Օրերս Հունան Ավետիսյանի անվան թիվ 74 դպրոցում անցկացված միջոցառումը նվիրված էր Հունաստանի ազգային տոնինՙ «Օխ»-ին, այսինքն «Ոչ»-ին, որը նշվում է ամեն տարի աշխարհի բոլոր հունական համայնքներում։ Միջոցառմանը ներկա էին «Արմենտել» ընկերության գործադիր տնօրեն Լումակիսը եւ Հունաստանի դեսպանատան աշխատակից Մավրոմատիսը, որոնք հանդես եկան ողջույնի խոսքովՙ նշելով, որ հայ եւ հույն ժողովուրդները ընդհանուր պատմություն ունեն եւ նրանց դարավոր բարեկամությունը շարունակվում է առ այսօր։
Կրթության նախարարության թույլտվությամբ թիվ 74 դպրոցի շուրջ 550 երեխա արդեն յոթերորդ տարին ուսումնասիրում է հունարեն լեզուն։ Դպրոցի տնօրեն Պետրոսյանի խոսքերով հունարեն լեզուն դասավանդվում է ոչ միայն որպես օտար լեզու, այլեւ սրա միջոցով հայորդիների մեջ սեր է առաջացնում առ հունական մշակույթը եւ պատմությունը։ «Ինձ թվում է, նշեց տնօրենը, հեռանկարային է այդ լեզուն, որովհետեւ այսօր Հունաստանը Եվրոպայի մեր բարեկամ երկրներից մեկն է»։ Բավական շատ ուսանողների այստեղից ուղարկում են Հունաստանՙ Աթենքի համալսարանում սովորելու։ Բացի այդ, Բրյուսովի անվան ինստիտուտում արդեն կա հունարեն բաժին։ Այնպես որ երեխաները դպրոցն ավարտելուց հետո, եթե ընտրեն այս մասնագիտությունը, ապա ինչ-որ չափով հիմք կունենան այդ առարկան ավելի խորը ուսումնասիրելու։
Հունական դեսպանատունը դպրոցին տրամադրել է աշակերտական նստարաններ, ապահովել հունարեն գրքերով եւ գրենական պիտույքներով։ Նաեւ խոստացել է դպրոցն ապահովել համակարգչային դասարանով, տրամադրել հեռուստացույց, ձայնագրիչ, տեսաձայնագրիչ, ձայներիզներՙ Հունաստանի պատմությանը, մշակույթին, երկրամասին ավելի լավ ծանոթանալու, լեզուն ավելի լավ ուսումնասիրելու նպատակով։
ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