Արձակ դաշտերի անսահմանության մեջ փռված խաղողի այգի, որի մի եզրին դռնակ է տեղադրված, թեեւ այգին ոչ մի կողմից ցանկապատված չէ։ Այս պատկերը հարազատ է յուրաքանչյուրիս, ով երբեւէ ապրել է գյուղում։ Գյուղական կենսափիլիսոփայության պարզ իմաստությամբ այգեգործը համենայն դեպս այգի մտնելու հրավեր է հղում անցորդին։
Սպիտակ քաղաքի նորակառույց հրապարակն սկսվում եւ ամբողջանում է անմիջական հրավերի նույն տրամաբանությամբՙ բաց դարպաս, որի գլխին նաեւ խաղաղ նստած է առյուծըՙ չարից ու փորձանքից փրկելու մեծ աղետ տեսած քաղաքը։
«Ճարտարապետությունն ինքնաբավ արվեստ է, բայց քանդակի, կերպարվեստի, խճանկարի հետ նրա երկխոսությունն ավելի սրում ու ազդեցիկ է դարձնում զգացմունքային ընկալումը», ասում է նախագծի հեղինակ, ճարտարապետության ակադեմիկոս Ջիմ Թորոսյանը։ Ստեղծագործական սինթեզի այդ սկզբունքով է նախագծվել ու կառուցվել Սպիտակի հրապարակը։
Երկրաշարժից անմիջապես հետո աշխարհի տարբեր ծայրերից նախագծային ինստիտուտները Սպիտակը վերակենդանացնելու բազմաթիվ առաջարկներ արեցին, անվճար օգնության առաջարկներ։ Շվեյցարացի ճանաչված մի ճարտարապետ նույնիսկ անձամբ ներկայացավՙ արդեն պատրաստի նախագծով։ Այն ժամանակ Ջիմ Թորոսյանը զբաղված էր կասկադով ու քաղաքապետարանի շենքով (նույնպես խոշոր կառույցներ), բայց թողեց ու կլանվեց Սպիտակով։
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի օր ճարտարապետին այցելեց Սպիտակի նախկին քաղաքապետ Սուրեն Ավետիսյանըՙ տնից ու կայքից զրկված մարդկանց համար ոչ թե տանիք, այլ հրապարակ կառուցելու մտադրությամբ։ Ճարտարապետը նախ ապշեց, ապա փորձեց հրաժարվել, բայց ավերված քաղաքի քաղաքագլխին հաջողվեց համոզել նրան նույնպես պարզ ու առողջ հակափաստարկով. «Տունը մեկի համար է, հրապարակըՙ բոլորի, տառապած մարդկանց խոսք ու զրույցի, ուրախության տեղ է հարկավոր։ Բնակարան այսպես թե այնպես կառուցելու ենք»։
Թե ինչ կերպար էր ունենալու Սպիտակի հրապարակը, միանգամից դժվար էր պատկերացնել։ Ինչ բովանդակություն ընտրել եւ ինչ ձեւի մեջ պարփակել։ Իր հավատամքին անդավաճան, թե աշխարհում ամեն խնդիր լուծում ունի, պետք է միայն որոնել, ճարտարապետը ի վերջո հայտնագործեց այն. դա ողբերգություն ապրած քաղաքի հակադրումն էր տարածության կենսուրախ միջավայրին, որ ապագայից էր գալիս ու իշխելու է այնտեղ։ Հրապարակը ողբերգության վերջակետի ճարտարապետական խորհրդանիշ էր դառնալուՙ գրավիչ, կանչող կամարաշարով ու շատրվանների աղմուկով։ Եվ ճարտարապետական ձեւն ու բովանդակությունը շաղկապեց այդ հենքի վրա։ Իր հայրենիքում անուն ու համարում վաստակած Ջիմ Թորոսյանին բախտ է վիճակվել մի տարի ապրել Իտալիայում, մոտիկից առնչվել հռոմեական փառապանծ արվեստի կերտվածքներին, եւ նրա այս ստեղծագործությունը իտալական երազանքի կենդանացումն է նաեւ։ Երեւակայության մեջ մարմին առավ, իր բնորոշմամբ, «մաժոր» հրապարակի կերպարըՙ ուրախ, ժպտացող, ինչպես