Նոր օրենքով կունենանք ազատ լրագրողներ, թե՞ դատարանի վախից կարկամողներ...
Զանգվածային լրատվամիջոցների մասին ՀՀ կառավարության առաջարկած օրենքի նախագիծը երեկ քննարկվում էր «Վերածնունդի համախմբում» հասարակական կազմակերպության հրավիրած սեմինարում։ Ինչպես նշեց կազմակերպության նախագահ Վազգեն Պետրոսյանը, նախագծում առկա են բազմաթիվ թերություններ, իսկ որոշ դրույթներ սահմանափակում են խոսքի ազատությունն ու մարդու իրավունքներըՙ վտանգի տակ դնելով ազգային անվտանգությունը։ Պարզելու համար, թե որքանով է նախագիծը համապատասխանում ներկա եւ ապագա հասարակության պահանջներին, իրավական պետություն ունենալու գաղափարին, նաեւ եվրոպական օրենսդրական դաշտին, իրենք կիրառել են համեմատական իրավունքի մեթոդները եւ նախագիծը ենթարկել համեմատական հետազոտության։ Հետազոտվել են Ֆրանսիայի, Շվեդիայի եւ այլ պետությունների գործող օրենքները, ինչպես նաեւ մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումները։ Ըստ հետազոտությունը իրականացրած իրավաբանների խմբի, կառավարության ներկայացրած օրենքը թվում է, թե կարգավորում է ազատ տեղեկատվություն ստանալու եւ տարածելու մարդու սահմանադրական իրավունքը, մինչդեռ առանձին հոդվածներ իրականում սահմանափակում են խոսքի եւ տեղեկատվության ազատության իրավունքը, որն ամրագրված է ՀՀ սահմանադրության 24 հոդվածում, 1948 թ. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում եւ միջազգային այլ պայմանագրերում։ Նրանց դիտարկմամբ, օրենքի նախագծում հստակ սահմանված չէ, թե ո՞ր մարմինը պիտի կարգավորի լրատվության դաշտում ծագած վեճերը, գովազդի վերաբերյալ որեւէ հիշատակում չկա, ինչպես նաեւ սահմանափակված է լրատվության աղբյուրը չբացահայտելու լրագրողի իրավունքըՙ այդ լիազորությունը հանձնելով դատարանին։
Զանգվածային լրատվության մասին օրենքի նախագծի 5¬րդ հոդվածի 2¬րդ կետով սահմանվում է, որ տեղեկատվության աղբյուրի բացահայտումը լրատվական գործունեություն իրականացնողին, ինչպես նաեւ լրագրողին կարող է պարտադրվել դատական կարգովՙ քրեական գործի առիթով։ Իրավաբանների համոզմամբ, դատարանին նման լիազորություններով օժտելը կհանգեցնի մի շարք չարաշահումների։ Թեպետ բողոքարկող կողմերի միջեւ հավասարակշռություն պահպանելու նկատառումով նրանք կողմ են որոշ չափով հիշյալ իրավունքի սահմանափակմանըՙ ելնելով հասարակության շահերից ու անվտանգությունից, սակայն չեն ընդունում դատական կարգով լրագրողին սպառնալը։
Ռ. Պ.