«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2003-10-29 | #198, 2003-10-30 | #199, 2003-10-31


ԱՂՏՈՏՎԱԾ ՋՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾԱԾ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՍԱՎ 47-Ի. ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸՙ ԴԻԶԵՆՏԵՐԻԱ

Ինչո՞ւ է բնակչությունը ուշ տեղեկացվել

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը երեկ կեսօրին «Ազգին» տեղեկացրեց լաբորատոր հետազոտության արդյունքների մասին։ Աղտոտված ջուր օգտագործած եւ ինֆեկցիոնում հայտնված առաջին հիվանդի օրգանիզմում հայտնաբերվել են դիզենտերիայի մանրէներ։ Մեր խոսակցության պահին հիվանդանոցում արդեն 36 հիվանդ կար, 9-ըՙ 15 տարեկանից բարձր տարիքի, մնացած 27-ը ավելի ցածր տարիքի, քանի որ երեխաների դիմադրողականությունը միշտ ավելի թույլ է (ինչպես եւ ծերերինը), եւ նրանք ամենից շատ են ենթակա վարակի վտանգին։ Երեկոյան հիվանդների թիվն արդեն հասավ 47-ի։ Ամենափոքրը 9 ամսական երեխա է, ամենամեծըՙ 44 տարեկան տղամարդ։ Ծանր դեպքեր առայժմ չկան, վերակենդանացման բաժինը դատարկ է։ Հիվանդության ընթացքը բնորոշվում է թեթեւ կամ միջին ծանրությամբ։ Արա Ասոյանի համոզմամբ, պատկերը տագնապահարույց չէՙ շնորհիվ բնակչության սթափության ու զգոնության։ Հիվանդանոց դիմել են բացառապես «թարմ հիվանդներ», որոնք առաջին իսկ ախտանշանները հայտնվելուն պես ահազանգել են իրենց կամ տեղամասային բժշկին, եւ հիվանդությունը չի հասցրել բարդանալ։ Համենայն դեպս, հիվանդների թիվը սկսում է աճել, եւ, ըստ մասնագետի, կշարունակվի երեւի մինչեւ այսօրվա վերջ։ Հիվանդության գաղտնի շրջանը 2-4 օր է, եւ մինչեւ շաբաթավերջ հիվանդների հոսքը պիտի որ դադարի, քանի որ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը։

Սանիտարահակահամաճարակային ծառայությունն առաջին ահազանգերը ստացել է կիրակի երեկոյան։ Կարծում ենք, ե՛ւ համաճարակաբանների, ե՛ւ առողջապահների առաջին մղումը պիտի լիներ ռադիոյով ու հեռուստատեսությամբ այդ մասին անհապաղ տեղեկություն սփռելը։ Ավաղ, Կենտրոն համայնքի եւ Արաբկիրի բնակչությունն այդ մասին իմացավ երկուշաբթի կեսօրից հետո, կամ նույնիսկ երեկոյան, երբ արդեն հասցրել էին ջուրն օգտագործել խմելու կամ ճաշ եփելու նպատակով։ Հիշեցնենք, որ աղիքային վարակի կլինիկական ախտանշաններն ենՙ գլխացավ, սրտխառնոց, փսխում, լուծ, հնարավոր էՙ ջերմության բարձրացում։ Հիգիենիկ-հակահամաճարակային տեսչության պետի տեղակալ Մարիետա Բասիլիսյանը պատմեց, որ հիվանդների մի մասը հայտնաբերվել է բակային համայցերի ժամանակ, բայց եղել են օրինակներ, երբ շատերը չեն ցանկացել հոսպիտալացվել։ Խնդրի բարդությունն այն է, որ բնակիչների մի մասը նախընտրում է ինքնաբուժմամբ զբաղվել։ Իսկ դա նշանակում է, որ նրանք կարող են օգտագործել տվյալ հիվանդությանն անհամապատասխան դեղամիջոցներ, խախտել բուժման սխեման եւ հետագա ստացիոնար բուժումների համար բարդություններ ստեղծել։ Հնարավոր է նաեւ, որ այդպիսի դեպքերում մանրէն երկար ժամանակ մնա օրգանիզմում։

Շաբաթվա սկզբից ամեն օր հետազոտվում է նաեւ խմելու ջուրը։ Դրա որակական եւ անվտանգության ցուցանիշները շարունակում են չհամապատասխանել սանհիգիենիկ նորմատիվներին եւ պետական ստանդարտներին։ Սակայն, իբրեւ մխիթարություն տուժած համայնքի բնակիչների, Մարիետա Բասիլիսյանը նշեց, որ այն չափաբաժինները, ըստ որոնց կատարվում է ջրի գերքլորացումը, տհաճ զգացողությունից զատ որեւէ լուրջ վտանգով չեն սպառնում։ Բայց բոլոր դեպքերում ջուրը պետք է օգտագործել միայն եռացրած վիճակում, բանջարեղենն ու միրգը լվանալ դարձյալ եռացրած-հովացրած ջրով, եւ բուժօգնության դիմել առաջին ախտանշանը երեւան գալուն պես։

