Երեկ գիշեր անհայտ անձինք ատրճանակից երկու անգամ կրակել են «Նոր աջեր» ընդդիմադիր դաշինքից ԱԺ պատգամավորության թեկնածու Զվիադ Չոխելիի վրա։ Սակայն թեկնածուն չի տուժել, քանի որ եղել է բանակային զրահաշապիկով։ Թբիլիսիի ոստիկանության օպերատիվ հերթապահն ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է, որ մահափորձից հետո անհայտ անձինք այրել են Չոխելիի ավտոմեքենան։ Տվյալ փաստի առթիվ սկսվել է քննություն։
Հաղորդվում է նաեւ, որ նախօրեին Վրաստանի արեւմուտքումՙ Սաչխերե շրջկենտրոնի մոտակայքում չպարզված հանգամանքներում անհետացել է «Ժողովրդավարական վերածնության դաշինք» նախընտրական բլոկից պատգամավորության թեկնածու Թեմուր Գոքսաձեն։ Չորեքշաբթի երեկոյան նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Սաչխերեից 5 կմ հեռու, ամայի ճանապարհի վրա։
Ինտերֆաքս գործակալության տվյալներով, մեքենայում եղել են թեկնածուի բանալիները եւ վարորդական իրավունքը։ Ոստիկանությունում չեն բացառում Գոքսաձեի առեւանգումը։ Անհետացած թեկնածուի որոնումները շարունակվում են։