Տարիներ առաջ Հայաստանի ժողովրդական նկարչուհի Մարիամ Ասլամազյանն իր Երանուհի քրոջ հետ նախաձեռնեց ու Լենինականում բացեց Ասլամազյան քույրերի թանգարանը։ Այդ թանգարանին նրանք նվիրել են 660 գեղանկարչական աշխատանքներ, ինչպես նաեւ խեցեգործական աշխատանքներ։ Երանուհի Ասլամազյանը կյանքից հեռացավ 10 տարի առաջ, եւ թանգարանի ողջ հոգսն ընկավ Մարիամ Ասլամազյանի վրա։ Երկրաշարժի ժամանակ վնասվել էր նաեւ թանգարանի շենքը, որն այսօր «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվում է։ Շինարարական աշխատանքների ավարտից հետո Մարիամ Ասլամազյանը պատրաստվում է թանգարանի ցուցանմուշները հարստացնելՙ ուղարկելով իր նոր ստեղծագործությունները։
Մարիամ Արշակի Ասլամազյանը ծնվել է 1907 թ. Գյումրիում։ Նկարչության իր առաջին դասերը քրոջՙ Երանուհու հետ ստացել է հարազատ քաղաքում։ Նա այժմ ապրում եւ ստեղծագործում է Մոսկվայում։ Չնայած իր 96-ամյա տարիքինՙ նա երիտասարդական ավյունով շարունակում է իր սիրած մասնագիտությամբ զբաղվել։
Նկարչուհին հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդման համար Հնդկաստանի կառավարության կողմից արժանացել է Ջավահարլալ Ներուի անվան շքանշանին։ ՀՀ նախագահի հրամանագրով հայ արվեստի զարգացման գործում վաստակի համար Մարիամ Ասլամազյանին շնորհվել է Մովսես Խորենացու անվան շքանշան։
Ինչպես տեղեկացրեց ՌԴ Հայաստանի դեսպանատան մշակույթի բաժնի աշխատակից Գագիկ Գաբրիելյանը, հոկտեմբերի 23-ին նկարչուհուն այցելել է ՌԴ ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սմբատյանը, որն էլ ՀՀ նախագահի անունից նրան է հանձնել պարգեւը։
Շնորհակալություն հայտնելով բարձր պարգեւի համար, նկարչուհին հատուկ նշել է. «Այդ պարգեւն ամենաթանկն է, որովհետեւ դա իմ հայրենիքից է, եւ բաժակ եմ բարձրացնում իմ հայրենիքի բարգավաճման համար», նշված էր հաղորդագրության մեջ։
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