«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2003-10-29 | #198, 2003-10-30 | #199, 2003-10-31


ՊԱՏՄՈՒՄ Է ԿԱԹՈՂԻԿԵ ՍԲ. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻՆ...

«Փոքրի՛կ աղջիկ, տե՛ս, մայրիկդ աղոթում է, դու չե՞ս ուզում։ Հասկացա, քեզ իմ զգեստներն են հետաքրքրում։ Գեղեցի՞կ են։ Տե՛ս, վարագույրներս նոր են։ Ա՜խ, եթե պատմեմ, թե առաջ ինչպիսի տեսք եմ ունեցել։ Չէ՛, շատ վաղուց չէ, ասենքՙ 15 տարի առաջ։ Քանի՞ տարեկան ես, յո՞թ, ո՞ւթ, ուրեմն այն ժամանակ դու դեռ ծնված չէիր։ Այսօր ես գեղեցկացել եմ։ Մի երկու քանդակ, որ շատ հին են, հիմա կրկին տեղում են։ Այս զանգը տեսնո՞ւմ ես, գիտե՞ս որքան ժամանակ չէին հնչեցնում։ Վախենում էին։ Ես ձայն չէի հանում, լուռ թաքնված էի այս շենքերի արանքում։ Եթե իմ տեղն իմանային, լավ չէր լինի։

Ես Երեւանում պահպանված ամենահին եկեղեցին եմՙ 12-13-րդ դար. այդ ժամանակներից պահպանված ոչ մի շենք չունենք։ Ժամանակին ուրիշ եմ եղել։ Ինչ արած, պատմություն է, իսկ հիմա կարող եմ ազատ շունչ քաշել։ Որոշել էի ոչինչ չպատմել իմ անցյալից, բայց լավ, մի երկու խոսքով կասեմ. այստեղ ժամանակին Մովսես Տաթեւացին է ապրել, գործել, այստեղ են պահվել բազմաթիվ ձեռագրեր, Երեւանում խմելու ջուրն առաջինը այս բակում է եղել, մի շրջան էլ կաթողիկոսարան է եղել։ Հիմա էլ նման մի բան են նախագծում, պատկերացնո՞ւմ եսՙ կվերականգնեմ վաղեմի պատմությունս։ Սա կաթողիկոսի երեւանյան նստավայրը կլինի։

1930-ականներին, երբ քաղաքի բոլոր եկեղեցիները քանդում, շենքեր էին կառուցում, իմ կյանքը մի ճարտարապետ փրկեց, ինձ այնպես թաքցրեց, որ ոչ ոք իմ տեղը չիմանա։ Մեկ տասնամյակից ավել էՙ քանդվելու վտանգ չունեմ։ 60 տարի սպասել եմ, որ մի օր գլուխս բարձր կանգնեմ բոլորիդ առջեւ։

Հա, պատմությունս չվերջացրի։ Ասում էիՙ ինձ թաքցրեցին։ Շենքը, որ սարքվեց, դպրոց էր, հետոՙ մինչեւ 1943-ը որպես հոսպիտալ աշխատեց։ Վերջում եղավ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջին շենքը։ Այսպիսովՙ գիտությունն ու եկեղեցին միմյանց օգնեցին։

Մի պահ դուրս արի եկեղեցուց, արի, կշարունակեմ։ Տեսա՞ր, շենքը կտրատված է։ Ճարտարապետն է այդպես արել, որ ես ոչ մի կողմից չնկատվեմ։ Շենքի շինարարությունից հետո կարճ ժամանակ անցավ, ու ճարտարապետին աքսորեցին։ Վատ էի զգում։ Նա իր կյանքով իմ կյանքը փրկեց։

Դպրոցում քեզ պատմե՞լ են, որ մեր ժողովրդի ծանր պահերին մեր լեզուն ու կրոնն է պահել։ Հավանաբար գիտես, լսել ես։ Բայց այսօր շատ եմ տխրում, մենքՙ ես ու ակադեմիան խնդիր ունենք։ Պիտի քանդեն մի շենք, ուր տարիներ շարունակ հայ գիտնականներ են աշխատել։ Ճիշտն ասածՙ այսօր իրենք մի շատ ավելի մեծ ու գեղեցիկ շենք ունեն, ուր կարող են աշխատել։

Ասում ենՙ իմ հետեւի բակերից ինձ առանձնացնելու համար վեհարանի շենքը այդ մասում են կառուցելու։ Պատկերացնո՞ւմ եսՙ իմ առջեւ բաց տարածություն կլինի, բոլորը ինձ կտեսնեն։ Գիտեսՙ էլ չեմ մրսի։ Հիմա մի քիչ ցուրտ է, տեսնո՞ւմ ես, բայց ձմեռները ահավոր է լինում։ Չորս կողմից փակ եմ, վրաս արեւ չի ընկնում, ամիսներով խոնավության մեջ եմ մնում։

Երեկ լեզվի ինստիտուտի աշխատողները հավաքվել, բողոքում էին։ Նրանք չէին դժգոհում իրենց առաջարկված շենքից, ուր պետք է տեղափոխվեն աշխատանքները սկսելուն պես, նրանք բողոքում էին, որ այս շենքը պիտի քանդեն։ Նրանցից մեկը նույնիսկ առաջարկում էր շենքի մեջտեղից կամար շինել, մուտք բացել դեպի եկեղեցի, մյուս երկու կողմերը պահել իբրեւ թանգարան։

Վատ եմ զգում, որ այսօր ես եւ հայ լեզվաբանները իրար հակառակ ենք։ Հասկանում եմ, իրենց համար այս շենքը թանկ է, պատմություն, բայց երբ ինձ մոտ խոսում են շենքի առաջին հարկի վարձակալված տարածքների մասին, մեջս կասկած է ընկնում։ Չգիտեմՙ հնարավո՞ր է, թե՞ ոչ։ Հետագայում ո՞վ է տիրանալու ամբողջ շենքին։ Ո՞ր հաստավիզը։

Ախր սա դարերի կառույց է, հնություն»։

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4