Խորհրդային Վրաստանի կոմկուսի վերջին առաջին քարտուղար Ջումբեր Պատիաշվիլին երեկ նախընտրական քարոզչական այցով ժամանել է Ախալքալաք։
Ջավախքում գործող, սակայն Վրաստանի արդարադատության նախարարությունում չգրանցված «Վիրք» կուսակցության ղեկավար Դավիթ Ռստակյանն «Ազգի» հետ հեռախոսազրույցում նշեց, որ Ախալքալաքի հայ բնակչությունը ծափահարություններով դիմավորեց «Միասնության» առաջնորդ Պատիաշվիլուն։
«Դրանք մաքուր, անկեղծ ու ի սրտե ծափահարություններ էին եւ միանգամայն տարբերվում էին մի քանի օր առաջ Ջավախք ժամանած Էդուարդ Շեւարդնաձեի համար կազմակերպված ծափահարություններից», ասաց Ռստակյանը։
«Ջավախահայերի մի ստվար հատված ձայն է տալու Պատիաշվիլու կուսակցությանը, քանի որ նրա քաղաքական հայացքները համընկնում են տեղի հայության ցանկություններին եւ նպատակներին», ասաց Ռստակյանը։
«Միասնություն» կուսակցությունն արմատական ընդդիմություն է Էդ. Շեւարդնաձեի վարչակազմին եւ, ի տարբերություն այլ ընդդիմադիր ուժերի, վերջին տասը տարիներին չի համագործակցել իշխանությունների հետ։ Ինքըՙ Պատիաշվիլին, ընդգծված ռուսամետ դիրքորոշում ունի եւ, ի տարբերություն իշխանությունների ու ընդդիմության, չի դնում Ախալքալաքից ռուսական 62-րդ ռազմակայանի դուրսբերման խնդիրը։
Սովորաբար իշխանությունների օգտին քվեարկող ջավախահայությունը նոյեմբերի 2-ին հավանաբար կխախտի ավանդույթը հիմնականում երկու պատճառով. նախՙ գործող իշխանությունները փորձում են ժամ առաջ Ախալքալաքից դուրս բերել ռուսական ռազմակայանը, ինչը նշանակում է եւս 2000 մարդու գործազրկություն (մոտավորապես այսքան հայեր են ծառայում կամ աշխատում ռազմակայանում- խմբ.), երկրորդՙ կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքում առաջին հայը 54-րդ տեղում է, մինչդեռ ցուցակի ավելի բարձր տեղում ընդգրկված են երկու ադրբեջանցիներ։
«Ջավախահայությունը երբեք էլ չի քվեարկել Շեւարդնաձեի կամ կառավարամետ ուժերի օգտին։ Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ արդար ընտրությունների մասին խոսք չի կարող լինել։ Մենք քվեարկում ենք Պողոսի օգտին, բայց վերջում պարզվում է, որ ձայներն ստացել է Պետրոսը», ասաց Ռստակյանը։
Համաձայն վերջին սոցիոլոգիական հարցումների, նոյեմբերի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում կհաղթեն «Բուրջանաձե-ժողովրդավարներ» դաշինքը եւ Միխայիլ Սահակաշվիլու «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը։ Նրանց հաջորդում են լեյբորիստները, «Նոր աջերը», Ասլան Աբաշիձեի «Աղորձինեբան» եւ կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» դաշինքը։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի