«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2003-10-29 | #198, 2003-10-30 | #199, 2003-10-31


«ԴԱՎԱԴԻՐ ԾՐԱԳՐԵՐ». Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ ՄԵՆՔ ԴՐԱՆՑ ԴԵՄ

Ամեն հինգշաբթի մշակույթի հայկական ֆոնդում քննարկում-հանդիպումների օր է։ Երեկվա հանդիպումը Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանի հետ էր։ Քննարկման էր դրված նրաՙ դեռեւս 2001 թ. «Գարունում» հրապարակված «Համակարգված դավադրություն» գրքույկային տարբերակը։ Ի՞նչ է համակարգված դավադրությունը եւ ո՞ւմ դեմ է ուղղված։ Մարդկության հազարամյա պատմության աշխարհանվաճ նկրտումները, որպես կանոն, ավարտվել են անփառունակ վախճանով եւ աշխարհակալի հավակնությամբ անհատի ողբերգությամբ։ Սրա նպատակը միշտ մեկն է եղել, եղանակներըՙ տարբեր։ Հակոբ Սանասարյանի մտահոգությունները եզրահանգել են հետեւյալին.. «Աշխարհը որոշ բացառություններով կառավարվում է մեկ ուժի կողմից եւ նրան հակադրելի լուրջ ուժեր չկան։ Նախ, միջազգային ամենահեղինակավոր ու զորեղ կազմակերպությունները (Համաշխարհային բանկ, Միջազգային արժույթի հիմնադրամ, ՄԱԿ, Եվրահամայնք, Եվրամիություն) վարկերով, կոնվենցիաներով եւ այլ լծակներով, օգտագործելով նաեւ զորեղ երկրների ներուժը, հիմնարար կենսական հարցերում մարդկությանը պարտադրում են դուրս գալ կյանքի սովորական ընթացքից եւ կորստի ուղի որդեգրել»։

Աշխարհի մի անկյունն էլ Հայաստանն է եւ այսօրվա հայ իրականությանն էլ պարտադրված է համանման ծրագրեր։ Խնդիրը հստակ է, ռեալ իրողությունն ամենքի առաջ. ամենից վտանգավորըՙ երկիրը մեծ թափով հայաթափ անելն է, մնացածներին կառավարելը դառնում է ավելի դյուրին։ «Պատերազմի» քողարկված մյուս մեթոդները տանում են ազգային առանձնահատկությունների ոչնչացման, մշակույթների համահարթեցման, պատմական հիշողության կորուստի։

Դավադիր ծրագրերն ընդգրկում են հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներըՙ հոգեւոր, կրթական, գիտական, մշակութայինՙ ընտանեկան կյանքի քայքայում, ազգային մշակույթի թուլացում, հեռացում արմատներից, պոռնոգրաֆիկ գրականության խրախուսում (պետմրցանակներ, պարգեւներ), ականավոր մտավորականների վարկաբեկում, երիտասարդության ներգրավում անմիտ զվարճանքների մեջ, հոգեւոր կյանքի տկարացում, տգետ, անկիրթ խավի բարձրացում իշխանական աստիճաններին, տարբեր պաշտոններում դիլետանտների ներգրավում, մարդկանց ցավի եւ աղքատության մատնում։

Հավաքին իշխում էր այն մտայնությունը, թե նման ծրագրերը գործում են մեր կամքից անկախ, աշխարհի հզոր ուժերի ցանկությամբ, իսկ իրականացնելու համար նորօրյա աշխարհակալները կիրառում են ամենահզորՙ տեղեկատվական եւ կենսաբանական զենքերը։ Բնության այսաստիճան քայքայումն ու այսպես կոչված գենամոդիֆիկացված սնունդը լիուլի բավարար են մարդկության աստիճանական կործանման համար։ Հիմնական խայծը համարվեց միջազգային եւ միջպետական վարկերը, որոնք առատության եղջյուրից հոսում են աղքատ երկրների մի խումբ ընչաքաղցների գրպաններըՙ հաջորդ սերունդներին դատապարտելով հավերժական տկարության ու կախվածության։

Բացի այս կարծիքներից, կային այլ մոտեցումներ նույնպես։ Ի՞նչ ենք անում ինքներս մեր լեզուն, սովորույթները, եկեղեցին, մշակույթը պաշտպանելու համար, արդյոք մենք կրողն ու ժառանգորդնե՞րն ենք մեր պատմամշակութային արժեքների, ստեղծո՞ւմ ենք ներքին պաշտպանական կառույցներ, գործո՞ւմ են ազգային անվտանգության թեկուզ բնազդային մեխանիզմներ, թե՞ վազում ենք այլոց հետեւից կամ անտարբեր հուսահատության մեջ ընկնում։

Հակոբ Սանասարյանն իր այս գրքույկում մատնանշում է հստակ ճանապարհներՙ չվստահել միջազգային եւ «ազգային» համարվող այն կուսակցություններին, որոնք ուղղակի կամ քողարկված քարոզում ու պարտադրում են վերոհիշյալ ծրագրերը, կտրականապես մերժել վարկային տոկոսներ հասկացությունը, վարկային խորհրդատվությունը համարել կաշառակերության եւ կողոպուտի ինստիտուտՙ դիմակայելու միակ զենքը համարելով ազգային արժեքներին ապավինելը։

Հանդիպման վերջում մշակույթի հայկական ֆոնդի նախագահ Արեւշատ Ավագյանը տագնապով անդրադարձավ շենքում (Գր. Լուսավորչի 15) զբաղեցրած իրենց տարածքների վերաբերյալ վիճահարույց խնդրին, գտնելով, որ գիտությունների ազգային ակադեմիան պատերազմ է հայտարարել մշակույթին։ Մշակույթի հայկական ֆոնդն այդ տարածքն զբաղեցնում է օրինական եւ տարիներ առաջ դատարանի վճիռն անարդար է եւ ապօրինի, ինչն էլ իր հերթին է նպաստում մշակութային հաստատությունների ոչնչացման ծրագրի իրականացմանը։

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4