՙ Ռոբերտ Մավիսակալյանը։ Եթե հեռուստատեսությունն առավել լայն զանգվածների կարծիքը կազմավորող ամենաազդու միջոցն է, ապա Ռ. Մավիսակալյանն այդ կարծիքի գլխավոր ճարտարապետներից էր մեզանում։ Նրա ստեղծած բոլոր հաղորդաշարերը, «Հինգշաբթի» թե «15 օր», «Հարցեր» թե «6-րդ ստուդիա» կամ «Արմենիա հոթ-լայն», հսկայական հետք են թողել, ավելինՙ ձեւավորել են հասարակական կարծիքը մեզանում։ Եվ ոչ միայն մեզանում։ 1991-1992 թթ.-ին, իր հստակ անգլերենով, վստահություն ներշնչող դիմագծերով եւ ազդու ներկայությամբ նա CNN հեռուստատեսությամբ կիրակնօրյա եթերում միլիոնավոր օտարերկրացիների առաջ ներկայացրել է հայկական իրականությունը, վարպետորեն դեմ դրել ադրբեջանական ու թուրքական քարոզչությանը, ստույգ ներկայացնելով Հայաստանի ու հայության կյանքը, Լեռնային Ղարաբաղի կնճռի էությունը։ Եվ այդ ամենըՙ կատարյալ պրոֆեսիոնալիզմով, արհեստին ու արվեստին ամբողջական տիրապետելով։

Ծնվել է 1940 թ.-ին Երեւանում։ 1965 թ.-ին ավարտել էր Երեւանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետի անգլիական բաժինը։ 1971 թ.-ին մուտք էր գործել հեռուստատեսություն եւ հաջորդաբար ստանձնել պատասխանատու պաշտոններՙ խմբագիր, բաժնի վարիչ, գիտահանրամատչելի հաղորդումների գլխավոր խմբագիր, «Լրաբեր» տեղեկատվական ծրագրի ղեկավար, ընդհուպՙ հեռուստառադիոպետկոմի նախագահի տեղակալ, իսկ ավելի ուշՙ «Հայաստան» եւ «Նորք» հեռուստաընկերությունների տնօրեն եւ «Արմենիա» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան։ 1990 թ.-ին 2 ամսով վերապատրաստման էր մեկնել Ատլանտա (ԱՄՆ)ՙ CNN հեռուստաընկերության կենտրոնակայան։ 1991 թ.-ից անդամ էր Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության եւ Թեքեյան մշակութային միության։ Մաս էր կազմում այդ զույգ կազմակերպությունների վարչություններին։ 1999 եւ 2003 թթ.-ին ՀՌԱԿ-ի ցուցակներով առաջադրվել է Ազգային ժողովի անդամության թեկնածու։ Թարգմանել է մի շարք գրքեր։ Ամուսնացած է, ունի 2 որդի։

Ընտանեկան հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, իսկ քաղաքացիականըՙ նոյեմբերի 1-ին, ժամը 12¬14-ը, երկուսն էլ Հայաստանի ժուռնալիստների միության շենքում։

Ցավակցություն

- Հայաստանի Թեքեյան մշակութային միության Կենտրոնական վարչությունը սգում է վարչության բազմամյա անդամ Ռոբերտ Մավիսակալյանի մահը եւ ցավակցություն հայտնում նրա հարազատներին։

- «Ազգ» օրաթերթի խմբագրությունը սգում է իր տաղանդավոր գործընկերոջՙ Ռոբերտ Մավիսակալյանի մահը եւ վշտակցում նրա բոլոր հարազատներին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4