«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2003-10-29 | #198, 2003-10-30 | #199, 2003-10-31


ԿՀՎ-Ն ՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՎԻՃԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Կենտրոնական հետախուզության վարչությունն ամեն տարի հրատարակում է մի զեկուցագիր, որը կոչվում է «Համաշխարհային փաստագիրք»։ Դրանում բավական համապարփակ ձեւով ներկայացվում են աշխարհի ավելի քան 200 երկրների եւ տարածքների աշխարհագրության, տնտեսության, բնակչության, զինվորականության, կառավարության եւ տրանսպորտի վերաբերյալ տվյալներ։ Այդ տվյալները տեղադրված են լինում նաեւ ԿՀՎ-ի վեբսայթումՙ http։//www.cia.gov/cia/publications/factbook/geos/am.html

Չնայած առանձնապես լուրջ գաղտնիքներ չեն բացահայտվում այս փաստաթղթում, այնուամենայնիվ, հետաքրքրական է տեսնել, թե ինչպես է ԿՀՎ-ն ներկայացնում որոշակի փաստեր եւ տվյալներ Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Թուրքիայի վերաբերյալ։

«Հայաստան» գլխում բերված են հետեւյալ տեղեկությունները. «Հայաստանը հպարտանում է, թե առաջին երկիրն է, որ պաշտոնապես ընդունել է քրիստոնեությունը (4-րդ դարի սկզբին)ՙ կարճ ժամանակահատվածում ինքնավարություն վայելելով հանդերձ, դարեր շարունակ Հայաստանը գտնվել է տարբերՙ հռոմեական, բյուզանդական, արաբական, պարսկական եւ օսմանյան կայսրությունների տիրապետության ներքո։ Միացել է Ռուսաստանին 1828-ին, իսկ ԽՍՀՄ-ինՙ 1920-ին։ Հայերը շարունակում են հակամարտության մեջ մնալ մահմեդական Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ, հիմնականում հայերով բնակեցված մի տարածք, որը 1920 թ. Մոսկվան փոխանցել է Խորհրդային Ադրբեջանին։ Հայաստանն ու Ադրբեջանն այդ տարածքի համար սկսել են կռվել 1988-ին։ Կռիվը սաստկացել է երկու երկրներիՙ Խորհրդային Միությունից 1991 թ. անկախություն ձեռք բերելուց հետո։ 1994-ի մայիսին, երբ զինադադար հայտարարվեց, հայկական զորքերը գրավել էին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ բուն Ադրբեջանի տարածքի զգալի մասը։ Երկու կողմերի տնտեսությունը վնասվել է խաղաղ կարգավորմանը նպատակաուղղված զգալի առաջընթացի հասնելու իրենց անկարողության պատճառով»։

Հետաքրքրական է նկատել, որ ԿՀՎ-ն Հայաստանի վերաբերյալ իր նախնական տեղեկության ավելի քան երկու երրորդը հատկացրել է Ղարաբաղինՙ հատուկ ուշադրություն ցույց տալով այդ տարածքի նկատմամբ։ Նշելով, որ Մոսկվան Ղարաբաղը «փոխանցել է» Ադրբեջանին, ԿՀՎ-ն հաստատում է Հայաստանի դիրքորոշումը, որ Ղարաբաղը պատմականորեն եղել է Հայաստանի մի մասը։ Այնուհետեւ Ղարաբաղի շուրջ գտնվող տարածքը «բուն Ադրբեջան» կոչելովՙ ԿՀՎ-ն վերահաստատում է, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս չի կազմում։

Առավել հետաքրքրական է «Վեճեր» խորագրի ներքո գրված հետեւյալ պարբերությունը. «Հայաստանը պաշտպանում է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ անջատողականներին, եւ զինվորականությունը գրավյալ է պահում Ադրբեջանի տարածքի 16 տոկոսը։ ԵԱՀԿ-ն շարունակում է միջնորդական առաքելությունը։ Թուրքիայի հետ սահմանը մնում է փակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով։ Նվազել են Թուրքիայում նախկին հայկական հողերի նկատմամբ ավանդական պահանջները։ Վրաստանի Ջավախքի շրջանի էթնիկապես հայ խմբավորումներն առավել մեծ ինքնավարություն եւ Հայաստանի հետ առավել սերտ կապեր են հայցում»։

