Նախագահի նախկին թեկնածու, «Հեռանկար» ռազմավարական հետազոտությունների կենտրոնի նախագահ Արամ Կարապետյանն այսուհետեւ հավանաբար ավելի հաճախ կհանդիպի լրագրողներին։ Նախագահական ընտրություններից հետո երկարատեւ դադարից հետո այժմ քաղաքական դաշտում նրա մասնակցությունը լինելու է իբրեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահի։ Հիմնադիր համագումարը կլինի մոտ մեկ ամսից։ Վարչության 11 հոգանոց կազմում երեք նախկին կուսակցականներ են լինելու, երկուսըՙ նախկին դաշնակցականներ, երրորդի կուսակցական պատկանելությունը Արամ Կարապետյանը գերադասում է չհրապարակել։ Իսկ նախկին դաշնակցական, ինչպես հայտնի է, ինքն է (պրն Կարապետյանը նշում է, որ իրեն հեռացրել են կուսակցության շարքերից գաղափարական տարաձայնությունների պատճառով, մինչդեռ այլ պատճառներ են նշում նրա նախկին կուսակիցները, բացի այդ, հայտնի է, որ դաշնակցականները նախկին չեն լինում)։
«Նոր ժամանակներ» կուսակցության թեմային Արամ Կարապետյանն անդրադարձավ երեկ Մամուլի ազգային ակումբում։ Սակայն, ավելի շատ խոսեց մեր երկրի ներքաղաքական զարգացումների մասին, անդրադարձավ Ռուսաստանի քաղաքական իրավիճակին։
Նախագահական ընտրություններից առաջ թեւավոր խոսքեր դարձած Փարաքարը փակելու Արամ Կարապետյանի սպառնալիքները Ռուսաստանում որոշ իմաստով կարծես իրականություն են դառնում։ Նման կատակ արեց ՄԱԱ-ի հյուրըՙ խոսելով Ռուսաստանում սկսված օլիգարխների «որսի» մասին։ Արամ Կարապետյանը կարծում է, որ նույնը տեղի է ունենալու նաեւ Հայաստանում, սակայն մեր երկրում օլիգարխների դուրսմղումը քաղաքական դաշտից լինելու է ավելի կոնյունկտուրայինՙ ընտրովի։ Թերեւս դուրս մղված լինելու վտանգով է պայմանավորված խոշոր գործարարների կողմից կուսակցություններ ստեղծելու, լրատվամիջոցներ գնելու միտումը։ Իսկ ինչո՞ւ այդ նույն գործարարներին թույլ տվեցին մտնել քաղաքական դաշտ, եթե դուրս պետք է մղվեին։ «Ֆինանսավորում ապահովվեց», պատասխանում է Արամ Կարապետյանը եւ կանխատեսում, որ 21-րդ դարում քաղաքականության մեջ հիմնական դերակատարությունը հենց փողն է ունենալու։
Ի դեպՙ կանխատեսումների մասին։ Լրագրողների խնդրանքով Արամ Կարապետյանը ներկայացրեց առաջիկա մեկ տարվա ներքաղաքական զարգացումների իր սցենարըՙ կուսակցությունների ձուլման եւ խոշորացման շարունակություն, լուրջ խնդիրներ քաղաքական կոալիցիայի ներսում, խնդիրներ կոալիցիայի եւ ընդդիմության միջեւ։ Ինչ վերաբերում է հանրապետության նախագահին, ապա, ըստ Արամ Կարապետյանի, կամ Ռոբերտ Քոչարյանից հրաժարական են պահանջելու, կամ էլ ինքը հրաժարական կտաՙ իշխանությունն իր թիմակիցներից մեկին թողնելով։
Մամուլի ազգային ակումբի հյուրն անդրադարձավ նաեւ Հայաստանի էներգահամակարգերի մասնավորեցմանը եւ «Գույք պարտքի դիմաց» ծրագրին։ Ըստ բանախոսի, այս գործարքները հղի են Ռուսաստանի նկատմամբ մեր երկրում լարվածության առաջացմամբՙ էլեկտրաէներգիայի սակագները թանկանալու են, ՌԱՕԵԷՍ-ն էլ լավագույն սեփականատերը չէ, քանի որ ռուսական այս ընկերությունն ինքը խնդիրներ ունի։ Արամ Կարապետյանի համոզմամբ, «Գույք պարտքի դիմաց» պայմանագրով Ռուսաստանի մասնավորեցրած գործարանների հեռանկարը եւս մշուշոտ է։ Դրանք, ըստ նրա, դժվար թե նորմալ գործարկվեն։
Մ. Հ.