Վենետիկի շենքերը։ Այն ժամանակ Սպիտակը շատ էր խայտաբղետ, խառնիխուռն ու թափթփված, եւ հրապարակը նաեւ դառնալու էր «կորիզ», որի շուրջը պիտի հավաքվեր քաղաքն ու աստիճանաբար մաքրվեր ավելորդություններից։ Կառուցվեց նախկին «Գեղամեջ» կոչվող թաղամասում, որ տարեց ու երիտասարդ համամլեցիների հավաքատեղին էր։ Ճարտարապետն այլ տեղ էր ընտրելՙ նույնպես նորակառույց, շքեղ եկեղեցուն հանդիպակաց, քաղաքը եզերող ոգեղեն բլուրներին դեմ հանդիման, բայց սպիտակցիները պնդեցին ավանդական հավաքատեղու տարբերակը։ Եվ դա մի տեսակ տուրք էր ոչ հեռավոր անհոգ անցյալին։ Հրապարակի գույնը կենսալի վարդագույնն է, արեւահայաց կամարաշարն ավարտվում է 20 մ երկարությամբ ու 10 մ բարձրությամբ դեկորատիվ պատով, որի վրա արեգակի սկավառակն է, վերածննդի խորհրդանիշ փյունիկ թռչունն ու հավատքի խաչը։ Տարածությունը մշակված ու համակված է լույսի ու օդի բաց տիրապետությամբ, որոնք գլխավոր գաղափարի կրողն են։ Պատի մյուս երեսին Չարենցի տողերն ենՙ ողջույն քեզ, արեւ, ողջույն քեզ, գարուն։ Վերածնության զգացողությունը, ամփոփված արեւի, ծաղիկների ու խոսքի մեջ, աստիճանաբար լցվում է նաեւ դիտողի էության մեջ։
Սպիտակի քաղաքապետի ողբերգական մահը որոշ ժամանակ ընդհատեց աշխատանքները։ Հրապարակի գաղափարի հեղինակին ու շինարարության հիմնադրին, սակայն, չմոռացան. կամարաշարի մի հատվածում նրան նվիրված հուշապատ առանձնացվեց։ Դիմաքանդակը, որի հեղինակը Գեղարվեստի ակադեմիայի պրոֆ. Գետիկ Բաղդասարյանն է, նույնպես արվեստի ուշագրավ ստեղծագործություն է։ «Սպիտակի զավակը» կերտվել է հռոմեացի պետական գործիչների նկարագրովՙ ամուր, կամային ու համառ, ինչպես պատկերում էին անտիկ շրջանի արվեստագետները։ Հրապարակի կենտրոնում 30 մ երկարությամբ, 11մ լայնությամբ, շատրվանների տասնյակ շիթերով ջրավազանն է. շուրջը, սանդղաձեւ հարթությունների վրա, նստարաններ ու ծաղիկներ են։
Կամարաշարի հետին հատվածում բնակելի տներ ենՙ նույնպես ժամանակակից լուծումներով։ Այս հղացումը ոչ միայն համարձակ, այլեւ բավական յուրատիպ էրՙ բնակարանների բոլոր ննջարանները բացվում են գեղահայաց հրապարակի վրա։ Հորինվածքն ու քաղաքը մեկուսացած չեն իրարից. կամարաշար տաղավարները ծավալ-ծավալ բացվում են քաղաքի փողոցների առաջՙ յուրօրինակ մուտքերի դեր կատարելով։ Տաղավարների երկայնքով հասարակական սպասարկման օբյեկտներ ենՙ խանութներ, սրճարաններ, փոստ, ցուցասրահ։ Ճարտարապետական թեմատիկան հետո շարունակվում է Նարեկացու ներկայությամբ։ Հեղինակը դարձյալ Գետիկ Բաղդասարյանն է։ Հետաքրքրական է, որ կամարի թեւերին տեղադրված Նարեկացու պատվանդանը նույնպես «հենված» է օդի ու լույսի վրա, ինչն այնքան հարազատ է վերածննդի երգչի աստվածային էությանը։ Շատ շուտով նշվելու է «Մատյանի» 1000-ամյակը, եւ հոբելյանին նվիրված հանդիսությունները երեւի կսկսվեն Սպիտակի նորակառույց հրապարակից։ Ստեղծագործական ինքնամոռացությանը