90-ական թթ. ի վեր ջրմուղի ոլորտի աշխատողների հավաստմամբ, նման խոշոր վթար տեղի չէր ունեցել, չնայած մշտապես վկայաբերվում է ցանցի տեխնիկական ծանր վիճակը։ Բայց ինչու բացառապես անձրեւաջրերի ներթափանցման մասին էր խոսվում, երբ վթարի օջախներն այսօր էլ լրիվ չեն հայտնաբերվել, երբ ընդամենը մի քանի օր անց ջրմուղի իրավասուները խոսում են նաեւ կոյուղատարների հնարավոր վնասվածքներից կեղտաջրերի հոսքի մասինՙ դեպի վնասված ջրատարները։ «Ակնհայտ է, որ միայն անձրեւաջրեր չեն եղել, եղել են նաեւ այլ ջրեր», ասում է «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ մամուլի պատասխանատու Մուրադ Սարգսյանը։

Վթարված հատվածների սխեման ու պատկերը դեռ չեն ամբողջացել։ Ջրատարները տեղավորված են գետնի տակ, եւ տեսական դատողությունները բավարար չեն վերջնական եզրահանգումների համար։ Եվ ջրմուղագործները շարունակում են փորելՙ վնասված նոր հատվածների հավանականությունը չբացառելով։

Դեռ պետք է պարզաբանել նաեւ, թե ինչպե՞ս, ի՞նչ պատճառով համակարգ թափանցեց այդքան մեծ քանակով կեղտաջուր։ Դեռ պետք է հայտնաբերել կեղտաջրերի ելքի օջախը, որտեղից գուցե այսօր էլ շարունակվում է խմելու ջրի աղտոտումը։ Ուժեղ անձրեւներ ու հեղեղներ էլի են եղել, բայց նման բան չի արձանագրվել։

Մյուս ոչ լավատեսական ենթադրությունն էլ այն է, որ տարիներ չփոխված ու չնորոգված խողովակներն իսկապես հասել են գոյության սահմանագծին, եւ մենք ամեն պահ սպասելու ենք նման արտակարգ պատահարների։ Երեւանում ջրատարների 30 տոկոսն արդեն սպառել է իր ժամկետները, եւս 30 տոկոսըՙ 20-30 տարի շահագործվում է։ Այսինքնՙ 10 տարի անց դրանց ժամն էլ է հնչելու։ Ջրային տնտեսության իրավասուներն անընդհատ հիշեցնում են, որ համակարգը խիստ թանկ ու ծախսատար է, եւ ջրի սակագնի թանկացումը պատճառաբանվում է այդ հանգամանքով։ Արդյոք հնարավոր նոր թանկացումը կարո՞ղ է փրկել նման փորձանքներից։ Ո՛չ, պարզվում էՙ ոչ, որպեսզի համակարգն իսկապես առողջանա, սարսափելի մեծ թվերի անհրաժեշտության մասին է խոսվում, 300-400 մլն դոլար է պետք։ Բայց գումարի բացակայությունը, քանի դեռ չի գտնվել խնդրի լուծման իրական միջոցը, չի նշանակում, թե չպետք է ձեռնարկել նաեւ նվազագույնը։ Արդեն 3-4 տարի սկսվել եւ դեռ ավարտին չեն հասել գոնե ջրատարների քարտեզագրման, գույքագրման աշխատանքները։ Խողովակաշարերի ընդհանուր երկարությունը 2000 կմ է, եւ նման լայնամասշտաբ հետազոտությունն իրականացվում է սուղ թվով աշխատողների խմբով։ Պարզ է, որ աշխատանքը կրիայի քայլերով պիտի ընթանա։ Ավելացնենք նաեւ այն փաստը, որ Երեւանի շատ հատվածներ ընդհանրապես ժամանակին չեն էլ քարտեզագրվել, կառուցվելով, այսպես ասածՙ ժամանակավոր սխեմաներով, եւ ցանցի մեջ են մտել ընթացքից։ Ստացվում է, որ «Էյ յութիլիթին», որ ջրմուղի կառավարման օպերատորն է, իրականում գլուխ չի հանում համակարգը կառավարելի դարձնելու բարդ խնդրից, եւ անկառավարելի իրավիճակում նման դեպքեր միշտ էլ կանխատեսելի են։ Ստացվում է նաեւ, որ ջրի սակագների բարձրացումը հարկավոր է ընդամենը պարբերական վթարները չեզոքացնելու, այսինքնՙ օրհասը երկարաձգելու համար։ Ողջ համակարգն է այսօր խոցելի վիճակում։ Եվ լավ է, որ գոնե ամառն անցել է։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4