«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2003-10-29 | #198, 2003-10-30 | #199, 2003-10-31


ՁԱՅՆ, ՈՐ ԲԵԼԼԻՆԻԻ «ՆՈՐՄԱՅԻՆ» ԵՐԳԵՑՆԵԼ Է ՏԱԼԻՍ

«Վաշինգտոն փոստը» Հասմիկ Պապյանի մասին

Ստորեւ թարգմանաբար ներկայացնելով «Վաշինգտոն փոստում» տպագրված Ֆիլիպ Քենիկոտի հոդվածը, ցանկանում ենք ընդհանրապես ընթերցողների եւ, մասնավորապես, արվեստագետ քննադատների ուշադրությանը հանձնել հոդվածի կառուցվածքային, ոճական բնույթը, որտեղ ըստ արժանվույն նշվում են կատարող-արվեստագետի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, մի երեւույթ, որ մեզանում շատ հաճախ բացակայում է։ Մեր քննադատների համար արվեստագետը կա՛մ գերազանց է, կա՛մ էլ ոչնչություն։ Չենք կարողանում խուսափել ծայրահեղություններից եւ փաստերը ներկայացնել չափավորված, մանավանդ հիմնավորվա՛ծ։

Բելլինիի «Նորման» առաջարկի եւ պահանջարկի առումով ամենավիճահարույց խնդիրներից մեկն է օպերային բեմադրություններում։ Պահանջարկը մեծ է, որովհետեւ 19-րդ դարի տիտանական գլուխգործոցներից է։ Բայց նրա գլխավոր անձի դերն այնքան բարդ է եւ ռիսկային, որ առաջարկված երգչուհիներից քչերին է հաջողվում գլուխ հանել դրանից։ Ունկնդիր հասարակությունը շուտ չի ներում այն սոպրանոներին, որոնք ձախողում են դերը, ինչպես մի քանի տարի առաջ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» օպերայում տեղի ունեցավ Ջեյն Իգլենի հետ։ Դերը, Համլետի նման, բարձրագույն հոգեւոր արժեք է ներկայացնում, եւ տապալելու դեպքում խարանը ընդմիշտ մնում է տվյալ երգչուհու ճակատին։

Հայազգի սոպրանո Հասմիկ Պապյանը, որ Նորմայի դերերգը կատարեց «Վաշինգտոն» օպերայում, պիեսի նոր (տվյալ թատրոնի համարՙ առաջին) բեմականացման առթիվ, զուրկ է այդ դերի հանդեպ գործված բոլոր տեսակի զանցանքներից։ Նա լիուլի օժտված է բնության պարգեւած եւ լավ գեներից եկած անհրաժեշտ տաղանդով։ Նրա փոքրիկ սայթաքումները, հուզմունքըՙ բառարտահայտման ժամանակ կամ դրամատիկական գաղափարի ոչ ամբողջական միաձուլումը հեշտությամբ կարելի է ներել։ Պապյանը կարող է Նորմա երգել, մի դեր, որ Բելլինին ինքը «հանրագիտարանային» է որակել։ Ձայնը տեղին է, հստակ եւ փարթամ, աշխույժ եւ տպավորիչ։

«Նորման» թախծոտ ստեղծագործություն է։ Բայց լավ թախծոտ, ինչպես ինքնակարեկցությամբ զբաղվելը ձմեռվա կեսին։ Դա նախնադարյան Եվրոպայում տեղի ունեցող արգելված սիրո մի պատմություն է։ Դրուիդների դասին պատկանող քրմուհի Նորման դրժել է իր կրոնական երդումը եւ ամուսնական կապի մեջ մտել շրջանային կառավարիչ Պոլիոնեի հետ, որը սակայն նրան թողնելովՙ հետապնդում է մեկ ուրիշ քրմուհուՙ Ադալջիսային։ Նորմանՙ գեղեցիկ եւ տիրական, խիստ վիրավորված մտածում է սպանության մասին։

Պապյանը կրքերի այս խճանկարից այնքան էլ գլուխ չի հանում։ Սակայն նրա երգեցողությունը հիասքանչ է։ Եթե ելեւէջների ցուցադրումը մի փոքր փորձառական էր սկզբում, այնուամենայնիվ, տոնայնությունը տեղին էր եւ ընդհանուր առմամբ ճիշտ միահյուսված դերի լիրիկական կառուցվածքին։

Բեմում Նորմայի եւ Ադալջիսայի միաժամանակ հայտնության տեսարաններն ամբողջ օպերայի ամենազգայուն դրվագներն են։ Պապյանն ու մեցո-սոպրանո Իրինա Միշուրան այդ դրվագները դարձրեցին կախարդական, իրենց ձայները համաչափորեն եւ հանգիստ վարպետությամբ միախառնելով իրար։ Դա առավել եւս տպավորիչ էր, եթե հաշվի առնենք դահլիճի անհարմարությունը։ Այս դահլիճը ժամանակավորապես օգտագործվում էՙ մինչեւ վերաբացվի «Քենեդի» կենտրոնի օպերային դահլիճը։ «Վաշինգտոն» օպերայի Սահմանադրության դահլիճում նվագախումբը նստում է երգիչների հետեւում եւ դիրիժորին հետեւում հեռուստատեսային այնքան չքողարկված մոնիտորների միջոցով։

Երբ «Վաշինգտոն» օպերան լավ գործ է ներկայացնում, իսկ սա իրոք շատ լավ գործ է, այն երբեք չի փորձում մարդկանց համոզել, որ ինքը Նյու Յորքի «Մետրոպոլիտենին» կամ Լոնդոնի «Ռոյալ» օպերային հավասարազոր է։ Նա տարբեր մեծություն է ներկայացնումՙ մի փոքր պարզունակ, բայց իսկական, տեղափոխելով հանդիսատեսին առավել անմեղսունակ մի դարաշրջան։ Ներկայացման մեջ օգտագործված են սահող վարագույրներ եւ վերեւից իջնող պանելներ, որոնք բեմի վրա ավելորդ շարժում են առաջացնում։ Բայց լավ երգեցողությունն ու պիեսի ընդհանուր դրամատիկական անմիջականությունը ոչնչով չեն տուժում այս անհարմարությունների պատճառով։ Այս բեմում այս օպերան տեսնելու միակ առավելությունը, գուցե, երգիչներին մոտիկից տեսնելն է։ Ողբերգության այդքան սրտամոտ լինելն ու երաժշտության այդքան լավ լինելը նպաստում են, որ օպերան հաջողությամբ պսակվի։

«Նորման» ամբողջությամբ կանանց մասին է։ Տենորն այնտեղ երկրորդական է։ Ռիչարդ Մարգիսոնը, որպես Պոլիոնե, երգում է պրագմատիկ տափակությամբ, ոչ առանձնապես գեղեցիկ, ոչ էլ տգեղ ձայնով, բայց բավականաչափ հզոր, որ հասկացնի, որ Պապյանի Նորման պետք է տեղի տա իր առաջարկություններին։ Առավել հետաքրքիր եւ տպավորիչ է երիտասարդ բաս-բարիտոն Քայլի Քետելսենը, որը համոզիչ մեծություն պարգեւեց Օրովեսոյի դերին։

«Վաշինգտոն» օպերայի անցյալ ամսվա «Ֆլեդերմաուս» պիեսի մռայլ ներկայացումից հետո «Նորմայի» նոր բեմադրությունը թարմ շունչ է ներարկում թատերաշրջանին։ Մեծապես հանձնարարելի է ինչպես նորեկներին, այնպես էլ մասնագետներին։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4