Երեկ Հայաստանի Ազգային գրադարանի ցուցասրահում բացվեց Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի 1000-ամյակին նվիրված ցուցահանդեսը, որը ներառում է շուրջ 170 միավոր գրականություն եւ լուսանկարներՙ «Նարեկի» եւ Նարեկացու մասին։
Ուշագրավ է ցուցահանդեսի հնատիպ գրականության բաժինը, որտեղ տեղ են գտել «Նարեկի» 1701-1850 թվականների հրատարակությունները։ Հնատիպ շրջանում (1512-1850) Նարեկացու «Մատյանը» հրատարակվել է 37 անգամ։ Այդ հրատարակություններից Ազգային գրադարանը միայն առաջինը չունի, մնացած 36-ը ցուցահանդեսում ներկայացված են։
Ցուցադրությունը պատրաստել է գրադարանի հատուկ, հազվագյուտ եւ արխիվային գրականության բաժինը։ Բացմանը ներկա էր ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Կարեն Արիստակեսյանը։ «Աչքի պես պարզ ու բարդ «Նարեկի» մասին ելույթ ունեցան ՀԱԳ տնօրեն Դավիթ Սարգսյանը, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի դոցենտ Գուրգեն Մանուկյանը, ամերիկացի հայագետ Պիտեր Քաուին եւ այլք։
Ավստրիայի թեմի առաջնորդ Մեսրոպ արքեպիսկոպոս Գրիգորյանը միջոցառման ընթացքում Ազգային գրադարանին նվիրեց երեք գիրքՙ երկուսը գերմաներեն, մեկըՙ հայերեն։
ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