տրված ճարտարապետը հետո «հանդգնեց» հորինվածքը լրացնել քանդակային նոր մանրամասներով։ Նոր քանդակների համար դրամ չկար, եւ որոշեց օգտագործել ոչ ավանդական, չշրջանառվող միջոցըՙ Գեղարվեստի ակադեմիայի այդ տարվա շնորհալի շրջանավարտների լավագույն աշխատանքները։ Եվ կոմպոզիցիան լրացրին «Մեծ Մհերն» ու «Մայրություն» քանդակը։ «Մեծ Մհերը» ներկայացավ Թումանյանի նկարագրությամբ։ Ճարտարապետության, քանդակի ու բանաստեղծության միաձուլումՙ դասական մտածողության պարզությամբ ու վեհությամբ. եւ այն ամբողջ գեղեցիկը, ինչ հաջողվեց խտացնել կամարաշարի, քանդակի ու կանաչի ներդաշնակությամբ, կրկնապատկվում ու բազմապատկվում է շատրվանների ու ջրավազանի հայելային հարթությունում։
«Իմ շատ սիրած հրապարակներից մեկըՙ Ֆլորենցիայի հրապարակը, որի հեղինակը հանճարեղ Ռոմելեւսկին է, նույնպես կամարաշար տաղավարներով է, եւ գաղափարն էլ նույնն էՙ գրավել, հրապուրել դիտողին։ Ես շատ գործեր ունեմ, բայց Սպիտակն ինձ համար հատուկ նշանակություն ունի։ Անհամեստություն չհնչի, բայց Սպիտակի հրապարակը պիտի դասվի համաշխարհային ճարտարապետության բարձր արժեքների կողքին», ասում է Ջիմ Թորոսյանը։ Եվ իհարկե, ճարտարապետի համար շատ մեծ բան էր այն իրողությունը, որ նախ սպիտակցիները հավանեցին իր ստեղծագործությունը։ Այստեղ արդեն հասցրել են հանդիսություններ կազմակերպել եւ նույնիսկ լուսանկարներ են ուղարկել ճարտարապետին։ Հրապարակի բացումը կկայանա մյուս տարի, հավանաբար տարվա այն եղանակին, երբ կանաչն արթնացած ու լցրած կլինի հրապարակը։ Ծառաթփատեսակները հատուկ ընտրվել են Ստեփանավանի տնկարանից, ինքն անձամբ է գնացել այնտեղ։ Անձամբ է հետեւում նաեւ շինարարությանը։ Ծառ ու ծաղկի համայնապատկերում հաստաբուն չինարն է իշխելու, դարձյալ գյուղական միջավայրին հարազատ մնալու տրամաբանությամբ։
Միջազգային ճարտարապետության բազում հայտնի անուններ այսօր հետեւում ու հետաքրքրվում են Սպիտակի հրապարակի ճակատագրով։ Զանգահարել է Գեորգի Ստոիլովըՙ ինչպե՞ս են ընթանում Սպիտակի աշխատանքները։ Ռուսաստանի ճարտարապետական ակադեմիայի նախագահը եւ Ռուսաստանի ճարտարապետների միության նախագահը, բարձր դիրքի, բազմազբաղ անձինք, ովքեր ներկա էին Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի հանդիսություններին, նույնպես խնդրել են հրավիրել Սպիտակի հրապարակի բացմանըՙ իրենք անպայման կգան, թեկուզ իրենց հաշվին։
Հրապարակի գեղարվեստական ընդհանուր համակարգը նաեւ արվեստի միջոցով մարդկանց էությունն ու կենցաղը մաքրագործելու ու ազնվացնելու խնդիր է լուծել։ Եվ ազգային, եւ օտար ավանդական արժեքների մտերիմ փոխկապվածությանը ճարտարապետը նոր կերպարանք ու մեկնաբանություն է տվել։ Այստեղ ամեն ինչ ծայրից ծայր հայերեն է ու հայեցի, բայց ազնվական մթնոլորտի ոգին, որ ներծծվում է հրապարակ մտնողի էության մեջ, եվրոպական է։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