Այս պարբերությունը երեք սխալ տեղեկություն է պարունակում. ա) Հայաստանը չի գրավել Ադրբեջանի 16 տոկոսը։ Ղարաբաղի հայերն ազատագրվել են Ադրբեջանի բռնակալությունից, բ) Ղարաբաղի հայերը «անջատողականներ» չեն։ Նրանք ինքնորոշում են հայցում, բնական մի իրավունք, որը ճանաչված է ՄԱԿ-ի կողմից, գ) հակառակ այս եւ «փաստագրքի» նախորդ հրապարակումների պնդումների, Թուրքիայում պատմական Հայաստանի հողերի նկատմամբ պահանջատիրությունը չի նվազել։ Սեւրի դաշնագիրը ճանաչել է, որ Թուրքիայի այդ տարածքները հայկական հողեր են։ Առավել ընդարձակ Հայաստանի սահմաններն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնն է գծել։ Մխիթարական է, որ ԿՀՎ-ն ճանաչում է այդ տարածքների հայկական պատկանելությունըՙ գրելով «նախկին հայկական հողեր Թուրքիայում» բառերը։

ԿՀՎ-ի մեկ ուրիշ փաստաթղթում («Հակամարտությունների կարգավորումը Կովկասում եւ Մոլդովայում։ Առաջիկա քայլերի հեռանկարներ») ականավոր մասնագետներ դեմ են արտահայտվել այն մարդկանց կարծիքին, ովքեր պնդում են, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ժամանակն Ադրբեջանի օգտին է։ Նրանք հետեւյալ շատ հետաքրքրական նկատառումներն են մատնանշել. «Որոշ դիտորդներ հայկական դիրքերում զգալի ամրություն են նկատում, քանի որ հայերն այդ տարածքը գրավել են եւ ժամանակի ընթացքում կարող են «դե ֆակտո» ամրագրել։ Չնայած Ադրբեջանն ունի տնտեսական առավելություն, այդ բնագավառի ցուցիչները որոշիչ գործոն կարող են չհանդիսանալ առնվազն երեք պատճառներով. ա) Ադրբեջանի տնտեսության համեմատական հզորությունը նաեւ խոցելի է դարձնում երկիրը, քանի որ հայերը շատ լավ հասկանում են, որ մեկ այլ պատերազմ խանգարելու է նավթի տեղափոխմանը, նվազեցնելու է տարածաշրջանային ներդրումները եւ կասեցնելու է Ադրբեջանի տնտեսական աճը։ բ) Իրենց տառապալից պատմությունը հիմք ընդունելովՙ հայերից շատերն այն եզրակացությանն են հանգել, որ ապահով չեն կարող ապրել Ադրբեջանի տարածքում եւ հետեւապես վճռական են տրամադրված։ գ) Հայերը պատրաստ են տառապանքներ տանել։ Ադրբեջանի կարծրթեւայինների ճառերը քիչ բանի կարող են հասնել։ Դժվարությունն այն է, որ երկու կողմերն էլ համարում են, որ ժամանակն իրենց օգտին է շարժվում։ Երկու կողմերն էլ սխալվում են։ Բայց դժվար է կողմերից յուրաքանչյուրի համար փոխադարձ անվստահությունից ու վիրավորանքներից այն կողմ նայել»։

Հայերը պետք է ամբողջ աշխարհին հստակ հասկացնեն, որ Թուրքիայում պատմական հողերի եւ Ղարաբաղի նկատմամբ պահանջատիրությունն այսօր էլ, ինչպես երբեւէ, ուժի մեջ է եւ բոլորովին չի «նվազել»։

ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4