Կանադահայ խորհրդարանական Սարգիս Ասատուրյանը երկուշաբթի օրը հյուրընկալել է հայկական խորհրդարանականների պատվիրակությանը, որը Կանադա-Հայաստան խորհրդարանական ընկերության փոխադարձ այցելությունների շրջանակներում այժմ գտնվում է Կանադայում, տեղեկացնում է էլ. փոստով ստացված հաղորդագրությունը։
Պատվիրակության անդամներըՙ Սարգիս Ավետիսյանը (Հանրապետական կուսակցություն), Սամվել Բալասանյանը («Օրինաց երկիր» կուսակցություն), Ալեքսան Կարապետյանը (Ազգային միություն կուսակցություն) եւ Վիկտոր Սողոմոնյանը (ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավար), Մոնրեալում եւ Օտտավայում բազմաթիվ հանդիպումներ են ունեցել բարձրաստիճան կառավարական, այդ թվում միջազգային զարգացման կանադական գործակալության պաշտոնյաների, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, ինչպես նաեւ Միջին Արեւելքի գծով պետքարտուղար Գար Կնուտսոնի, սենատորներ Դեյվիդ Սմիթի, Ռայմոնդ Սետլոկվիի, փոխխոսնակ Էլենի Բակոպանոսի, արտգործնախարար Բիլ Գրահամի եւ տրանսպորտի նախարար Դեյվիդ Կոլենետտիի եւ ընտրությունների գծով իրավաբանական խորհրդի նախագահի օգնական Հոլի Մկմանուսի հետ։ Քննարկվել են մասնավորապես Հայաստանում կանադական զարգացման ծրագրերի եւ ընդհանրապես Հարավային Կովկասում Կանադայի քաղաքականության, ինչպես նաեւ ընտրական համակարգի հետ առնչվող հարցեր։ Նրանց ընդունել է նաեւ Կանադայի վարչապետ Ժան Կրետիենը։ Հայաստանի դեսպանատանը պատվիրակությանը հյուրընկալել է ՀՀ դեսպան Արա Պապյանը։
«Չափազանց ուրախ եմ խորհրդարանական բարեկամության ընկերության կատարած աշխատանքի եւ Հայաստանի հանդեպ Կանադայի կառավարության, ինչպես նաեւ հասարակության ցուցաբերած հարաճուն պաշտպանության համար։ Շնորհակալություն բոլորին եւ հատկապես Մ. Նահանգների կոնգրեսական Ֆրենկ Փալոնիին եւ ՀՀ դեսպան Արա Պապյանինՙ Հայաստանի պատվիրակության այս այցելությունը հաջող անցկացնելու գործում իրենց աջակցության համար», ասել է այդ առթիվ կանադահայ խորհրդարանական Սարգիս Ասատուրյանը։